Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ առանձին հանդիպում է ունեցել ղարաբաղյան միջնորդների հետ։ Հանդիպումներից առայժմ մանրամասներ չեն հաղորդում։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակին», - նշել է Նաղդալյանը։
Հայաստանցի վերլուծաբանները բովանդակային առումով մեծ ակնկալիքներ չունեն Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ հայկական կողմի համար խնդիրը Մադրիդյան սկզբունքների նախկին կիրառման տրամադրությունից դուրս գալն է։ Բադալյանը հիշեց վարչապետի վերջին ասուլիսը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր նախկին իշխանությունից ժառանգություն ստացած գործընթացը, որը, ըստ նրա, փոխելու խնդիր կա։
«Իմ գնահատմամբ ներկայումս բանակցային մթնոլորտում կամ հանդիպումների իրավիճակի այս մթնոլորտում թելադրող և նախաձեռնող դիրքն անցնում է Հայաստանին, էդ պաշտպանվող ռեժիմից անցնում է ավելի շատ նախաձեռնող և իրավիճակ ստեղծող ռեժիմին։ Այս տեսանկյունից Ադրբեջանում էլ էդ ներքին փոփոխությունները և ներքին մրցակցությունը էապես պայմանավորված են նաև Հայաստանի քաղաքականությամբ, որովհետև Բաքուն մեծ հաշվով կանգնում է հետևյալ երկընտրանքի առաջ՝ կա՛մ սկսել պատերազմ, կա՛մ մտածել որևէ կերպ դեմքը փրկելով առանց նախապայմանի խաղաղության շուրջ խոսելու մասին։ Որովհետև պատերազմը սկսելը Ադրբեջանի համար չափազանց բարդ է և չափազանց ռիսկային», - նշեց Բադալյանը։
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախորդ անգամ հանդիպել էին Բրատիսլավայում՝ անցած տարի դեկտեմբերին: Հանդիպումից առաջ Ադրբեջանը ներկայացավ առաջարկների փաթեթով, իսկ հանդիպումից հետո ադրբեջանցի արտգործնախարար Մամեդյարովը խոսեց «Լավրովի պլանի» առկայության մասին:
Մամեդյարովը ասել էր, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և այնուամենայնիվ, նրա խոսքով, բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները», - հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը հիշեցնում է համանախագահների կոչը՝ նախապայմաններ չներկայացնելու վերաբերյալ և նկատում՝ դրանից հետո չի եղել Ադրբեջանի արձագանքը։ «Ազատության» դիտարկմանն՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակը փակուղի չէ, և արդյո՞ք սա կարող է անհանգիստ իրավիճակ ստեղծել սահմանին, Սարգսյանն արձագանքեց՝ բանակցությունները պատերազմի հետ որևէ կապ չունեն։
«Չեմ ասում, որ բանակցային պրոցեսն օգտագործելով՝ եղել են Ադրբեջանի էսպես կոչված ռազմական դիվանագիտությունը. բոլորս գիտեինք, որ գնացին բանակցությանը, որ զինվորներ են խփելու մինչև գնալը, ընթացքում։ Այսինքն՝ էս տրամաբանությունը եղել է, էս տրամաբանությունը կարծես թե չկա, Ադրբեջանն արդեն հրաժարվել է դրանից, թե վախենում է, չի կարողանում, օգուտ չի ստանում դրանից էլ։ Դրա համար, երբ որ մենք ասում ենք, որ էս վիճակը կարող է ավելի վտանգավոր լինել, բայց մենք ունեցել ենք ավելի վտանգավոր երեք տարվա փաստացի պատերազմ՝ 14, 15, 16, դեռ 17-ն էլ, դրա համար պիտի քաղաքականություն վարել՝ պարզ, հստակ», - ասաց Սարգսյանը։
Քաղաքական վերլուծաբանները նաև ընդգծում են՝ հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում լարված իրավիճակ է Իրանի հետ կապված։ Ինչպես նաև ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի նախընտրական տրամադրություններին, որոնք ևս կարող են ազդել կողմերի երկխոսության վրա։
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարություններին, բանախոսները նկատում են՝ Ադրբեջանն այս ամենին համարժեք չի արձագանքել: Ընդունում են՝ այս պահանջի կատարումը հեռանկարում առայժմ չի երևում, սակայն այն պետք է լինի պաշտոնական Երևանի խաղաքարտը։
Կքննարկվի՞ արդյոք առաջիկայում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման հավանականությունը, Հայաստանի արտգործնախարարության խոսնակը տեղեկացրեց. «Այս պահի դրությամբ որևէ մանրամասներ չեմ կարող հայտնել, բացի այն, որ կարող եմ վկայակոչել արտգործնախարարի օրերս արած հայտարարությունը, որ այս փուլում քայլեր էին ձեռնարկվում միայն նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»։