Մատչելիության հղումներ

Զելենսկի. Ադրբեջանն ու Ուկրաինան պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Բաքու, 17-ը դեկտեմբերի, 2019թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Բաքու, 17-ը դեկտեմբերի, 2019թ.

«Ադրբեջանն ու Ուկրաինան անդավաճան պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունը և մոտ դիրքորոշում ունեն միջազգային մի շարք հարցերի շուրջ», - այսօր Բաքվում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան է ժամանել Ադրբեջան տիկնոջ՝ Ելենա Զելենսկայայի հետ:

Սա նորընտիր նախագահի առաջին այցն է Հարավային Կովկաս, որի ընթացքում Ուկրաինան և Ադրբեջանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել համագործակցությունը խորացնելու մասին:

«Իլհամ Ալիևի հետ մեր այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային ու ազգային անվտանգության ապահովումն էր: Նախ և առաջ խոսքը Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի ու ղարաբաղյան հակամարտության մասին է: Մենք անդավաճան պաշտպանում ենք միմյանց՝ մեր երկրների ինքնավարության, տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգման հարցում: Առաջիկայում ևս շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում»,- հայտարարել է Զելենսկին:

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, ընդգծել է՝ Զելենսկու երկօրյա պաշտոնական այցը Բաքու վկայում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ու երկու երկրների ջերմ կապերի մասին:

«Ես շատ արդյունավետ ու բարձր եմ գնահատում այս այցը, վստահ եմ, որ այն նոր թափ կհաղորդի մեր հարաբերությունների ամրապնդմանը: Մենք այսօր մի շարք հարցեր ենք քննարկել ու հստակ հրահանգներ տվել մեր կառավարություններին դրանք իրագործելու վերաբերյալ», - հայտարարել է Ալիևը:

Նրա խոսքով, մասնավորապես, քննարկման առանցքում է եղել երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում կապերը խորացնելու հարցը: Ուկրաինայի առաջնորդն է՛լ ավելի է բացել փակագծերն ու փաստել՝ Կիևն աջակցում է Ադրբեջանի մասնակցությամբ իրականացվող «Հարավային գազային միջանցք» ծրագրին և ցանկանում է դրա միջոցով կրճատել կախվածությունը Ռուսաստանից:

«Ուկրաինան աջակցում է «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրագործմանը, և մենք Իլհամ Ալիևի հետ պայմանավորվեցինք ուսումնասիրել դրա ընդարձակման հնարավորությունները: Եվրոպացի սպառողներին մատակարարվող գազի դիվերսիֆիկացումը շատ կարևոր գործոն է, բացի այդ, անհրաժեշտ է ողջ ծավալով օգտագործել մեր երկրների ունեցած՝ տարանցման հնարավորությունները և զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ», - հայտարարել է Զելենսկին:

Ադրբեջանի նախագահը դեռ անցած տարի էր կոչ արել Կիևին միանալ «Հարավային գազային միջանցք» 3500 կիլոմետրանոց խողովակաշարին, որով նախատեսվում է Շահդենիզից արդյունահանվող ադրբեջանական գազը հասցնել Եվրոպայի հարավ՝ շրջանցելով Ռուսաստանը՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով: «Անկասկած, մեր պետական շահերից է բխում ներդրումների ավելացումը, այդ թվում՝ համատեղ ծրագրերի միջոցով», - այսօր ասել է Զելենսկին:

Վերջինս հրապարակավ ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է Կիև ու պնդել՝ ադրբեջանական ըկերությունները կարող են լուրջ մասնակցություն ունենալ առաջիկայում Ուկրաինայում սպասվող սեփականաշնորհման գործընթացին:

Մինչ երկու նախագահներն ամփոփում են բանակցությունների արդյունքներն ու կանխատեսում դրանցից ակնկալվող օգուտները, իրավապաշտպանները քննադատում են Զելենսկուն՝ Ալիևին հաճոյանալու և նրա ընդդիմախոս բլոգերներից մեկին Բաքու արտաքսելու համար: Զելենսկու այցից օրեր առաջ, մասնավորապես, Կիևը որոշել էր Բաքվին արտահանձնել ադրբեջանցի լրագրող և բլոգեր Էլվին Իսաևին, ով ավելի քան 20 տարի գտնվում էր արտերկրում: Ազգությամբ թալիշ 39-ամյա Իսաևը յութուբյան իր էջում տարիներ շարունակ Ալիևին որակում էր բռնապետ, իշխող ընտանիքը՝ կոռումպացված:

Անցած տարի Ադրբեջանի իշխանությունները փորձել էին նրան Բաքվի բանտ վերադարձնել Ռուսաստանի օգնությամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սակայն, կանխել էր արտահանձնումը: Օրեր առաջ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդեցին, թե Ռուսաստանից Ուկրաինա տեղափոխված թալիշ բլոգերն անհետացել է, 2 օր անց պարզվեց՝ պաշտոնական Կիևը նրան արտահանձնել է Բաքվին, նա գտնվում է քննչական մեկուսարանում: Թե ինչ մեղադրանքով, առայժմ չի հաղորդվում: Պաշտոնական Կիևն առայժմ չի արձագանքել աղմկահարույց այս պատմությանը, Ադրբեջանի իշխանությունները, մինչդեռ, հայտարարել են՝ բլոգերը հայրենիք է վերադարձվել կեղծ փաստաթղթերի պատճառով:

XS
SM
MD
LG