Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում նախ մասնակցեց Յոթ վերք եկեղեցում մատուցված պատարագին, հետո երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին:
Այնուհետև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հոգեհանգստի կարգ մատուցվեց։ Մարդկանց մոտ հույս է արթնացել, իր խոսքում ասաց Սրբազանը։
«Եվ ահա 31 տարի հետո հույսը և լույսը գնալով մեծանում է: Սիրելի գյումրեցիներ, անձայն թունելի միջով անցանք 30-ամյա և լույսը երևում է: Շնորհակալություն բոլոր լուսավորողներին, լույս և հույս պարգևողներին: Վերջնականապես մոտ է այն օրը, երբ որ կասենք բոլորս՝ «գյումրեցիներ, մենք հաղթեցինք», և մենք հաղթեցինք, երբ որ ասացինք ոսկորները մեր նահատակների վերջնականապես կհանգստանան», - նշեց եպիսկոպոս Աջապահյանը:
Արմեն Սարգսյանը վերհիշեց՝ 96-ին, երբ որպես վարչապետ այցելել էր Գյումրի, ակնկալել էր լսել մարդկանց արդարացի դժգոհությունը, քանի որ տարիներ շարունակ անուշադրության էին մատնված եղել և զարմացել էր, որ ոչ թե բողոքել են, այլ հյուրընկալել ու հյուրասիրել:
«Անկեղծ ասած, երբ որ Գյումրի եկա, որպես արդեն վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն: Գիտեք ինչ, երկար տարիներ մոռացված մարդիկ էին և անպայմանորեն, իհարկե, սարսափելի էր, թե մարդիկ ինչպես էին ապրում, որտեղ էին ապրում: Ճիշտն ասած, պատրաստ էի ամեն խոսքի, ամեն վերաբերմունքի, որը որպես երկրի վարչապետ պետք է կրեի իմ վրա և պետք է դրան պատասխան տայի, սակայն լրիվ հակառակը եղավ՝ մարդիկ այնքան ջերմ և բարի ինձ ընդունեցին և այդ տնակի մասին, որ խոսում եք, տատիկ էր, որ ինձ ուղղակի ասաց՝ «արի գնանք իմ տուն» և ոչ թե ասաց՝ «արի գնանք իմ տանկը, որ տեսնես, թե ինչ վատ եմ ապրում», տարավ տուն, որպեսզի հյուրասիրի: Այսինքն՝ գյումրեցի էր, որ իրա էդ փոքրիկ տնակի մեջ, որ չգիտեմ՝ էդ ինչպես էին տաքացնում, ինչպես էին ապրում այդ պայմաններում, իր սիրտը բացեց, իր ունեցածը կիսեց ինձ հետ», - ասաց նախագահը:
Հետո անկեղծ խոստովանեց․ «Անկեղծ ասած, դրանից հետո ամեն տարի հենց էդ, որ գյումրեցիների էդ արժանապատվությունը և սերը շատ ավելի մեծ բեռ դարձավ ինձ համար և երբ որ ես առողջության պատճառով չկարողացա շարունակել իմ գործը երկար տարիներ, հիմա էսօր կարող եմ ասել գյումրեցիներին՝ ես երկար տարիներ մղձավանջներ ունեի, այսինքն երազներ, որ տեսնում էի, տեսնում էի Գյումրին, այնպես որ ինձ համար պարտականություն է, համարեք, որ ես մի գյումրեցի եմ և ուզում եմ ստեղ մի հատ տուն առնեմ մոտ ապագայում»:
Թե ինչո՞ւ աղետի գոտին 31 տարի անց դեռ ամբողջովին վերականգնված չէ հարցին Արմեն Սարգսյանն արձագանքեց․ «Մենք էլ բոլորս, ողջ հայ ժողովուրդը զբաղված լինելով նախ անկախության հարցերով, ղարաբաղյան հարցերով գուցե նաև մեղավոր ենք բոլորս, որ ինչ-որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ և սեր չենք դրել Գյումրիում: Հիմա ես հանրապետության նախագահն եմ, կա հանրապետության վարչապետը՝ պարոն Փաշինյանը, նոր կառավարությունը և ընդհանրապես կարծում եմ մեր ժողովրդի մեջ նոր վերաբերմունք կա մեր սեփական կյանքի, մեր սեփական արժեքների, և կարծում եմ հիմա մենք պետք է պատասխանատու լինենք՝ նախագահից, վարչապետից, Ազգային ժողովից և մեզնից յուրաքանչյունը ներառյալ նաև Ձեզ: Պետք է պատասխանատու լինենք, որ կյանքը վերադառնա այս քաղաք, այսինքն կյանքը վերադառնալը քաղաք միայն վերակառուցելը չի: Վերակառուցել բառի մեջ պետք է մենք իմաստ դնենք ոչ միայն շենք կառուցելու, ոչ միայն աշխատանքայի տեղ ստեղծել, այլ ընդհանրապես կյանքը ուրախությունը, գեղեցկությունը վերադարձնենք էս քաղաք»:
Աղետի գոտու թալանի մասին շատ է խոսվել, սակայն պատասխանատվություն այդպես էլ մինչ օրս ոչ մեկը չի կրել: Նախագահն ասաց՝ ինքը չէ այդ հարցի հասցեատերը, բայց շեշտեց՝ թալանածը պետք է վերադարձվի:
«Էդ հարցը ավելի լավ է տաք համապատասխան մարմիններին, նախագահի գործը կառուցելն է: Ես վստահ եմ, որ ցանկացած դեպքում պատմության բոլոր պահերին այն մարդիկ, ովքեր սխալ են գործել և սխալ են գործել, ոչ թե իրենց անձի առաջ, այլ իրենց ընտանիքի, իրենց հանրության, իրենց քաղաքի, իրենց ազգի առաջ, պետք է պատասխան տան», - ասաց Արմեն Սարգսյանը:
Նախագահին նաև քաղաքացիներն էին մոտենում, տարբեր հարցերով նամակներ փոխանցում: Արմեն Սարգսյանը բավականին հագեցած գրաֆիկով էր Գյումրիում: Ի դեպ, երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ այս տարի ևս 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ էր տեղադրված: