Մատչելիության հղումներ

«Ուզում եմ պատճառն իմանալ՝ ինչո՞ւ է որդիս սպանվել». Մահացած զինծառայողի հարազատների բողոքի ակցիան Աժ-ի մոտ


Արցախի պաշտպանական բանակում երկու օր առաջ մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները Արմավիրի մարզի Արտաշար համայնքից այսօր եկել էին Ազգային ժողովի մոտ՝ պարզաբանումներ ստանալու՝ ինչի հետևանքով է մահացել 21-ամյա զինծառայողը։

Հարազատների, ընտանիքի անդամների հետ Երևան էին եկել նաև համագյուղացիները, նրանց միացել էին հարևան Զարթոնք համայնքից։

Արցախի պաշտպանության նախարարության հայտնած տվայլներով՝ Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է դեկտեմբերի 2-ին ժամը 6:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Իսկ նրա ծառայակից 20-ամյա Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է: Վերակենդանացման բաժանմունքում է։ Այլ մանրամասներ իրավապահները դեռ չեն հայտնում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու հոդվածով։ Չնայած պաշտոնական տվյալներին, հարազատներն ասացին՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում ինքնասպանության վարկածի մասին լուրեր են ընթերցել, զայրացել՝ կարծելով, թե այդպիսով փորձում են կոծկել իրականությունը։

«Ամոթանք էլ եմ գրել այդ լրատվականներին, որ գրել են, որ երեխան ինքնասպան է եղել: Եթե դուք չգիտեք, եթե գործը քննվում է, քննության մեջ է, ի՞նչ իրավունքով եք նման բաներ գրում», - ասաց հարազատներից մեկը:

Արթուր Աջամյանը եզդիաբնակ համայնքից է, ծառայության մեկ տարին էլ դեռ չէր լրացել։ Դեպքից մեկ օր առաջ մոր հետ խոսել է, ծառայությունից չի դժգոհել։ Որդու հետ զրույցից մանրամասներ պատմեց Գոհար Ֆերոյանը։

«Ես նենց կորուստ եմ կորցրել, որ սաղ կյանքս ման գամ, ես իմ բալին չեմ կարա գտնեմ, հետ բերեմ, ես ուզում եմ պատճառն իմանամ՝ ինչի համար ա որդիս սպանվել: Ամսի 1-ին իմ էրեխեն իմ հետ խոսացել ա՝ «մամա ջան, ես դիրքերում եմ, ամեն ինչը լավ ա, մամ ջան, մի նեղվի, մի մտածի», էկել ա ժամը 2-ին իրա ծնունդի օրը, իմ էրեխու զանգին եմ սպասել, իմ աչքն իմ էրեխու զանգին ա էղել, ասի՝ «բալա ջան, խի չես զանգում», ինձ ոչ մի բան չասեց», - ասաց Գոհար Ֆերոյանը:

Մինչդեռ պապիկը՝ Խատիֆ Աջամյանը ճիշտ հակառակը պատմեց։ Ընտանիքին գուցե խնայել է, բայց հարազատներից մեկին ծառայությունից դժգոհել։

«Անմիջապես հորողբորս թոռնիկին ասել ա՝ «էսի ձեր տեղը չի, չգաք ծառայելու», - նշեց Խատիֆ Աջամյանը:

Զինծառայողի հուղարկավորությունը դեռ չի եղել։ Երեկ դիահերձմանը մասնակցել է նաև պապիկը, որն ասաց՝ մարմնի վրա բռնության հետքեր է նկատել․ «նախնական վերքերը կան ձեռքերի վար, մարմնի վար, ոտքերի վար՝ աջ ոտքի վար»:

Արթուրի հարազատները պահանջում էին հանդիպում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Քոչարյանից բացի նրանց հանդիպեցին մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Ոչ մի բան չի կոծկվելու, իմացեք, հաշվեք՝ ես ձեզանից մեկն եմ», - ասաց Զոհրաբյանը:

Անդրանիկ Քոչարյանը պահանջը լսելուց հետո վերադարձավ իր աշխատասենյակ, հարցը Քննչական կոմիտեի ներկայացուցիչների, Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ քննարկելուց հետո վերադարձավ ու խոստացավ՝ այս գործը մութ էջեր չի ունենա:

«Եթե էսօր մենք ունենք պատշաճ փորձաքննություն, կասկած չունենաք, որ մենք ունենալու ենք նաև պատշաճ քննություն», - նշեց Քոչարյանը:

Հայարփի Սարգսյանն ասաց՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հայտնի կլինի մեկ ամսից: Գործով ձերբակալված անձ չկա, կասկածյալների մասին էլ դեռևս տեղեկություններ չեն հայտնում: Մահացած զինծառայողի հարազատները Անդրանիկ Քոչարյանի վստահեցումներից անմիջապես հետո հեռացան։ Նրանց ակցիան խորհրդարանի դարպասներից դուրս ընթացավ, մուտքը շղթայված էր ոստիկանական ջոկատներով։

XS
SM
MD
LG