Մատչելիության հղումներ

Մարալիկի ծննդատունը չփակվելու համար դրամահավաք է կազմակերպվել


Մարալիկի ծննդանտունը մինչև փետրվարի 15-ը ժամանակ ունի՝ Առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին համապատասխանելու համար:

Ըստ այդ չափորոշիչների՝ տարեկան ծնունդների թիվը չպետք է պակաս լինի 150-ից, ծննդատունը պետք է անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագետներով ապահովված լինի, ինչը Մարալիկի պարագայում բացակայում էր, որն էլ տարեսկզբից պետական ֆինանսավորումը դադարեցնելու պատճառ էր դարձել։

Ծննդատունը տեղափոխվել է դեռ հինգ տարի առաջ վերանորոգված բաժանմունք, որի դռները, սակայն, փակ էին սարքավորումների բացակայության պատճառով։ Հիմա թեև ջեռուցում չունեն, բայց բողոքի ակցիաներից հետո առաջնային անհրաժեշտության բժշկական սարքավորումներ են նվեր ստացել։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանն էլ ասում է՝ մասնագետների հետ պայմանագրեր են կնքվել:

«Նախարարության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել մինչև փետրվարի 15-ը 18 թվի հուլիսին սահմանված չափանիշներին բաժանմունքը համապատասխանեցնելու մասով։ Հիմա այդ գործընթացն ընթացքի մեջ է, չափանիշների համապատասխանեցման մենք պայմանագրեր ունենք քաղիրավական կնքված վիրահատող, մանկաբարձ-գինեկոլոգի, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հետ, հիմա բանակցում ենք նեոնատոլոգների հետ, և վստահ եմ, որ այդ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն։ Մենք կունենանք նաև շուրջօրյա հերթապահող նեոնատոլոգ։ Այս պահին այնտեղ գործեր են ընթանում, ամերիկաբնակ բարերարի ֆինանսական միջոցներով մոնտաժվում է կենտրոնացված թթվածնային համակարգ, որը շատ անհրաժեշտ է այդ բաժանմունքին, և՛ վիրահատական, և՛ հետվիրահատական սենյակներին։ Բացի այդ, ամերիկաբնակ բարերարը նաև գնել է մոնիտոր, մեկ մոնիտոր էլ նվեր ենք ստացել պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի կապերով», - ասաց Ասլանյանը։

Մասնագիտական հանձնաժողովը առաջիկայում կայցելի Մարալիկի ծննդատուն, որից հետո հնարավոր է և՛ կարգ շնորհվի, և՛ ֆինանսավորվի:

«Պայմանավորվածությունը հենց էդպես է մեր, որ պատրաստ լինելուց հետո, մենք գրությունով կդիմենք, և այդ հանձնաժողովը նորից կգա մոնիտորինգի և կտա իր եզրակացությունը։ Կդիմենք նախարարություն՝ մակարդակ տրամադրելու հարցով, որից հետո նաև կքննարկվի մեր պատվերի հայտը բավարարելու հարցը», - նշեց Լեյլա Ասլանյանը։

Մինչև փետրվարի 9-ը նաև մարալիկցիներն են դրամահավաք հայտարարել, որ գումարով անհրաժեշտ տեխնիկան, սարքավորումները ձեռք բերեն: Հաշվին 800 հազարից ավելի գումար կա:

Մարալիկի ծննդատան փակվելու դեմ բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Մարալիկցիները հայտարարեցին՝ թույլ չեն տա, որ բուժհաստատությունը փակվի:

Ակցիաների մասնակիցներից Դավիթ Մելիքյանը հիմա առավել քան վստահ է, որ ծննդատունը շարունակելու է գործել. «Բնականաբար չի փակվելու ծննդատունը, քանի որ սպասարկում է ծննդատունը 17 բնակավայրի։ Մենք գնացել ենք, Առողջապահության նախարարության հետ եղել է քննարկումներ, մենք նույնպես, էնպես չի, որ մենք ուզեցել ենք՝ էս ծննդատունն ինչ վիճակում եղել է, էդ վիճակում մնա և շարունակի աշխատելը։ Քննարկումների ընթացքում հասկացել ենք, որ անհրաժեշտ են, այսինքն՝ ապահովության համար անհրաժեշտ են էս, էս, էս պարագաները, սարքավորումները։ Հիմա տեղափոխվել ենք նոր բաժանմունք արդեն, որտեղ ավելի բարվոք վիճակ է, և այն սարքավորումները, որոնք պարտադիր պետք է լինեին ծննդատանը, դրամահավաքը հենց հիմնականում այդ նպատակով էր։ Այդ սարքավորումներով համալրելու ենք հիմա։ Ծննդատունն աշխատելու է ըստ Առողջապահության [նախարարության] նշած ստանդարտների»։

Բուժաշխատողներն էլ ցույց տվեցին նոր սարքավորումները, որոնք արդեն տեղադրվել են։

«Տեղափոխվել ենք, արդեն այս մասնաշենքում ենք, ամբողջովին վերանորոգված։ Ունենք թթվածնային համակարգ և՛ մայրական ինտենսիվ պալատում, և՛ նորածնային ինտենսիվ պալատում։ Մոտ մեկ ամիս տեղափոխվել ենք արդեն և շուտով կգործենք ոնց որ հարկն է, ինչպես նախարարությունն է պարտադրում, որ ունենանք բոլոր չափորոշիչները, համապատասխանի և՛ առաջին կարգին, և՛ ունենանք համապատասխան մասնագետներ ու արդեն աշխատենք ոնց որ հարկն է», - ասաց աշխատողներից մեկը։

XS
SM
MD
LG