Խորհրդարանական ընդդիմությունը հորդորում է Սահմանադրական դատարանի դատավորներին փողի դիմաց չվաճառել իրենց մասնագիտական բարոյականությունը և չմտնել անպատվության տակ։ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:
Եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Դրա համար հարկատուները կվճարեն ավելի քան 600 միլիոն դրամ։
Օրենքին դեմ քվեարկած «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր հորդորեց դատավորներին՝ չհամաձայնել իշխանությունների առաջարկին, որի նպատակը, ըստ նրա, ամեն գնով Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելն է:
«Մենք վստահ ենք, որ Սահմանադրական դատարանի այս կազմը ձեռնտու չէ գործող իշխանությանը, որովհետև այս կազմի պայմաններում հնարավոր չէ ի կատար ածել այնպիսի ցանկություններ, ինչպիսին, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է և այդպիսի շատ հարցեր, դրա համար իրենք ուզում են Սահմանադրական դատարանը համալրել խոնարհ, հեզ դատավորներով, որպեսզի կարողանան կյանքի կոչել նման նախաձեռնությունները: Սա է օբյեկտիվ ճշմարտությունը: Ես խորհուրդ եմ տալիս, որ դատավորները չմտնեն էդ անպատվության տակ», - հայտարարեց Պետրոսյանը:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, որևէ անպարկեշտ բան իրենց առաջարկում չի տեսնում, ընդհակառակը՝ կարծում է, որ իրենք այս օրենքով պարզապես ձեռք են մեկնում Սահմանադրական դատարանի դատավորներին։
Ի՞նչ կլինի, եթե այդ մեկնած ձեռքը որևէ դատավոր չսեղմի և վաղաժամ թոշակի չգնա, «Ազատություն»-ը հարցրեց Ալեն Սիմոնյանին։ Նկատենք, որ որևէ դատավոր մինչև այս պահը հրապարակայնորեն վաղաժամ թոշակի գնալու համաձայնություն չի տվել:
«Կոնկրետ մեկնված ձեռք՝ թե ով կսեղմի այդ ձեռքը, ես չգիտեմ: Ինչ է լինո՞ւմ՝ որևիցե բան չի լինում, որևիցե կատաստրոֆիկ բան չի լինում, գնում ենք առաջ, մեկնում ենք մյուս ձեռքը <...>: Մի հատ հասկանանք՝ էստեղ ինչ է լինում, տեսնենք ինչ է լինում, ինչ շարունակություն է լինում, նոր կգնանք առաջ: Կարևորը այն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ավելորդ անգամ ցնցումների չենթարկենք, ավելորդ անգամ ինչ-որ ձևով որևիցե բան սխալ չանենք», - հարցին արձագանքեց խորհրդարանի փոխխոսնակը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցությունից Տարոն Սիմոնյանը, մինչդեռ, հակադարձում է Ալեն Սիմոնյանին՝ եթե իշխանությունն ուզում է Սահմանադրական դատարանի դատավորներին ձեռք մեկնել, ապա թող դա չանի ժողովրդի հաշվին:
«Քաղաքական իշխանությունը եթե ինքն է այդ ձեռքը մեկնում, թող բարի լինի՝ իր գրպանից համապատասխան փոխհատուցում կատարի, և ոչ թե մեր քաղաքացիների», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
Տարոն Սիմոնյանը դատավորներին առաջարկված գործարքում բարոյական խնդիրներ է տեսնում, հույս հայտնելով, որ որևէ դատավոր իշխանության մեկնած այդ ձեռքը չի սեղմի և փողի դիմաց չի վաճառի իր մասնագիտական բարոյականությունը․ - «Որովհետև դատավորները նրանք բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձինք են, և երբ որ նրանց նման առաջարկությամբ եք հանդես գալիս, հատկապես նրանց, ովքեր որ մի քանի տարի են ընդամենը աշխատել, և ասում են՝ «քանի որ դուք լավը չեք, մենք ձեզ չենք հավանում, պրոբլեմներ ունեք, և այլն, և այլն, և այլն, եկեք մենք ձեզ փող տանք, միայն թե դուք գնացեք», դատավորները ըստ էության վաճառում են իրենց մասնագիտական բարոյականությունը փողի դիմաց: Սա, իմ կարծիքով, բարոյական տեսանկյունից, այո, մեծ խնդրահարույց հարց է, և ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր այս մեկնած ձեռքը չի սեղմի և վնաս պատճառի Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու»:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ լուծում են տեսնում, եթե դեմ են դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուն, «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը պատասխանեց, որ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են, որոնք իրապես կարտահայտեն ժողովրդի կամքը և որոնց միջոցով կփոփոխվեն թե՛ Սահմանադրական դատարանը և թե՛ ողջ դատական համակարգը:
«Հարգելիներս, եթե ուզում եք ժողովրդի կամքը ամրագրեք, եկեք լսենք ժողովրդին, ժողովրդի կամքը ձեր շուրթերով չի արտահայտվում, ժողովրդի կամքը հանրաքվեով է արտահայտվում: Հանրաքվե արեք սահմանադրական փոփոխությունների, ունենանք լեգիտիմ Սահմանադրություն և այդ Սահմանադրության համահունչ փոխենք թե՛ Սահմանադրական դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանը, կարող է տարբերակ լինի՝ էս երկուսը միացնենք, ունենանք Գերագույն դատարան, ինչ որ նախկինում քննարկվել է բազմիցս, հնարավոր տարբերակները շատ են: Բայց քանի դեռ մենք սահմանադրական փոփոխություններ չենք արել, 15 թվականի ոչ լեգիտիմ Սահմանադրության արդյունքներով ուզում ենք փոփոխություններ մտցնել և անունը դնել, որ ունենք արդեն Սահմանադրական դատարան, որը լեգիտիմ է, ապա, տխրեցնեմ բոլորին՝ այդ ճանապարհները տանում են ձախողման», - հայտարարեց Տարոն Սիմոնյանը: