Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմը Պաշտպանության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկել է Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը։
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։
Երեկ էլ նույն առիթով խորհրդակցություն էր հրավիրել Արտաքին գործերի նախարարությունը:
Արգործնախարարությունն ավելի ուշ հայտարարություն տարածեց, թե պաշտոնական Երևանը խորապես մտահոգված է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանը հաջորդած Մերձավորարևելյան տարածաշրջանի լարվածությամբ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Արտաքին գերատեսչությունը շեշտում է՝ Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:
«Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության», - նշված է հաղորդագրության մեջ։
«Սրանք զարգացումներ են, որոնց վրա Հայաստանի Հանրապետությունը այդ պահի դրությամբ որևէ կերպ ազդել չի կարող։ Մենք պարզապես պետք է հետևենք զարգացումներին և փորձենք, եթե հնարավորություն լինի, մեր մասով հորդոր, կանխազգուշացում, կանխարգելում իրականացնել», - ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Իսկանդարյանը համոզված է՝ այս պահին որպես այդպիսին որևէ սպառնալիք չկա, հատկապես Հայաստանին։ Իրանագետը հիշեցնում է՝ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում նման իրավիճակները նորություն չեն։
«Գրեթե 40 տարի է նրանք այսպիսի լարված իրավիճակում են։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ էսկալացիա է տեղի ունենում, հարաբերությունների սրացում է լինում, վատացում է լինում, լինում են տարիներ, որ մի փոքր ավելի հանդարտ է լինում իրավիճակը, և սա հիմնականում կախված է լինում՝ Միացյալ Նահանգների իշխանության գլուխը հանրապետականներն են կանգնած, թե դեմոկրատներն են կանգնած։ Սրանից բավական տարբերություն է լինում և զարգացումներն էլ ըստ այդմ փոփոխության են ենթարկվում», - նշեց իրանագետը։
Իրավիճակը տարածաշրջանում պայթունավտագ չէ կամ էլ պատերազմի հավանականությունը շատ քիչ է, համոզված է «Ազատության» իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանը։ Վերջինս ուռճացված է համարում մասնավորապես համացանցի հայկական տիրույթում ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերաբերյալ որոշ մեկնաբանությունները, թե երկու երկների հարաբերությունների սրացումը բացասաբար կազդի Հայաստանի վրա։
«Ե՛վ Իրանի կողմից պատերազմի գնալու որևէ նախապայման, որևէ տնտեսական նախապայման և քաղաքական չկա, և՛ Ամերիկայի կողմից չկա։ Ինչ վերաբերում է Քասեմ Սոլեյմանիի վերացմանը կամ ահաբեկմանը, դա ինչպես Թրամփն է ասել, ավելի շուտ պետք է արվեր։ Այսինքն՝ տարածաշրջանն անկայուն դարձնող ամենակարևոր անձնավորություններից մեկը վերացել է, էդպես պետք է մոտենանք», - ասաց Ռուբիկ Մինասյանը։
Համացանցի հայկական տիրույթում տարաբնույթ մեկնաբանությունների ֆոնին երեկ Ֆեյսբուքում գրառում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես գրելով, որ Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, որոնք իվիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են:
Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկի՝ Քասեմ Սուլեյմանիի մահը սգում են ոչ միայն Իրանում, այլև Իրաքում, որտեղ էլ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժի օգնությամբ սպանվեց Սուլեյմանին։ Իրանում նաև այսօր երթեր են անցկացվել՝ պահանջով վրեժխնդիր լինել Սուլեյմանիի մահվան համար։
Ամերիկյան օդուժի հատուկ գործողությունը, որի հետևանքով մահացավ Սուլեյմանին, տեղի ունեցավ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ծայրաստիճան լարված հարաբերությունների ֆոնին:
Դեկտեմբերին 27-ին հարձակման էր ենթարկվել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը, զոհվել էր ամերիկացի պայմանագրային մի զինծառայող, Վաշինգտոնը մեղադրել էր Թեհրանին:
Ամերիկյան օդուժի պատասխան գործողության զոհ էին դարձել իրանամետ զինյալ խմբավորումներից մեկի 25 ներկայացուցիչներ: Հաջորդ օրը հարյուրավոր ցուցարարներ գրոհել էին Բաղդադում ամերիկյան դեսպանատունը և երկու օր այն պահել պաշարման մեջ: