Պաշտպանության նախարարության համար սկզբունքորեն ընդունելի չէ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրերս շրջանառության մեջ դրված արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենսդրական նախաձեռնությունը:
Իշխանական պատգամավորն առաջարկում է 10 մլն դրամ պետական բյուջե վճարելու դեպքում բանակում ծառայել ընդամենը 1 ամիս:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիմնավորելով իրենց դիրքորոշումը՝ ընդգծեց նաև նախագծի հետ կապված մտահոգությունները․ - «Հայաստանի Հանրապետության սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է հետևյալը՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը, ինչը ենթադրում է, հիմք է դնում պարտադիր զինվորական ծառայության համար: Մեզ համար օրենքով սահմանված զինվորական ծառայության ձևերը սպառիչ են, և մեր կարծիքով, այդ պարտավորությունը չպետք է դիտարկել որպես որոշակի գումարի դիմաց պարտավորությունը կասեցնելու հնարավորություն: Այսինքն այն ձևաչափը, որն այսօր պարոն Սարգսյանն առաջարկել է, ես մեր գործընկերոջն էլ եմ ասել անձամբ, որ դա սկզբունքորեն մեզ համար ընդունելի չէ»:
Բալայանի պնդմամբ, միջազգային այն փորձը, որը որպես հիմք բերվում է նախագծում, ընդհանրապես կիրառելի չէ Հայաստանում։ Զորակոչվելուց հետո ցանկացած հայ զինծառայող անցնում է առնվազն 5 ամսվա ուսումնական փուլ, 17 առարկա՝ նախքան բուն զինվորական ծառայության անցնելը։ Եվ այս մոդելը, ըստ Բալայանի, վերցված չէ որևէ այլ երկրի օրինակից, այս ուսումնական ծրագիրը մշակվել է հատուկ Հայաստանի զինված ուժերի համար։
Պատգամավոր Հայկ Սարգսյանը այս նախագիծը շրջանառության մեջ դնելիս հղում էր անում դեռ 2004-ից գործող կարգավորմանը, համաձայն որի 27 տարին լրացած և ծառայությունից խուսափելու հոդվածով հետապնդվող քաղաքացիները կարող են խուսափել պատասխանատվությունից՝ վճարելով ամեն բացակա զորակոչի համար 200 հազար դրամ: 18 զորակոչի դեպքում՝ 3 մլն 600 հազար դրամ:
Գաբրիել Բալայանն այսօր վերահաստատեց, որ նշված օրենքն այլևս չի երկարացվելու, և հորդորեց 27 տարին լրացած տղամարդկանց մինչև մարտի մեկը վերադառնալ Հայաստան․ - «Դրանից հետո արդեն ենթադրվում է քրեական պատասխանատվություն»:
Արցախի զորամասերից մեկում դեկտեմբերի 2-ին մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները մի քանի օր առաջ եկել էին Ազգային ժողովի մոտ՝ պարզաբանումներ ստանալու, թե ինչի հետևանքով է մահացել 21-ամյա զինվորը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու հոդվածով։
Սպանված զինվորի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանն այդ օրը նաև ասել էր, թե այս զորամասում սա միակ դեպքը չէ՝ թվարկելով սեռական բռնության, ականի պայթյունի, ծեծի մի քանի պատմություններ։
Բալայանն այսօր ասաց, թե այդ հայտարարությունների մի մասը հիմնազուրկ է և անբովանդակ․ - «Այդ զորամասը բավական տպավորիչ մարտական ուղի ունի: Այնտեղ հրամանատարները փոխվել են, պլանային փոխատեղումները միշտ տեղի են ունենում: Եվ կենտրոնանալ կոնկրետ մի զորամասի վրա, դա գտնում եմ սխալ: Որովհետև նույն այդ զորամասում դուք հարցրե՞լ եք, թե քանի հատ հայրենիքի մատուցած ծառայությունների համար պարգևատրված սպա է զինծառայություն անցնում: Ե վերջո, եկեք չմոռանանք, որ այն հերոսությունները, որ բոլորս այսօր պարծենում ենք, Քյարամ Սլոյանի ծառայած զորամասն է դա, Ուրֆանյան Արմենակի ծառայած զորամասն է դա: Եկեք սա չմոռանանք: Այսինքն զորամասով պայմանավորելը որևէ բացասական դեպք ես գտնում եմ անթույլատրելի»:
Սպանված զինվորի ծառայակից 20-ամյա Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բալայանը փոխանցեց, որ դրական դինամիկա կա, սակայն դեռ ծայրահեղ ծանր վիճակում է:
Ինչ վերաբերում է բուն գործի քննությանը, Բալայանն ասաց, որ չի կարող մանրամասներ հաղորդել․ - «Որևիցե տեղեկատվություն հրապարակելու թույլատրելիության աստիճանը որոշում են նախաքննության մարմինը և դատախազությունը»:
Բալայանը նաև փոխանցեց, որ շփման գծում այս պահին համեմատաբար հանգիստ վիճակ է, կրակոցների քանակը գոնե վերջին մեկ շաբաթվա ընթացքում ո՛չ նվազել, ո՛չ ավելացել է:
Ամփոփելով ասուլիսը՝ Գաբրիել Բալայանն ասաց, որ 2020 թվականին պաշտպանության ոլորտում մի շարք օրենսդրական փոփոխություններ են ակնկալվում: