Մատչելիության հղումներ

Իրաքի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրից օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան զորքերի դուրսբերմանը


Իրաքի խորհրդարանը երեկ երեկոյան կողմ քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, այդ թվում՝ ամերիկյան զորախմբի. Իրաքում այս պահին տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը հասնում է 5200-ի:

2014 թվականից սկսած Իրաքի կառավարության հրավերով այդ զորախումբը միջազգային կոալիցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերթ Օ՛Բրայենը հայտնել է, թե Սպիտակ տունը շատ կհիասթափվի, եթե Բաղդադը նման որոշում ընդունի:
Իրաքցի պատգամավորները, ովքեր նիստը սկսել են «ո՛չ Ամերիկային, ո՛չ Իսրայելին» վանկարկումներով, «կառավարությանը պարտավորեցրել են վերջ դնել հանրապետությունում օտարերկրյա ուժերի ներկայությանը և դադարեցնել աշխատանքները անվտանգության հարցով համաձայնագրերի շրջանակներում, որոնք կնքվել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ»: Բացի այդ, Իրաքի կառավարությունը պետք է պաշտոնական բողոք ներկայացնի ՄԱԿ՝ Միացյալ Նահանգների գործողությունների կապակցությամբ, որոնք ինչպես նշվում է փաստաթղթում, «լրջորեն խախտել են Իրաքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը»:

Խորհրդատվական բնույթ ունեցող բանաձևն ընդունվել է պատգամավորների ձայների գերակշիռ մեծամասնությամբ, սակայն առանց սուննի և քրդական խմբակցությունների, որոնք բոյկոտել են նիստը: Իրաքի խորհրդարանում մեծամասնություն են կազմում իրանամետ շիա պատգամավորները: Քվեարկությունից առաջ երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին պատգամավորներին է փոխանցել զորքերի դուրս բերման ժամանակացույցը:

Իրաքի խորհրդարանի արտահերթ նիստը գումարվել է երկրում իրավիճակի կտրուկ լարվածության ֆոնին, որին նախորդել է Իրաքի տարածքում ամերիկյան ուժերի գրոհը:

Հունվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ նախագահի հրամանով ամերիկյան օդուժը Բաղդադում սպանել է Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ Սուլեյմանին Բաղդադ էր ժամանել ամերիկյան զորքերի վրա հետագա հարձակումները նախապատրաստելու նպատակով: Դրամատիկ այս զարգացումներն էլ ավելի են սրել առանց այդ էլ լարված իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Հարևան Իրանի հետ ավանդաբար սերտ կապեր ունեցող Իրաքի կառավարությունը, որը նաև դաշնակցային հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ, խստորեն դատապարտել է թե՛ իրանցի բարձրաստիճան զինվորականի սպանությունը, թե՛ իրեն հերթական հակամարտության մեջ ներքաշելը:

Վերջին օրերին Բաղդադում բազմամարդ ցույցերը նոր թափ են առել ինչպես ընդդեմ Միացյալ Նահանգների՝ իրանցի գեներալի սպանության կապակցությամբ, այնպես էլ ընդդեմ Իրանի։

Դեռևս անցած տարի հազարավոր իրաքցիներ շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացում՝ պահանջելով Իրանից հանգիստ թողնել իրենց երկիրն ու չփորձել Իրաքում լուծել սեփական խնդիրները: Իրաքցիներից շատերի համոզմամբ՝ իրանամետ շիա գործիչներից կազմված քաղաքական էլիտայի կոռումպացվածության պատճառը Թեհրանն է: Անցած ամիսներին Իրաքում գտնվող իրանական ներկայացուցչությունները բազմիցս ցուցարարների կողմից հարձակումների թիրախ են դարձել:

XS
SM
MD
LG