Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյան Գեղարքունիքի մարզի Արտանիս լեռան լանջից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Իրաքում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք լարվածություն են առաջացրել մեր տարածաշրջանում։
«Մի խումբ լեռնագնացների հետ բարձրանում ենք Արտանիշի գագաթը, և օրվա իմաստը հաշվի առնելով՝ սա իմ և մեր խաղաղության ուղերձն է մեր տարածաշրջանին։ Քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Եվ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում, իհարկե, մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձը այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերը զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»։
Նիկոլ Փաշինյանը նշել, որ առաջին իսկ պահից տրվել են բոլոր հանձնարարականները Հայաստանի համապատասխան կառույցներին՝ «իրավիճակին հետևել ուշի-ուշով և մեր մատը պահել զարկերակին». - «Անհրաժեշտ բոլոր քայլերը արվել են, աշխատանքները արվում են։ Այդ աշխատանքը նաև տարբեր նրբություններ է պարունակում, և չեմ կարծում, թե պիտի բոլոր մանրամասներով ներկայացնենք»։
Ուղերձի վերջում Հայաստանի վարչապետն ասաց. - «Ես ցանկացա այս քայլարշավի վերնագիրը նվիրել խաղաղությանը մեր տարածաշրջանում և իհարկե Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը»։