Մատչելիության հղումներ

«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը». Արա Բաբլոյան


«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը, այո, ստորագրել է իր հրաժարականը և ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին։ Հիմա արդեն, երբ որ ծանոթանում ենք փաստաթղթի հետ, մենք տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով է ստորագրված, ամսի 1-ով և՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելիարիայի, և՛ կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի, բայց ամենակարևորը, որ թե՛ աշխատակիցները, որոնք որ պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք որ այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին, և այդ ինչ որ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով», - ասաց Բաբլոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում կիրակի՝ հոկտեմբերի 27-ին։

Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հոկտեմբերի 22-ին հաղորդագրություն էր տարածել, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ է ներգրավել նախկին իշխանության օրոք Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

Ըստ ՀՔԾ-ի, մասնավորապես, Գագիկ Հարությունյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով: Այս դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018-ի մարտի 5-ին։ Բայց Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով այդ դիմումը, 2018-ի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, պնդում է Հատուկ քննչական ծառայությունը:

XS
SM
MD
LG