Մատչելիության հղումներ

Գյումրիում համապետական մի շարք միջոցառումները 2019-ին տուրիստական բում ապահովեցին


Գյումրիի համայնապատկեր, արխիվ
Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Անցած տարի Գյումրիի բախտը բերեց: Մյուս քաղաքների խանդի առիթ դարձավ, որովհետև մայրաքաղաքից դուրս թերևս առաջին անգամ հայրաքաղաքին մեծ ուշադրություն դարձրին իշխանությունները:

Ոմանք դա կապեցին մի քանի հանգամանքի հետ: Նախ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական քայլարշավը սկսեց Գյումրիից ու հաջողությամբ ավարտեց այն, հետո էլ, ինչպես խոստովանեց արդեն վարչապետ Փաշինյանը, ինքը գյումրեցու փեսա է:

Գյումրի ամենաշատ այցելած վարչապետն առայժմ Նիկոլ Փաշինյանն է: Հետ չի մնում նաև նախագահ Արմեն Սարգսյանը, ով ևս շատ հաճախ է լինում Գյումրիում, շրջում քաղաքում ու Գյումրին իր պատմական միջուկով փորձում է ավելի ճանաչելի դարձնել աշխարհում:

Արմեն Սարգսյանի ցանկություններից մեկը Գյումրիի պատմական միջուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելն է ու գործընթացի մեկնարկը տրված է: Ի դեպ Արմեն Սարգսյանը խոստովանեց, որ ցանկանում է տուն գնել, որ ոչ թե հյուր գա ու հետ գնա, այլ տուն գա:

«Համարեք, որ ես էլ մի գյումրեցի եմ և ուզում եմ ստեղ մի հատ տուն առնեմ մոտ ապագայում, որ հետո չգնամ-գամ, գամ մնամ ստեղ», - ասաց Արմեն Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանը տուն գնելու ցանկություն չի հայտնել: Փոխարենը ամռանը մի ամբողջ օր շրջեց Գյումրիում, 3 ժամից ավելի ուղիղ եթերում ցույց տվեց, թե քաղաքի պատմական միջուկում ինչքան տեսնելու բան կա ու բոլորին հրավիրեց: Այս այցելությունից հետո տուրիստների հոսքը Գյումրի մեծացավ։ Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին թանգարաններում հերթեր էին, սրճարաններում, հյուրատներում ու հյուրանոցներում տեղ չկար:

Շիրակի մարզպետարանի տվյալներով՝ անցած տարի շուրջ 70 հազար զբոսաշրջիկ է այցելել Շիրակի մարզ նախորդ տարվա 43 հազարի համեմատ: Զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը նպաստեցին նաև մի շարք համապետական միջոցառումներ: Առաջին անգամ Հայաստանի Անկախության օրը նշեցին Երևանից դուրս՝ Գյումրիում:

Գյումրին այդ օրը հազարավոր հյուրեր հյուրընկալեց՝ երկրի առաջին դեմքերի, դիվանագետների ու պարզապես առաջին անգամ Գյումրին տեսնել ցանկացողների:

Միայն այդ օրը կանխատեսվում էր 15 հազար հյուր: Սակայն Շիրակի տուրիզմի և հետազոտությունների կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը սեպտեմբերի 21-ին Գյումրի այցելած հյուրերի այլ թիվ է հրապարակում՝ 7 հազար 100: Ասում է՝ ոստկանությունից, ռեստորաններից հյուանոցներից ու հյուրատներից են տվյալները վերցրել ինչպես նաև թանգարաններից:

Անցած տարի վարչապետի առաջին այցը Գյումրի գնացքով էր: Եկավ իր աչքով տեսնելու, թե ինչու են գյումրեցիները դժգոհում փողոցների շինարարության ընթացքից: Հետո մասնակցեց Շիրակի բիզնես ֆորումին: Մարալիկում բամբակամանվածքային գործարանի բացմանը մասնակցեց հաջորդ օրն էլ Գյումրիում շրջեց: Մի քանի օրից կրկին այցելեց Գյումրի՝ այս անգամ քաղաքի օրվա միջոցառմանը մասնակցելու ու խոստովանեց, թե ինչու է իրենց համար Գյումրին այսքան կարևոր:

«Եվ ուզում եմ բոլորիս պարզ լինի, թե ինչու է Գյումրին այսքան կարևոր մեզ համար, այն ժամանակներում, երբ երկար տարիներ ասպատակություններից, ավերներից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային, գեղջկական մի երկրի էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարևոր կենտրոնը։ Գյումրին մեզ բոլորիս համար պահել, պահպանել, զարգացրել է քաղաքային կյանքի ավանդույթը, և այսօր այս է պատճառը, որ մենք Գյումրին այսքան կարևորում ենք, որովհետև Գյումրին մեր ժողովրդի համար ավելի դժնդակ տարիներին պահել է քաղաքակիրթ ժողովրդի մեր կերպարը, քաղաքակիրթ ժողովրդի մեր ապրելակերպը և դիմագիծը։ Այս է պատճառը, որ մենք սիրում, պաշտում ենք Գյումրին, որ մենք հպարտանում ենք Գյումրիով, հպարտանում ենք գյումրեցիներով», - հայտարարել է վարչապետը։

Հայաստանում ապակենտրոնացման առաջին քայլն էլ Գյումրիից սկսվեց: Անցած տարի Նորգավիթի ավտոմաքսատուն այցելելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն տեղափոխում են Գյումրի: Մի քանի ամսում կառուցած ավտոմաքսատունը նոյեմբերի կեսերին սկսեց արդեն գործել: Հազարավոր մեքենաների ներհոսք, կիլոմերտրերով հերթեր, որը նաև տնտեսական աշխուժություն մտցրեց քաղաքի ծայրամասային այդ տարածքում:

Տարածքում փոքր բիզնեսը, հատկապես արագ սննդի, սկսեց զարգանալ, հյուրատներն ու հյուրանոցներն էլ շահեցին:

Գյումրիի քաղաքապետը խոստովանում է, որ աննախադեպ էր տարին Գյումրիի համար: Ուշադրության պակաս չկար նաև ներդրումների հոսքն է ավելանում: Շինթույլտվությունները մեռյալ կետից շարժվեց, ասում է Սամվել Բալասանյանը:

«Էսօր ներդրողները, ես նայում եմ, 80 հատ շինթույլտվություն են ուզել։ Ես զարմացած եմ ճիշտն ասած այս թվերի վրա այս տարվա, որովհետև ասում են երևի էն մեռյալ կետից միանգամից սկսեցինք բարձրանալ և այսօր շատ մեծ ուշադրություն կա, որ ասենք նաև հիմնական միջոցը թանկացավ Գյումրի քաղաքում, պատմական միջուկում, բնականաբար, որը հնարավորություն տվեց հասկանալ, որ ի վերջո դու գյուղ չես, դու քաղաք ես», - ընդգծեց Բալասանյանը։

Գյումրիում ճանապարհաշինական ծրագիրը կշարունակվի 2020-ին, կառավարությունը դրա համար 9 մլրդ դրամից ավելի է հատկացրել։

Գլխավոր խնդիրը մնում է քաղաքը տնակներից ազատելը: Կառավարությունը հաշվառել է 88-ից հետո տեղադրված ժամանակավոր կացարանները ու առաջիկայում սկսելու է քաղաքը փակ տնակներից ազատելու գործընթացը, որին հաջորդելու է արդեն տնակներում ապրող անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու փուլը, առայժմ, սակայն, մեխանիզմը պարզ չէ։

XS
SM
MD
LG