Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հաստատեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը


Կառավարության ներկայացրած նախագիծն ընդունվեց 77 կողմ և 37 դեմ ձայներով: Դեմ են քվեարկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

«Մեր գործերը լավ են», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն առաջ՝ իր եզրափակիչ խոսքում ևս մեկ անգամ պնդելով, թե բյուջեն հեղափոխական է, և հավելելով․ - «Էս ամեն ինչը ցույց ա տալիս, որ մեր գործերը ավելի են լավանալու»:

Մինչև այդ եզրահանգումը, վարչապետը ներկայացրեց հիմնական ոլորտներում այն փոփոխությունները, որոնք արդեն տեղի են ունեցել և նրանք, որոնք ծրագրված են հաջորդ տարվա եկամուտներն ու ծախսերն ամփոփող փաստաթղթում:

Մասնավորապես պաշտպանության ոլորտում, Փաշինյանի փոխանցմամբ, ծախսերը 2018 թվականի մայիսից ի վեր ավելացել են 28 տոկոսով․ - «Կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել, էլի տեսանելի ժամանակահատվածի համեմատ, աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ»:

Նիկոլ Փաշինյանը նաև մի քանի ցուցանիշներ ներկայացրեց․ տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով արդեն 7,5 տոկոս է կազմում, Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է հետխորհրդային երկրների շարքում, աճել են արդյունաբերությունը, առևտուրը, ծառայությունները, արտահանումը, գնաճը կայուն և ցածր է, 2019-ի բյուջեն 89 միլիարդ դրամով գերակատարվել է:

Հայաստանը, վարչապետի խոսքով, նաև համալրել է միջազգային պահուստները․ - «Ընդ որում սա վիճակագրական ցուցանիշ չի, սա փող ա, որ ընտեղ դրած ա: Կարող եք հանձնաժողով կազմել, գնալ ստուգել, նաև հաշվել»:

Գյուղատնտեսության ոլորտում, ըստ վարչապետի, որ տարիներ շարունակ այստեղ ուռճացված աճ է ցույց տրվել, կեղծ մթերումների և կեղծ արտահանումների միջոցով գյուղատնտեսությանը վերաբերող թվերն աճել են՝ շեշտելով, որ այժմ նման պրակտիկա չկա․ - «Չգիտե՞ք դուք դրա մասին: Որ կեղծ, իբր Հայաստանից խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյակներ են բերել, որ ձևակերպեն հայկական կոնյակ և այլն: Մենք փակել ենք դրա ճանապարհը»:

Վարչապետը կշտամբեց այն ուժերին, որ վիճակագրությունից ընտրում են անկման մասին ցուցանիշներն ու փորձում թյուր տպավորություն ստեղծել․ - «Օրինակ, հունիս ամսին, երբ որ մենք ընդամենը 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք, այդ 3,3 տոկոսը դարձել էր հակահեղափոխական դրոշ մեզ ու ձեզ հայտնի անձանց ձեռքին»:

Ընդդիմության մյուս քննադատությանը, թե սա լավ է, սակայն քիչ է, Փաշինյանն այսպես արձագանքեց․ - «Բարձրանում ենք սանդուղք, որը ունի հարյուր աստիճան: Որպեսզի մենք հարյուրերորդ աստիճանին հասնենք, պետք է անցնենք մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ․․․ լավ, կարանք լոնքերով էրկու-էրկու թռնենք, իրեք-իրեք: Հիմա մենք չորս ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ չէ, ոնց եք չորս թռնում, տասերկու թռեք միանգամից: Չի կարող լինել էդպիսի բան, ընդհանրապես ոչ մեկը չի կարող անել էդպիսի բան: Չնայած մեզ դուր ա գալիս, անկեղծ ասեմ: Մեզ դուր ա գալիս, որ դուք մեզ ասում եք տասերկու թռեք, քսանչորս թռեք: Մեզ դա դուր ա գալիս: Դուխ տվեք մեզ, և մենք կթռնենք անպայման»:

Որպես հեղափոխական մոտեցման ապացույց, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը սկսել է գործարարներին վճարել տասնամյակներով կուտակված պարտքը, որը ստանալու հույս բիզնեսմեններն այլևս չունեին․ - «Մարդը, որ հույս չի ունեցել, որ էդ փողը վաղուց գրել են սառույցին, մենք իրան գնում ենք, ասում ենք՝ եղբայր, կարող ա՞ փող ա պետք ձեզ, կամ մենք պարտք ենք ձեզ․․․ Մենք չենք էդ պարտքը կուտակել, [այլ] նախկին, նախկին, նախկին, նախկին, նախկին կառավարությունները, բայց մենք փակում ենք էդ պարտքը»:

Սա, վարչապետի համոզմամբ, լավ հիմք է, որ օտարկերկրյա ներդրումները Հայաստանում աճեն․ - «Օտարերկրացի ներդնողը պետք ա առավոտ արթնանա, իրիկունը չամադաններով փողը բերի Հայաստա՞ն: Հետևում են պրոցեսներին, և էս ա, որ բերելու ա օտարերկրյա ուղղակի ներդրում»:

Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին Հայաստանն առաջ է անցել Վրաստանից մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Հայաստանը, իսկ 2020 թվականին առաջ կանցնի նաև Ադրբեջանից․ - «Սանդղակում 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը լինելու ա առաջինը, և սա ա տնտեսական հեղափոխության դրոշը»:

Այս բոլոր արդյունքներ, ասաց Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շնորհիվ է հնարավոր եղել իրականություն դարձնել․ - «Այդ բանաձևը, որ ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը որդեգրի ինքը իր համար, և բնականաբար, ես էլ ինձ համար պիտի որդեգրեմ, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ»:

XS
SM
MD
LG