Եթե հաջորդ տարեսկզբին Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Կառավարության այս օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանն այսօր ընդունեց առաջին ընթերցմամբ։ Քննարկումը բուռն մթնոլորտում էր։ Ընդդիմադիրները դեմ են, որ դատավորները տանը նստած աշխատավարձ ստանան։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ի՞նչ է առաջարկվում մեզ և ձեզ, որ մեր և ձեր հարկերից 630 միլիոն դրամ մենք վճարենք Հրայր Թովմասյան and company-ին գումարած ևս վեց դատավորի, որպեսզի նրանք գնան տուն, նստեն թախտին և ամսական Հրայր Թովմասյանը ստանա մեկ միլիոն յուրաքանչյուր ամիս, տարիներ շարունակ 1 միլիոն 375 հազար 712 դրամ, իսկ վեց դատավորներից յուրաքանչյուրը ամսական ստանա 1 միլիոն 31 հազար 784 դրամ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իշխանությանը մեղադրեց երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Հրատապ այլ խնդիրներ կան, Սահմանադրական դատարանի հարցը կեղծ օրակարգ է՝ ըստ նրա։
«Եթե մենք խոսում ենք հին համակարգից մնացած մարդկանց մասին, որոնք վստահություն չունեն, հարգելի գործընկերներ, հին համակարգից մնացած դուք ունեք նախարարներ, ունեք պատգամավորներ: Քաղաքական դաշտը լցրել եք կեղծ օրակարգով, որը ոչ մեկին պետք չէ», - նշեց Գորգիսյանը:
Հայաստանում ստեղծված իրավիճակի մեղավորը Սահմանադրական դատարանն է, նախկին իշխանության կամակատարն է եղել, «Իմ քայլը» խմբակցությունից հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հիշեցնելով՝ ինչու է երեք տարի բանտում անցկացրել։ Վաղաժամ կենսաթոշակային համակարգը նրանց տուն ճանապարհելու ժողովրդավարական քայլ է։
«3,5 տարի մնացել եմ, որից 1,5 տարի մնացել եմ Ազգային անվտանգության նկուղում, ավելի ճիշտ КГБ-ի նկուղում և ծառայություններ եմ մատուցել իմ ժողովրդին ու պետությանը: Չի կարելի, իմ նման շատ մարդիկ հայտնվել են բանտերում՝ անիմաստ, անհիմն, անօրեն», - ասաց Սասուն Միքայելյանը:
Նախագիծը վերաբերում է Սահմանադրական դատարանի յոթ դատավորին, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանին, որոնք ընտրվել են նախկին Սահմանադրությամբ։ Գործող Սահմանադրությամբ երկու դատավորներ են ընտրվել՝ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը։ Յոթից ամենաերկարը նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետն է՝ առնվազն մինչև 2035 թվականը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տվյալներով՝ եթե յոթն էլ հրաժարական տան, ամբողջ ծախսը 630 միլիոն դրամ կկազմի։ Սա համարում են բարձր դատարանի ճգնաժամի լուծումներից մեկը։ Առաջարկը կամավորության սկզբունքով է, Վենետիկի հանձնաժողովն էլ է հավանություն տվել։
«Մենք ասում ենք, որ պետք է այս փուլում մեր կարծիքով պատվով հեռանալ, ստեղծել պետության կողմից իրենց մեկնված ձեռքը և չխոչընդոտել 15 թվականի փոփոխություններով նախատեսված Սահմանադրական դատարանի նոր մոդելի ձևավորմանը», - ասաց Բադասյանը:
Սահմանադրական Դատարանի ճգնաժամը պետք է լուծվի։ Առաջարկվող օրենքը ժողովրդավարական է, հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը՝ վստահեցնելով՝ վհուկների որս չի լինելու, ոչ մեկը ապօրինի չի բանտարկվելու։
«Մենք էս հարցը պետք է լուծենք, բայց ոչ թե դուռը փակելով և այդ մարդկանց ներս չթողնելով, այլ ինստիտուցիոնալ ճանապարհով, օրենքով, եթե պետք է սահմանադրական փոփոխություններով, գնանք նաև մարդկանց հարցնենք հանրաքվեով, իսկ սա ընդամենը հնարավորություն է մեր պարզած ձեռքը օդում չթողնելու, պատվով հեռանալու», - նշեց Միրզոյանը:
Սահմանադրական դատարանի գործունեությանը իրավաքաղաքական գնահատական տալու փոխարեն, նրանց առաջարկվում է արտոնյալ պայմաններով պաշտոնաթող լինել։ Իշխանությանը դիմեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ և հնչեցրեց իր գնահատականը։
«Գրեթե բոլոր դեպքերում Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացն ուղեկցվել է քաղաքական հետապնդումներով, ջարդարարությամբ, քաղաքական կուսակցությունները ջարդուփշուր անելով, բանտարկություններով և սպանություններով», - ասաց Բաբաջանյանը:
Ընդդիմություն-իշխանություն բանավեճը բովանդակայինից վերածվեց լեզվակռվի. շարունակվեց փոխադարձ մեղադրանքներով, որակումներով։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Լուսավոր Հայաստան»-ից հնչող քննադատությունները պիտակավորեց, Գորգիսյանի պատասխանը չուշացավ։
«Հերիք է գալ էս ամբիոնից խոսել՝ գեղեցիկ բառեր օգտագործելու համար, միկրաֆոններ ծռել նրա համար, որպեսզի Youtube-ում հայտնվես կամ որևիցե ձևով աչքի ընկնես», - ասաց Սիմոնյանը:
«Ի՞նչ է նշանակում գալ և հայտարարել՝ «միկրաֆոն եք ծռում, Youtube եք ուզում ընկնեք: Եթե ձեր հետ համաձայն չենք, ուրեմն Youtube-ի խնդիր ենք լուծո՞ւմ, դուք մենակ կարող եք գալ ստեղ միկրաֆոն ծռել», - արձագանքեց Գորգիսյանը:
Ընդդիամդիրների խոսքի ու գործի հակասությանն անդրադարձավ խորհրդարանի ղեկավարը։ Կոչ արեց չտրվել հին խաղերին, չպաշտպանել հին Հայաստանի բաստիոնը։
«Մի պահեք ոչ մի բաստիոն հին Հայաստանի, որը կոռումպացված Հայաստանի, ավտորիտար Հայաստանի բաստիոններից մեկը կարող է լինել, դրա կարիքը դուք չունեք, հավատացնում եմ ձեզ: «Լուսավոր Հայաստանի» մասին, հարգելի գործընկերներ, մենք շատ հարցերում համակարծիք ենք եղել, էնքան, որ մենք ինչ-որ փուլում միասին եղել ենք դաշինքի մեջ և եղել ենք խորհրդարանական ֆրակցիա, բայց հենց ստեղ է մեր տարբերությունը, որովհետև շատ բաներ մենք ասում ենք սենց է ճիշտ, հենց որ գալիս է անելու պահը, դուք ասում եք՝ վույ-վույ-վույ, աման-աման-աման», - ասաց Միրզոյանը:
Նախագիծն ընդունվեց միայն իշխող խմբակցության ձայներով՝ 83 կողմով։ Ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին։ Երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը։
Այս նախագծի հասցեատերերից ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում արձագանքել է միայն ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Առաջարկվող տարբերակը վիրավորական է համարել, մյուսները լռում են։ Վաղաժամ կենսաթոշակային համակարգի մասին ամիսներ առաջ խոսեց բարձր դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը՝ դա համարելով ճգնաժամի լուծումներից մեկը։ Հենց նա էլ առաջին անգամ բարձրաձայնեց Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին: