Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին առերևույթ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստով հարուցվել են քրգործեր


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ

Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին առերևույթ մի շարք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստով հարուցվել են քրեական գործեր:

Գործերից մեկը վերաբերում է Գյումրու կենտրոնական զբոսայգուն, որի հետ կապված դատախազություն հաղորդագրություն է ներկայացրել «Թումոյի» ղեկավար կազմը: Այգին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 99 տարի ժամկետով օտարել է «Ամբերդ» ՍՊԸ-ին, որը պատկանում է նրա եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին:

Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերքում է՝ իրենց ձեռքի տակ այգին «Ամբերդ» ՍՊԸ-ին օտարելու մասին փաստաթուղթ չկա, և այգին հիմա հանձնվել է «Թումոյին», որի նոր շենքը կառուցվում է այգուն հարակից տարածքում: «Թումոն» պատրաստվում է այգում ներդրում անել, սակայն պարզվել է, որ այգու տարածքից օտարված տարածքներ, նաև կառույցներ կան, և դիմել են դատախազություն:

Նշենք, որ այգու կենտրոնական հատվածում նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող «Օազիս» ռեստորանն է, որն այս պահին փակ է: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից այսօրվա հրավիրած ասուլիսում «Ազատությունը» հետաքրքրվեց, թե հարուցված քրեական գործերն ինչ փուլում են:

«Մենք իրականում պարզել ենք, որ այնտեղ կան շինություններ, որոնք ժամանակին նշված քաղաքապետի կողմից օտարվել են տարբեր անձանց: նաև պարզել ենք, որ այդ շինությունները գտնվել Կումայրի արգելոցում: Եվ դրա հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար մենք նշանակել ենք համալիր դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություն, որպեսզի պարզենք, թե արդյոք նրանք իրավասու էին այդ շինություններն օտարել, թե ոչ, և արդյոք օտարված շինությունների գինը համապատասխանում է տվյալ տարում գործող շուկայական արժեքին: Խոսքը նաև «Օազիս» սրճարանի մասին է, նաև նշված այգում գտնվող այլ կառույցների մասին է», - տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը:

Քրեական գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվել է նախկին քաղաքապետը, Շիրակի մարզի դատախազն ասաց. - «Ինչքան տեղյակ եմ՝ ոչ, բայց մենք նախաձեռնելու ենք հարցաքննության հրավիրելու համար»:

Այգու տարածքում շրջելիս էլ տեսանելի են, որ կան կիսակառույց շինություններ: Անցած տարեվերջին էլ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն տարածեց, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք 2006-2011 թթ. ընթացքում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերում ընդհանուր օգտագործման, Գյումրի քաղաքի մի շարք հասցեների հողամասեր: Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիների հետ կապված սա միակ դրվագը չէ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Գյումրիի քաղաքապետարանում մի շարք շինությունների օտարման վերաբերյալ փաստաթղթերը, պարզվում է, չեն պահպանվել: Հիմա դատախազությունն ուսումնասիրում է շենք-շինությունների օտարման օրինականությունը:

«Մոտ օրերս արդեն իսկ մենք դրանով կսկսենք նյութեր նախապատրաստել, որի արդեն իսկ ձեռք բերված բավարար տվյալները վկայում են նրա մասին, որ արդեն իսկ նաև կհարուցվի քրեական գործ», - հավելեց Կարեն Գաբրիելյանը:

«Հոկտեմբեր» կինոթատրոն, «Տրոլեյբուսային» պարկ և Մայիսյանի կաթսայատուն, ի դեպ վերջին կառույցը, որը երկրաշարժից հետո ապահովում էր նորակառույց Անի թաղամասի ջեռուցումը, խորհրդային Հայաստանի հզոր կաթսայատներից մեկն էր համարվում: Այն 2009 թվականին գնահատվել է 210 մլն դրամ և օտարվել 225 մլն դրամով: Աճուդի միակ մասնակիցը ԱԺ-ի նախկին Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող շաքարի գործարանն է եղել, և հենց վերջինս էլ այն գնել է: Դատախազությունը հիմա ուսումնասիրում է կաթսայատան օտարման գործընթացը:

«Եթե մենք կֆիքսենք, որ օտարվել է շուկայական արժեքից ցածր, կտրվի գնահատական», - վստահեցրեց մարզի դատախազը:

Աղմկահարույց մյուս գործը վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Գյումրիում իրականացված բնակարանաշինական ծրագրին: Կառուցապատող միակ ընկերությունը «Գլենդել Հիլզն» էր, որի անունը կապվում է երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ: Բնակարանաշինական այս ծրագրում տեղ գտած թալանի մասին բարձրաձայնեց մարզի նախկին քաղաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանը, ով խոսում էր 20 մլրդ դրամ չարաշահման մասին: Դատախազությունն արդեն իսկ այս փաստով հարուցել է քրեական գործ:

«Խոսքը վերաբերում է 200 միլիոնից ավել չարաշահումների մասին, այդ քրեական գործը դարձյալ գտնվում է նախաքննության փուլում: Անհրաժեշտության դեպքում բոլորը հարցաքննվելու են, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի եղբայրը: Քննության ընթացքում եթե կպարզվի, որ որևիցե մեկը թույլ է տվել չարաշահումներ, կառաջադրվի մեղադրանք, կապ չունի, թե ում եղբայրն է», - նշեց Գաբրիելյանը:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ միայն Շիրակի մարզում պետությանը պատճառվել է ավելի քան 300 մլն դրամի վնաս, որից մոտ 199 մլն դրամը վերականգնվել է:


XS
SM
MD
LG