Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան փաստով հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը։ Կատարվում է նախաքննություն։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է կատարել Քննչական կոմիտե մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
«2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը», - գրել է Հարությունյանը: