Գլխավոր դատախազությունը որոշել է չհաստատել Ազգային ժողովի նախկին նախագահի և նրա նախկին աշխատակից Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունն ու գործը հետ է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ լրացուցիչ քննության:
Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ հաշվի է առնվել, որ հենց այդ լրացուցիչ ուսումնասիրության արդյունքներով է հնարավոր Բաբլոյանի և Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալ:
ՀՔԾ-ում այս քրեական գործը հարուցվել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա։ Նա, դիմելով գլխավոր դատախազություն, հայտարարել էր՝ 2018-ին Հանրապետական պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։ Հրայր Թովմասյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի:
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք հենց սկզբից էին ասում, որ գործում չկան ապացույցներ, ինչի մասին էլ վկայում է գլխավոր դատախազության որոշումը: 72-ամյա նախկին բարձրաստիճան պաշտոնյան անհիմն է որակել այս քրեական գործը. - «Այդ որոշումը նախևառաջ հաստատում է իմ այն հայտարարությունը, որով ես տեղեկացրի, որ չկա որևէ խախտում, որն ունի իրավական հետևանք այն առումով, ինչպես որ մեզ մեղադրում են, ասենք՝ իշխանության յուրացման կամ կազմակերպման ինչ-որ խնդիրների մեջ: Բայց այսպես ասած՝ շատ համբերատար, հաշվի առնելով, որ այդ ամենը հարկավոր է ոչ միայն ինձ, ոչ միայն նրանց, ովքեր կասկածում էին, որ մենք սխալ էինք թույլ տվել, այլ դա կարևոր է և հասարակությանը, որպեսզի բոլորն իմանան, որ այո, ամբողջը հետազոտվել, քննվել, խորացել, ուսումնասիրվել է, և որոշում է ընդունվել անաչառ ձևով», - հայտարարեց նա:
Անցած հոկտեմբերին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Բաբլոյանին՝ պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ ըստ էության դատախազությունը մասնակի բավարարել է իր դիմումը: Վարդևանյանը դիմել էր դատախազություն՝ խնդրելով կա՛մ կարճել քրեական գործը, կա՛մ էլ վերադարձնել այն քննիչին, քանի որ այդ տեսքով այն մեղադրանքը հաստատելու ապացույցների շեմը չի հաղթահարել: Մինչ դատախազի որոշում կայացնելը գործի նյութերն ուղարկվել են կողմերին:
Բաբլոյանն ասում է, որ ըստ էության այս գործում իր դեմ որևէ ցուցմունք չկա: Այս քրեական գործի շրջանակում սահմանափակված է Բաբլոյանի տեղաշարժի իրավունքը, ինչի պատճառով չի կարողանում աշխատել միջազգային գործընկերների հետ: Բաբլոյանը ղեկավարում է «Արաբկիր» բժշկական համալիրը. - «Որևէ տենց ցուցմունք չկա, որևէ տենց մի հատ նույնիսկ փոքր էպիզոդ չկա, որտեղ ասվի՝ Բաբլոյանն ասել է՝ էսպես արեք, ընդհակառակը՝ բարեբախտաբար, Բաբլոյանը եղել է այնքան, կներեք խոսքիս համար, խելացի, որ ես վերացրել էի խորհրդականների ինստիտուտը, և ես հիմնվել եմ միայն պրոֆեսիոնալ աշխատակազմի վրա»:
Հատուկ քննչական ծառայությունը պնդում է՝ 2018-ին նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախագահը հայտարարի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ հրաժարականի դիմումն Արա Բաբլոյանը դեռ չէր ստացել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է ՍԴ նախագահ: Թովմասյանին հին Սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 65 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն 6 տարի:
Բաբլոյանը պնդում է՝ եթե անգամ խնդիրներ կան փաստաթղթերի հետ կապված, ապա դրանք կարող են լինել միայն տեխնիկական բնույթի:
Այս գործով անցնող մյուս մեղադրյալ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբյանը ևս չի ընդունում մեղադրանքը: Վերջինս մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ըստ ՀՔԾ-ի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մարտի 5-ին ստացած դիմումը Բաբայանը թվագրել է մարտի 2-ով: Ծանոթանալով գործի նյութերին՝ ԱԺ նախկին աշխատակիցը համոզվել է՝ հանցադեպ չկա: Դատախազության որոշումը Բաբայանը գնահատում է կիսաօրինական՝ պնդելով՝ գործը պետք է կարճեին, ոչ թե ուղարկեին լրացուցիչ քննության:
«Բայց ամեն դեպքում գովելի է, որ իրավապահ մարմինների դեմքը փրկելու փորձ արեց դատախազությունը, իսկ ակնհայտ է օրինականության առումով, որ պետք է անմիջապես քրեական գործը կարճվեր, քրեական հետապնդումը դադարեցվեր, որովհետև, ինչպես ասացի քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո, քրեական գործերից հենց երևում է, որ ընդհանրապես հանցադեպը բացակայում է, այսինքն՝ դեպք տեղի չի ունեցել», - շեշտեց Բաբայանը:
Նա մեղադրյալ ներգրավվելուց հետո կալանավորվել էր, անազատության մեջ մնացել ավելի քան 20 օր, ապա անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակվել: Նա պնդում է՝ այս գործում մատնանշված որևէ փաստաթղթի հետ որևէ առնչություն չի ունեցել, ինչն էլ ապացուցվում է գործի նյութերով: Իր դեմ հարցաքննված անձինք ցուցմունք չեն տվել:
«Քրեական գործում իմ առնչությունը նշված փաստաթղթի հետ որևէ կերպ հիմնավորված չէ, այսինքն՝ չկա որևէ ապացույց, որ ես ընդհանրապես առնչություն եմ ունեցել այդ փաստաթղթի հետ: Մի ցուցմունք կա, որտեղ աշխատակիցն ասում է՝ եթե հիշողությունս չի դավաճանում, դա ինձ տվել է Արսեն Բաբայանը: Բազմաթիվ փաստեր կան, որ ակնհայտ երևում է, որ այդ ցուցմունք տվողի հիշողությունը դավաճանել է», - ասաց նա:
Այս գործով մեղադրյալները շարունակում են պնդել՝ այն քաղաքական ենթատեքստ ունի: