Մոսկովյան եռակողմ բանակցությունների ավարտին հետևեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են, որ մտադիր են շարունակել դիվանագիտական ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը։ Արձանագրված է, որ հակամարտող կողմերը շահագրգրված են շփման գծում իրավիճակի կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Կողմերը նաև պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կալանավորված անձանց մտերիմների այցելությունը։ Նախարարները մարդկանց շփումների, լրագրողների փոխայցելությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործնական աշխատանք սկսելու պատրաստակամություն են հայտնել։ Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում։
Այսօր ավելի վաղ, պատասխանելով մոսկովյան բանակցություններից իր սպասումների մասին հարցին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր․ - «Ես հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ մենք տվել արտաքին գործերի նախարարներին Ադրբեջանի նախագահի հետ, այդ հանձնարարականը կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակը, մեր օրակարգերը, օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալ»:
Հայաստանի վարչապետը հավելել է, որ եռակողմ ձևաչափով բանակցությունների մեջ տարօրինակ բան չկա, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է. - «Այդպիսի պրակտիկա եղել է և կլինի: Ե՛վ Ռուսաստանի արտգործնախարարի հովանու ներքո կարող է լինել, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների: Այնպես որ, ոչ մի արտառոց և տարօրինակ բան չեմ տեսնում»:
Ռուսաստանի արտգործնախարարությունում այսօր կայացել են ղարաբայան խնդրի կարգավորմանը նվիրված մի շարք հանդիպումներ։ Առավոտյան նախ հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Հետո կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով բանակցությունները, ինչից հետո էլ նրանց են միացել նաև ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայցուցիչ Անջեյ Կասպշիկը:
Մինչև այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակացուցչին ընդունել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած կարճ հաղորդագրության համաձայն, Կարասինի հետ հանդիպմանը քննարկվել է բանակցային գործըթնացի ներկայիս փուլն ու համանախագահող երեք երկրների ջանքերի կոորդինացումը։
Ավելի վաղ ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը գրել էր, որ այսօրվա հանդիպումը անցնում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Վիեննայում մարտի 23-ին կայացած առաջին պաշտոնական բանակցությունների լույսի ներքո:
Որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները առաջիկայում պետք է հանդիպեն, հայտնի էր դարձել Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո։ Իսկ ապրիլի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ հանդիպումը անցնելու է եռակողմ ձևաչափով․ Մնացականյանի հետ հանդիպմանը ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։
Վիեննայում կայացած բանակցություններից հետո նախ Հայաստանի վարչապետն էր զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ներկայացրել բանակցությունների ընթացքը, իսկ հաջորդ օրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Վիեննայում կայացած հանդիպմանը հետևել էր Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը, որում մասնավորապես նշված էր, որ բանակցություններին Ալիևն ու Փաշինյանը ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և հետագայում կոնկրետ ու շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով։
Ռուսաստանը, որոշ փորձագետների կարծիքով, ղարաբաղյան բանակցություններում նորից ուզում է ստանձնել գլխավոր միջնորդի դերը, ինչպես դա եղել է 2009-11 թվականներին, երբ Ռուսաստանի այդ տարիների նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախաձեռնել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շուրջ տասը հանդիպում։ Մեդվեդևի նախաձեռնությունը տապալվեց Կազանում 2011 թվականին, երբ վերջին պահին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել արդեն համաձայնեցված փաստաթուղթը: