«Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ աղմկահարույց տեսանյութի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում, իսկ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում:
Ոստիկանությունից այլ մանրամասներ չեն ներկայացնում, մասնավորապես, թե երբ է տեսագրվել տեսանյութը։
News Media անվամբ յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութից պարզ չէ, թե ովքեր են բռնություն իրականացնողներն, ու ով է տուժողը։ Սակայն երևում է՝ չորս քաղաքացի ծեծում են մի անձնավորության, հայհոյում, ապա գետնին են գցում նրան ու կապում ոտքերը, որից հետո էլ մահակով ոտնաթաթերին են հարվածում չնայած խնդրանքերին։ Այդ ընթացքում ոստիկանության ենթադրյալ ծառայողները նաև հակագազ են հագցնում տեսանյութում երևացող անձնավորությանը։
Թեև դեռ պարզ չէ՝ արդյոք տեսանյութում երևացող անձինք ոստիկանության ծառայողներ են, թե ոչ, սակայն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ իրենց համար նման դեպքերն արդեն նորություն չեն, գործունեության ընթացքում իրավապահ համակարգի աշխատակիցների կողմից խոշտանգումների բազմաթիվ դեպքերի մասին են լսել ու փորձել օգնել տուժողներին։
«Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ վկաներից կորզվել են վկայություններ այս տարբերակով, երբ մարդկանց խոշտանգել են մեղքն ընդունելու համար, բայց որևէ կերպ սա ապացուցել հնարավոր չի եղել, որովհետև հաստատությունները, հիմնականում դա կատարվում է քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանություններում, բանակում, և փակ համակարգում ընդունված է մեկը մյուսի դեմ ցուցմունք չտալ», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։
ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանն էլ նկատեց, որ հաճախ են դեպքերը, երբ միակ վկաները հնարավոր, ենթադրյալ խոշտանգում կատարող անձինք են, և այս դեպքում նրանց ցուցմունքները հակակշռվելու են ընդամենը անձի տված ցուցմունքներին. - «Եվ այստեղ օբյեկտիվ ապացույցը լինելու է դատաբժշկական փորձաքննության, դատահոգեբանական, հոգեբուժական արդյունքները, որոնք հաճախ չեն կատարվում ժամանակին, ինչն էլ հանգեցնում է ապացույցների կորստի և հետագայում խոշտանգումների դեպքերը բացահայտելու անհնարինության», - ասաց նա։
Մարդու իրավունքերի գրասենյակից հայտնում են, որ խոշտանգման հանցակազմով դեռ ոչ մի պաշտոնյա չի դատապարտվել։ Ըստ Գոհար Սիմոնյանի, պատկերը ոգևորիչ չէ. - «Օրինակ՝ 2015 թվականից ունենք խոշտանգման հանցակազմը մեր քրեական օրենսգրքում, 309.1 հոդվածն է, 2015 թվականի ամռանից ի վեր մինչև 2019-ի սկիզբ մենք ունենք 113 հարուցված քրեական գործ, որոնցից 74.3 տոկոսը կարճվել են», - ասաց նա։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ իր հերթին հավելեց. - «Խոշտանգում հոդվածով լավագույն տարբերակով ինչ կարող էր լինել, գործը պարզապես կոծկվում էր, վատագույն տարբերակում սուտ մատնության համար մարդիկ քրեական պատասխանատվության կարող էին ենթարկվել»։
ՄԻՊ-ից տեղեկացնում են՝ իրենց ունեցած տվյալների համաձայն, 2018 թվականին խոշտանգման 2 քրեական գործ է դատարանում քննվել, իսկ 2019-ին՝ 4 գործ, չնայածի իրենք նման բազմաթիվ ահազանգեր ու դիմումներ են ստացել քաղաքացիներից։
Տեսանյութում առկա են բռնության կադրեր.