Մատչելիության հղումներ

Չինաստանը կես միլիարդ դոլարի շտապ վարկ է տրամադրում Բելառուսին


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ապրիլ, 2019թ․
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ապրիլ, 2019թ․

Մինչ պաշտոնական Մոսկվան և Մինսկը շարունակում են վիճել գազի գնի, երկկողմ հարաբերությունների շուրջ, Չինաստանը որոշում է կայացրել Բելառուսին շտապ վարկ տրամադրել, որի ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 500 միլիոն ամերիկյան դոլար:

Բելառուսի ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն` նախօրեին Շանհայում նման պայմանավորվածություն են ձեռք բերել Բելառուսի կառավարությունը և Չինաստանի Զարգացման բանկը: Ըստ պաշտոնական Մինսկի` վարկը չի ուղղվելու որևէ կոնկրետ նախագծի իրագործմանը և կարող է օգտագործվել ընդհանուր խնդիրների լուծման, ինչպես նաև պետական պարտքի մարման նպատակով:

Ավելի վաղ Մինսկն այդ գումարը փորձում էր ստանալ Մոսկվայից, բանակցությունները, սակայն, ավարտվեցին առանց արդյունքի:

Ինչո՞ւ հենց Չինաստանն օգնության ձեռք մեկնեց Բելառուսին:

Պեկինի և Մինսկի միջև համագործակցությունը նոր չէ, երկու երկրները մասնավորապես ռազմական ոլորտում համագործակցում են դեռևս 90-ականներից՝ Բելառուսը Չինաստանին էր մատակարարում երկրում մնացած խորհրդային ռազմական տեխնիկան, իսկ 2000-ականներին Չինաստանը Բելառուսին ֆինանսապես էր օգնում՝ վարկերի տեսքով: Հազարավոր մղոններ հեռավորության վրա գտնվող երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի հասան 2013 թվականի վերջին, երբ Չինաստանն ազդարարեց նոր Մետաքսի ճանապարհի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրի մասին, որը կոչված է դառնալ նոր միջազգային առևտրային միջանցք Չինաստանի և Եվրոպայի միջև, և Բելառուսը, լինելով Եվրոպայի վերջին կանգառը, ռազմավարական դերակատարություն ունի այդ ծրագրում շնորհիվ իր աշխարհագրական դիրքի: Այդ ծրագրի շրջանակում հենց Չինաստանը Մինսկից ոչ հեռու կառուցում է արդյունաբերական հսկայական պարկ, որտեղ նախատեսվում է բացել ավելի քան 150 հազար աշխատատեղ:

Մինչ այդ էլ արդեն երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը սրընթաց աճում է, ավելանում է նաև բելառուսա-չինական համատեղ նախագծերի թիվը՝ «ԲելՋի» ավտոմեքենաների հավաքման գործարանը Մինսկում, Բելառուսի ամենահզոր հիդրոէլեկտրակայանը, որը կառուցվել է չինական միջոցներով:

Դեռևս ամռանը հայտնի դարձավ, որ նոր վարկի շուրջ Մինսկը Պեկինի հետ բանակցություններ է վարում, քանի որ այդ հարցով Մոսկվայի հետ բանակցություններում բարդություններ են առաջացել, Բելառուսը հայտարարել էր, որ իրեն Ռուսաստանից «քաղաքական վարկեր» պետք չեն:

Չինաստանի հետ պայմանավորվածությունները ձեռք են բերվում Մինսկի և Մոսկվայի միջև Միութենական պետության շրջանակում ինտեգրացիայի խորացման հարցով ծանր բանակցությունների ֆոնին: Դեկտեմբերի 7-ին նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումն ավարտվել է առանց որևէ փաստաթղթի ստորագրման:

XS
SM
MD
LG