Մատչելիության հղումներ

«Գաղափարը համայնքների հետ աշխատանքն է»․ Բասենում վերաբացվեց USAID-ի աջակցությամբ վերակառուցված մանկապարտեզը


ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը այսօր վերահաստատեց՝ ամերիկյան կառավարությունը մեծացրել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական գործընթացների շնորհիվ:

«Միացյալ Նահանգների կողմից նկատվում է ժողովրդավարացման ուղղությամբ առաջընթացը, և հաշվի է առնելով հանգամանքը՝ նաև մեր վաշինգտոնյան պաշտոնյաները նկատեցին այդ ամենը, արդյունքում ավելացվեց ֆինանսավորումը, որի շնորհիվ մենք կարողացանք լրացուցիչ ծրագրեր իրականացնել», - ասաց Դեբորա Գրիզերը:

Մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ 2019 թվականին Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով՝ կազմելով 60 միլիոն դոլար: Ամերիկյան աջակցությունը ներառել է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը:

USAID-ին հատկապես համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնում: Այն, ինչի կարիք ունեն համայնքները, հենց այդ առաջարկներն էլ տեղ կգտնեն գործակալության իրականացվելիք ծրագրերում:

Հարցին արդյո՞ք սահմանափակում չի լինի՝ հաշվի առնելով, որ համայնքներում խնդիրները շատ են, ըստ այդմ էլ առաջարկները կարող են շատ լինել, Դեբորա Գրիզերը պատասխանեց․ «Իրավացի եք, կարող են շատ գաղափարներ լինել, բայց այն պետք է լինի ողջամիտ և այնպիսի գաղափար պետք է լինի, որը միտված է համայնքի զարգացմանը»:

Բասեն համայնքում այսօր վերաբացվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, ինչպես նաև կառավարության տրամադրած 60 տոկոս սուբվենցիայով և 40 տոկոս համայնքային ներդրմամբ վերակառուցված մանկապարտեզը: Խոշորացված Ախուրյան համայնքին միացված Բասենի 90 փոքրիկների համար է վերանորոգվել ու կահավորվել մանկապարտեզը: Խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը կարևորեց համայնքների համաչափ զարգացումը:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք հավասարաչափ զարգացում ապահովենք խոշորացված համայնքում: Սա նույնպես կարևորում եմ, որովհետև խոշորացված համայնքի կենտրոնը տարբերվում է իր բոլոր գործառույթներով և ենթակառուցվածքների առկայության մնացած բոլոր հնարավորություններով», - նշեց Իգիթյանը:

Բասեն համայնքից այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը մեկնարկեց նաև մեկ այլ ծրագիր, որը թակելու է բոլոր համայնքների դռները:

«Վերջին տարվա ընթացքում Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորումը շուրջ 40 տոկոսով ավելացել է և նոր ծրագրերից մեկը, որ մենք նախաձեռնել ենք դա «Աջակցություն Հայաստանին» նախաձեռնությունն է: Այս ծրագրի շրջանակներում համայնքային ծառայության արշավ է իրականացվելու Հայաստանի բոլոր 10 մարզերում, իսկ այդ ծրագրի մեկնարկը տրվել է Շիրակի մարզից: Գաղափարը համայնքների հետ աշխատանքն է, համայնքների կարիքները հասկանալը, տեսնել ինչ է ցանկանում համայնքը և հետո այդ համատեքստում դիտարկել, թե ինչով կարող է օգտակար լինել Միջազգային զարգացման գործակալությունը», - ընդգծեց Դեբորա Գրիզերը:

ԱՄՆ զարգացման միջազգային գործակալությունում համարում են, որ Բասենի մանկապարտեզի վերանորոգումը հրաշալի օրինակ է, թե ինչպես կամավորները կարող են նպաստել իրենց համայնքի զարգացմանը: Արշավի նպատակն է ներգրավել կամավորների իրենց համայնքներում առկա տարբեր խնդիրների լուծման գործում:

XS
SM
MD
LG