Մատչելիության հղումներ

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ն. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007 թվականի փետրվարից 2010 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը, առերևույթ դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից, ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը հայտնում է. «2008թ. նոյեմբերի սկզբին, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս և այլ աշխատակիցների մասնակցությամբ Ն. Ս.-ն՝ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ: Վերջինիս կողմից դեպքին իր առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո, մինչև հաջորդ օրը՝ լուսաբաց, շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով առերևույթ դիտավորությամբ կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով և մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»:

Ըստ հաղորդագրության, Ն. Ս.-ի կողմից առերևույթ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով էական վնաս է պատճառվել Ա. Մ.-ի իրավունքներին և օրինական շահերին. ենթարկվելով բռնության՝ վերջինս արժանացել է անմարդկային և նվաստացնող, դաժան վերաբերմունքի:

Նախաքննությունը շարունակվում է: Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար, նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերին համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։ Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։

Խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Տեսանյութի հրապարակումից մեկ օր անց ծառայողական քննության շրջանակում ժամանակավորապես դադարեցվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ աղմկահարույց տեսանյութը արվել է շուրջ 10 տարի առաջ:

XS
SM
MD
LG