Մատչելիության հղումներ

«ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքներով». Նիկոլ Փաշինյան


«Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել է կեղծիքով», - վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերով և պարզաբանեց, թե ինչու Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականն իրենց օրակարգում չհայտնվեց հեղափոխությունից անմիջապես հետո։

Պատճառները մի քանիսն են, ըստ վարչապետի, նախ՝ նորաստեղծ կառավարության օրակարգը խիստ հագեցած էր առաջնահերթ հարցերով, և բացի այդ մոտեցումը պետք է լիներ իրավական տեսանկյունից։

«Եղել է երկու տրամաբանություն, էդ փաստն օգտագործել և Սահմանադրական դատարանի նախագահին և դրա միջոցով նաև Սահմանադրական դատարանը առնել կոնտրոլի տակ, թե գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ գնահատականների և լուծումների ճանապարհով», - ասաց վարչապետը։

Բարձր դատարանի ղեկավարի պաշտոնից Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտությունն, ըստ վարչապետի, հասունացավ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հրապարակած նամակից հետո՝ հեղափոխությունից մեկ տարի անց։

«Թեման, որ Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը օկուպացված է, դարձավ հանրամատչելի», - նշեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի, Վահե Գրիգորյանի նամակին հաջորդած զարգացումները, հարուցված քրեական գործերը ապացուցեին, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել կեղծիքներով։ Իսկ նախկին իշխանությանների ներկայացուցիչները միջազգային ատյաններում փորձում են այս գործընթացը ներկայացնել որպես քրեական հետապնդում Թովմասյանի նկատմամբ։

«Պարզ է, չէ՞, որ երբ որ հրապարակային էդ բանը պայթեց, Վահե Գրիգորյանի նամակը, պարզ է, չէ՞, որ օպերատիվ ինֆորմացիաները սկսեցին մեծ ծավալներով հոսել, դրանց հիման վրա հարուցվեցին քրեական գործեր և տեղի ունեցավ ամենակարևոր ամենամեծ բացահայտումը՝ փաստացի, ապացուցված, անառարկելի, եթե մյուս տարբերակներով կարող ենք դեռ խոսել մյուս գործերի մասին անմեղության կանխավարկածի մասին, էս դեպքում անառարկելի փաստ գոյություն ունի, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքով։ Այդ ընթացքում այդ մանակի վրա, բնականաբար սկսեցին գալ ամենատարբեր ինֆորմացիաներ։ Այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանի նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնվում և չի համաձայնվելու իր կողմից արած կեղծիքները կոծկել, էդ ժամանակվանից սկսած Սահմանադրական դատարանի նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի իր համար պաշտպանություններ փնտրել և տարբեր տեղերում, այդ թվում՝ հանրապետությունից դուրս։ Սահմանադրական դատարանի նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն, և, այո, իմ գնահատականն է, որ ներքաշվել է իմ, այսպես ասած, հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ և կարծում եմ, որ դեռ պետք է հետաքննվի՝ էդքան որ գնացել-եկել են տարբեր տեղեր, ի՞նչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել», - ասաց վարչապետը։

Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը հակադարձում է վարչապետին՝ Հրայր Թովմասյանի ընտրության վերաբերյալ իշխանության պնդումները մերկապարանոց են։ Ըստ նրա, եթե փաստեր ունենային, հանրային քննարկման թեման վարչապետի գրիչը չէր լինի այսօր։

«Մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, եթե ունենային 0,01 տոկոսանոց որևէ փաստարկ, որևէ հիմք, որով կարող էին ազատվել, ինչպես իրենք էին փորձում ասել, Սահմանադրական դատարանի նախագահից և Սահմանադրական դատարանի մյուս անդամներից, ովքեր իրենց հպատակության, էսպես ասած, հավաստում չեն ուղարկել, այս հասարակ գրչի պատմությունը էսպես քաղաքականության մեջ երկու օր անընդհատ չէր պտտվի», - նշեց Սահակյանը։

Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ամիսներ առաջ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա։ Այս գործով Թովմասյանը վկայի կարգավիճակում է։ Նախկին իշխանության ներկայացուցչի խոսքով՝ գործը քննության փուլում է, մինչդեռ դատավճիռը վարչապետն է կայացնում։

«Դուրս եկավ, որ երկրի վարչապետը և՛ դատավոր է, և՛ նախաքննության մարմին է, որն արդեն նախաքննությունն իրականացրել է, ավարտել է, բավարար փաստերը հավաքել է, էդ բավարար փաստերի առկայության պարագայում որոշել է, որ կան մեղավորներ, կեղծիք անողներ, նման քայլեր դատաիրավական համակարգի բարձրագույն ատյանի, բարձրագույն դատական մարմնի նկատմամբ նման քայլեր որևէ երկրում, նույնիսկ ամենատոտալիտար երկրում նման քայլեր չեն իրականացնում։ Սա անթույլատրելի է», - ասաց Հովհաննես Սահակյանը։

Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղիղ եթերում հայտարարեց, որ ՍԴ նախագահի շուրջ ողջ պատմությունից ամբողջությամբ տեղյակ են երեք հոգի, որոնցից երկուսն իր դեմ են այսօր թշնամական դիրքերից։

«Այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար երեքից երկուսը ամեն ինչի կդիմեն և դիմում են։ Իմիջայլոց դուք տեսաք՝ էն ինչի մասին ես Կապանի ասուլիսի մասին խոսում էի ակնարկներով երեկ և այսօր բացահայտ արտահայտվեց և ապացուցվեց», - նշեց վարչապետը։

Փաշինյանը որևէ մեկի անունը չհիշատակեց։

Հիշեցնենք, երեկ Հրայր Թովմասյանից ստացած գրչի մասին վարչապետի հրապարակումից հետո «Թվիթեր»-ում գրառում էր արել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ առաջարկելով իշխող կուսակցության վարչապետի նոր թեկնածու առաջադրել։

Վարչապետի այսօրվա պարզաբանմանը նախորդել էր Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե Փաշինյանի դեմ հայցադիմում են պատրաստում։

Հրայր Թովմասյանը համարում է, որ Փաշինյանն իրեն զրպարտել է վերջին ասուլիսում՝ հայտարարելով, թե ինքն իր ծառայություններն է առաջարկել Փաշինյանին։ Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել Փաշինյանն իր խոսքերը հիմնավորող արժանահավատ փաստեր հրապարակել։ Վարչապետը խոստացավ Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել Թովմասյանի ակնկալած արժանահավատ փաստը։

Մեկ օր հանրությանը լարված սպասումների մեջ պահելուց հետո՝ Փաշինյանը հրապարակել էր սպասված փաստը՝ մի գրչի լուսանկար և գրառում, թե հանդիպումներից մեկի ժամանակ այն իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։ Ընդ որում՝ Փաշինյանը շեշտել էր՝ չի հիշում ինքն է ուզել, թե Թովմասյանն է առաջարկել։

Նիկոլ Փաշինյանը գրել էր, թե այն պահել է որպես իր տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն: Գրչի փաստի շուրջ «Ֆեյսբուքը» հեղեղվեց վարչապետին հեգնող գրառումներով, ինչը վարչապետը չշրջանցեց իր այսօրվա եթերում և պարզաբանեց։

«Երեկվանից, իհարկե, գիտեք, թերևս ամենաքննարկվողներից մեկը այս գրչի թեման է և շատ հին և հայտնի ասացված կա՝ սատանան մանրուքների մեջ է», - ասաց վարչապետը։

XS
SM
MD
LG