Մատչելիության հղումներ

ՄԽ համանախագահ երկրները «առանց արհեստական ձգձգումների առարկայական բանակցությունների» կոչ են անում


Սլովակիա - ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի մասնակիցները, Բրատիսլավա, 5-ը դեկտեմբերի, 2019թ․
Սլովակիա - ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի մասնակիցները, Բրատիսլավա, 5-ը դեկտեմբերի, 2019թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները հերթական անգամ ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ստատուս քվոն անընդունելի է, ուստի կոչ են անում կողմերին առանց արհեստական ձգձգումների առարկայական բանակցություններ վարել:

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերը երեկ հայտարարությամբ են հանդես եկել, որում վերահաստատում են իրենց հավատարմությունը ղարաբաղյան խաղաղ կարգավորման միջնորդական առաքելությանը:

Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում ղարաբաղյան շփման գծում և միջազգային սահմանին բռնությունների համեմատաբար ցածր մակարդակը և արձանագրում, որ կողմերը լիարժեք օգտագործել են ուղիղ հաղորդակցության ուղիները՝ լարվածության ռիսկը նվազեցնելու համար, ինչպես պայմանավորվել էին արտգործնախարարները Վաշինգտոնում հունիսին տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ:

«Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին առանց հապաղելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացվեն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները հումանիտար և անվտանգային միջոցառումների գծով», - ասված է հայտարարությունում:

Հայտարարության հեղինակները վերահաստատում են, որ «արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում ու հավասար իրավունքներ»:

«Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ուստի մենք կոչ ենք անում կողմերին առանց արհեստական ձգձգումների և պայմանների բարեխղճության մթնոլորտում առարկայական բանակցություններ վարել», - նշված է հայտարարությունում:

Մանրամասները տե՛ս այստեղ


XS
SM
MD
LG