Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի նահանջելու, կպայքարի մինչև վերջ։ Այս ճանապարհն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել։ Թովմասյանն այսպես է արձագանքել վարչապետի հայտարարություններին 168.am-ի հետ հարցազրույցում։
«Ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է, այսօր ես ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ բոլոր պատճառներով, ինչ-որ Դուք նշեցիք, ես հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, այն գործից, որն ինձ է վերապահված, Դուք ինձ չեք հարգի, և ընդհանրապես ոչ ոք ինձ չի հարգի, ես դա կհամարեմ իմ արժանապատվության նվաստացում», - ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեղծիքներվ, և դրա վկայությունը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին հաջորդած տեղեկատվությունն է, հարուցված քրեական գործը՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա։ Հրայր Թովմասյանը հակադարձել է՝ իսկ ինչպե՞ս է որոշել Նիկոլ Փաշինյանը, ի՞նքն է դատարանը. - «Դուք դատարա՞նն եք, Դուք քննի՞չն եք, որտեղի՞ց Ձեզ այդ տվյալները, էտ որտեղի՞ց Դուք որոշեցիք: Ի՞նչ եք անելու, երբ վաղը դատարանները մեր ներպետական, միջազգային ասեն՝ չէ, այդ ամբողջը չի եղել: Մենք իրավակա՞ն պետություն ենք, մենք իրավունքո՞վ ենք խոսում, թե՞ քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով ենք խոսում, ինչո՞վ ենք խոսում, պանյատներո՞վ ենք խոսում, որ եկել ենք իշխանության, ապե՛ր, պետք է գնաս: Եթե սա է, խնդրեմ, խոսենք այդ տերմինալոգիայով: Խոսում ենք իրավական լեզվով, ասում եմ՝ որտեղ էր գրված, հա՞, եթե կա խախտում, կարձանագրվի այդ ամբողջը, դա հիմք կլինի, խնդրեմ, իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզում են, թե իրենք չեն ուզում, իսկ իրենց այդ ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պիտի ուզեն՝ Հրայր Թովմասյանն աշխատի, թե չաշխատի: Դուք կարող եք հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է՝ իրենք աշխատեն, թե՞ ոչ, որովհետև իշխանության 3 ճյուղերից մեկի ղեկավարն ինքն է, մեկի ղեկավարը՝ ես»:
Հրայր Թովմասյանն արձագանքել է նաև վարչապետի այն մեղադրանքին, թե միջնորդների միջոցով ՍԴ նախագահն իշխանությանն իր ծառայությունն է առաջարկել, քծնել իրեն ու տիկնոջը։ Որպես քծնանքի վկայություն Փաշինյանը հրապարակել էր Թովմասյանից մեկ տարի առաջ վերցրած գրչի լուսանկարը։
«Կողքդ նստած է գործընկեր, որի գրիչը չի գրում, կամ կորում է, կամ և այլն, և դու իրեն ես փոխանցում քո գրիչը, հետո տեսնում ես, որ իր մոտ գրիչ չկա, քեզ մոտ դեռևս այլ գրիչներ կան, եթե սա պետք է դիտարկել որպես քծնանք, ապա համարեք, որ ես այս երկրի, այս աշխարհի վերջին քծնողն եմ», - հավելել է ՍԴ նախագահը:
Մինչև լուսանկարի հրապարակումը Հրայր Թովմասյանը վարչապետից պահանջել էր ապացույցներ, հակառակ դեպքում սպառնացել դատի տալ նրան։ Սրա հաջորդել էր վարչապետի գրառումը՝ գրչի լուսանկարով, ինչը Ֆեյսբուքում դարձել էր հումորային գրառումների թեմա։ Թովմասյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն այս հրապարակումից հետո «Ազատությանն» ասել էր՝ հայցադիմում են պատրաստում ընդդեմ վարչապետի՝ Թովմասյանին զրպարտելու համար, սակայն երեկ հարցազրույցում Սահմանադրական դատարանի նախագահն այլ բան ասաց՝ դատի տալու որոշումը դեռ վերջնական չէ. - «Միգուցե, այդ պահին էմոցիոնալ էի և խոսեցի դատարան դիմելու մասին, բայց կարծում եմ՝ հանրությանը պարզ դարձավ: Դեռևս կքննարկեմ իմ փաստաբանական խմբի հետ և կորոշեմ»:
Բարձր դատարանի ղեկավարի օտարերկրյա այցերին ևս գործադիրի ղեկավարն անդրադարձել էր, թե կասկածելի են, երկրի անվտանգության հարց է, գուցե և իրավապահները զբաղվեն դրանցով։ Թովմասյանն ասել է՝ անձնական նպատակներով են այցերը եղել։ Բացի այդ, Փաշինյանը ՍԴ նախագահին մեղադրել էր ընդդիմադիր, ավելին` իր դեմ թշնամական դիրքերից հանդես գալու համար։
«Սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն լինել, որովհետև մեր առուներն իրար հետ ընդհանրապես չեն հատվում, մենք գործ չունենք, մենք առնչություն չունենք իրար հետ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ միայն չեմ զբաղվում, իմ հրապարակային խոսքում պարտավոր եմ քաղաքական զսպվածություն և չեզոքություն ցուցաբերել», - ասել էր ՍԴ նախագահը:
Բարձր դատարանի ղեկավարի հայտարարությունները չշրջանցեցին խորհրդարանական խմբակցություններն այսօրվա ճեպազրույցում։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց՝ Թովմասյանի ընտրության վերաբերյալ վարչապետի գնահատականները քաղաքական են, ոչ թե իրավական, և անմեղության կանխավարկած չի խախտվել։ Իսկ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը համարում է, որ Հրայր Թովմասյանը չի կարող գործող իշխանության հետ խոսել, ինչպես հավասարը հավասարի. - «Որովհետև ինքը չունի այն լեգիտիմությունը, որն ունեն այսօրվա Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանությունները»:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար էլ անհասկանալի է, թե իշխանությունն ինչու է դատական համակարգից միայն Սահմանադրական դատարանին թիրախավորել ու կենտրոնացել մեկ անձի շուրջ։
«Եթե սա դիտավորությամբ է արվում, ապա բոլորս մտածելու բան ունենք, որովհետև սա, այո, ձեր գնահատմամբ նաև՝ կարող է դիտարկվել որպես մեկ իշխանության թևի ճնշում մեկ այլ իշխանության թևի նկատմամբ, որն անընդունելի է», - ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը օրհասական չի համարում։ Շեշտեց՝ պետական պաշտոնյաները պետք է զերծ մնան իրավական փուլում գտնվող գործընթացների վերաբերյալ մեկնաբանություներ հնչեցնելուց։