Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել Առաքել Մովսիսյանի որդուն


ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը, արխիվ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին:

Նա մեղադրվում է զինծառայողների միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մովսիսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նախկին պատգամավորի որդու փաստաբան Գոռ Գևորգյանի պնդմամբ՝ մինչդեռ մեղադրանքի որոշումը որևէ հանցակազմ չի պարունակում. - «Որևէ աղերս չունի առաջադրված մեղադրանքի հետ»:

Մովսիսյանը և երկու այլ զինծառայողներ ձերբակալվել էին հունվարի 30-ին Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկում ողբերգական միջադեպի հետևանքով 20-ամյա զինվոր Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Այս զորամասում տիրող բարքերի մասին «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ լայնածավալ հրապարակմամբ է հանդես եկել ​Auroranews-ը: Դատախազությունն այն ստուգելու նպատակով ուղարկել է քննչական մարմին:

Ըստ Auroranews-ի հրապարակման՝ այս զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Հակահետախուզության գլխավոր վարչության պետ Եսայի Մկրտչյանի, Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի, ԱԱԾ մեկ այլ պաշտոնյա Կարեն Սահակյանի որդիները։

Լրատվամիջոցի անանուն զրուցակիցը պատմել է, թե այնտեղ, այսպես ասած, «կլան» է ձևավորվել, որը ճնշում է գործադրում մյուս զինվորների նկատմամբ, խմբի «առաջնորդն» Արայիկ Սարգսյանն է, նրանք դրամահավաքությամբ են զբաղվում, «Արայիկն ամեն ամիս գումար ստանալու օրը զինվորներին հավաքում է ու «լոլո» կարդում, գումարը պահանջում», զինվորներն էլ, ըստ այդ աղբյուրի, ավելորդ խնդիրներից խուսափելու համար իրենց հասանելիք գումարները նրանց են տալիս:

Ինչ վերաբերում է Վահրամ Ավագյանի մահվանը, Auroranews-ի զրուցակիցը մանրամասնել է․ - «Չգիտեմ՝ կատարվածն ինքնասպանություն է, թե սպանություն, բայց կոնկրետ մեղավորն Արայիկն է, ինքն է սաղի «գլխին»։ Աֆիցերները բան չեն անում, լրիվ բեսպրիդել է տիրում այդ զորամասում, վախենում են ինչ-որ բան անել»։

Հրապարակմանն անդրադարձել է նաև ԼՂ պաշտպանության բանակը: «Զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և վերջինիս զինադադարը պարտադրելու գործում: Ընդգծում ենք նաև, որ տվյալ զորամասը մարտական պատրաստվածությամբ ու պատրաստակամությամբ զբաղվելով հանդերձ կրում է նաև մարտական հերթապահություն:

Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյաների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով, և որը պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից:

Զորամասում տեղ գտած արտակարգ դեպքերի մասով տեղեկացնում ենք, որ դրանց հետ կապված գործընթացները իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի կողմից ստեղծված հանձնաժողովների, այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան», - ասված է հայտարարությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել Auroranews-ի հրապարակումը:
Վահրամ Ավագյանն առաջին զինվորը չէ, որը մահացել է այս զորամասում, 10 տարի առաջ այստեղ կյանքից հեռացել է Վալերի Մուրադյանը, իրավապահ մարմինների վարկածով՝ ինքնասպանություն գործելով: Նրա մայրը՝ Նանա Մուրադյանն արդեն տասը տարի է՝ արդարություն է պահանջում՝ պնդելով, որ իր զավակն ինքնասպան չի եղել, նրան սպանել են:

«Միշտ ինքն ասում էր՝ մամա, կմնամ, կծառայեմ, կմնամ, կծառայեմ: 4-5 օր առաջ ասաց՝ մամա, էսի բանակ չի, էսի բարդակ ա: Ես այդտեղ ասացի՝ Վալեր ջան, ինչի՞ ես տենց ասում, հո բան չի՞ եղել, ասաց՝ մամա, տղերքը սալյարկա էին գողանում, ես որ տեսա, ասեցին՝ ձեն չհանես, Վալեր, քեզ էլ փող կտանք մի 3000 դրամ: Ասում ա՝ բայց ես ասեցի՝ ինձ պետք չի», - պատմեց մայրը:

Մուրադյանը մահացել է այս զրույցից մի քանի օր հետո, տղան ընդամենը 3 ամիս է այդտեղ ծառայել, ուստի մայրն այդ զորամասի մասին շատ բան չգիտի, բայց ասում է՝ այն ժամանակ էլ էին այն «էլիտար» անվանում, որդուն էլ հարցրել են՝ փո՞ղ ես տվել, որ էստեղ ես ծառայում:

XS
SM
MD
LG