Մատչելիության հղումներ

Քաղաքագետն ԱԳ նախարարների հանդիպման երկարատևությունը «բովանդակալից քննարկման առկայությամբ» է պայմանավորում


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյան, արխիվ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյան, արխիվ

Ժնևում երեկ ուշ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի շուրջ 7 ժամ տևած հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Հանդիպումից Հայաստանի արտգործնախարարությունը դեռ մանրամասներ չի հայտնել, կառույցի խոսնակը միայն նշել է, թե հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի:

Հանդիպման մասին «Ազատության» հետ զրույցում իր տեսակետն է ներկայացրել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Ստեփան Գրիգորյան. - Այն փաստը, որ այդքան երկար խոսում էին, ու այդ դեպքում նույնիսկ կարևոր չէ՝ վերսկսվեցին բանակցություններ, թե կարծիքի փոխանակում լայն ասպետկներով, քանի որ երկար էին, խոսում է նրա մասին, որ ավելի բովանդակալից էին քննարկումները: Այո, այս ձևի հանդիպում պետք է, պետք չէ վախենալ, հակառակը՝ պետք է գնալ, դա շանս է տալիս, որ լարվածությունը չմեծանա կամ մնա այն մակարդակին, որը կա, բայց անպայման, որ չշահարկվի այն փաստը, որ բավական երկար քննարկում էին հարցերը ու չուղղվի Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության դեմ, անպայման մեր Արտգործնախարարությունը պետք է հանդիպումի ավարտից հետո հայտարարությամբ հանդես գա:

«Ազատություն». - Նախորդ հանդիպումը Բրատիսլավայում էր դեկտեմբերին, և դրանից առաջ Ադրբեջանը ներկայացավ առաջարկների փաթեթով, հանդիպումից հետո Մամեդյարովը խոսեց «Լավրովի պլանի» առկայության մասին, անգամ ասաց, որ եթե նույնիսկ պատերազմ լինի, «այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս երկարատև հանդիպումը Ժնևում նույնպես կարող է բավականին ուշագրավ հետևանքներ ունենալ:

Ստեփան Գրիգորյան. - Այո, կարող է իրեն բավարար չլինել, նորից կոշտ հայտարարություններ անի, բացի դրանից պետք չի մոռանալ՝ Բրատիսլավայում մոտավորապես 4 ժամ տևեց այդ հանդիպումը: Դա էլ բավականին երկար էր, ուրեմն բովանդակալից մաս այնտեղ կա, ինչ-որ բաներից ադրբեջանցիք դժգոհ էին: Ես կարծում եմ՝ ադրբեջանցիք Բրատիսլավայում դժգոհ էին նրանից, որ, ես կասեի այսպես, իրենք չկարողացան վերսկսել բանակցային պրոցեսը, մերոնք տանում են շատ ճիշտ քաղաքականություն անընդհատ խուսափում են ընդունել այն փաստը, որ վերսկսվեցին բանակցությունները, քանի որ ին՞չ է նշանակում՝ վերսկսեցին բանակցությունները, ուրեմն դուք Մադրիդյան սկզբունքների շուրջ սկսեցիք ինչ-որ բովանդակալից քննարկում: Մերոնք խուսափում են ու ճիշտ են անում, քանի որ առաջ են դնում վստահության մթնոլորտի ստեղծումը: Ես չեմ բացառում, որ ինչքան էլ երկար չխոսեցին, մերոնք հետ չկանգնեցին այդ գծից, որ վստահության մթնոլորտի ստեղծում, կայունացում իրավիճակի շփման գծում, նոր մենք կանցնենք բանակցությունների: Չի բացառվում՝ եթե իրենք չկարողացան փոխել Հայաստանի դիրքորոշումը, կոշտ հայտարարություններ կանեն, բայց մենք դրան սովոր ենք: Կարծում եմ, որ նույնիսկ այդպես համբերատար, երկար բանակցությունները կամ քննարկումներն ավելի ճիշտ են, քան թե նորից լարվածությունը մեծանա: Ադրբեջանը շտապում է, Ադրբեջանը դեմ է ստատուս քվոյի պահպանմանը: Հիմա եթե դու մերժես ի սկզբանե, չգնաս հանդիպումների, պարզ է՝ կսկսեն կրակել, դա ոչ մեկի պետք չի, Աստված ոչ անի՝ սխալ անեն, հակահարված կստանան, ու պատերազմը կավարտվի իրենց տարածքում:

XS
SM
MD
LG