Մատչելիության հղումներ

Մինչ ինքնալուծարվելը Միլի Մեջլիսը արագորեն ավարտում է գործերը


Ադրբեջանի խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու իշխող կուսակցության նախաձեռնությունը քննարկվելու է օրենսդիր մարմնի դեկտեմբերի 2-ի նիստում: Այս մասին այսօր հայտարարել է խորհրդարանի նախագահ Օքտայ Ասադովը՝ նշելով, որ ինքը ամբողջովին պաշտպանում է այդ նախաձեռնությունը:

Մինչ ինքնալուծարվելը Միլի Մեջլիսը արագորեն ավարտում է գործերը: Այսօրվա նիստում հաստատվել է 2020 թվականի պետբյուջեն, նոր օմբուդսմեն է ընտրվել: Նա 39-ամյա Սաբինա Ալիևան է, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի կինն է:

Ադրբեջան ներկայիս խորհրդարանը ցրելու մասին լուրերը պաշտոնապես հաստատվեցին ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Իշող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհուրդը երեկվա նիստում արդեն պաշտոնապես հանդես եկավ այդ նախաձեռնությամբ: Մամուլի ասուլիսում կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ախմեդովը ասել էր, թե այդ քայլով կուսակցությունը ցանկանում է աջակցել նախագահ Իլհամ Ալիևի կողմից իրականացվող բարեփոխումներին և դրա համար անհրաժեշտ է թարմացել խորհրդարանի կազմը: «Ենի Ազերբայջանի» քարտուղարը իրենց պատգամավորներին կոչ էր արել այդ նախաձեռնությունը խորհրդարանում կյանքի կոչել:

Նրանց խմբակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում, 70 պատգամավոր ունեն ու քաղխորհրդի կոչից հետո նրանք անմիջապես դիմել են հարցը լիագումար նիստում քննարկելու համար:

«Թուրանը» նշում է, որ իշխանությունները, նույն Ալի Ախմեդովը ավելի վաղ կտրականապես հերքում էին խորհրդարանը լուծարելու լուրերը, պնդելով, որ սա շատ լավ և աշխատունակ խորհրդարան է: «Դրական այդ գնահատականները, թե ինչ պատճառով են փոխվել, Ախմեդովը մոռացել է հայտնել», - հեգնում է «Թուրանը»:

Ադրբեջանի խորհրդարանի կազմում 125 պատգամավոր կա, նրանք ընտրվում են 5 տարի ժամկետով: Ներկայիս խորհրդարանը ընտրվել է 2015 թվականի աշնանը:

Խորհրդարանը ցրելու իրավական հիմքերը ընդունվել են 2016-ի սահմանադրական փոփոխություններով: Սահմանադրական դրույթում մի քանի նորմ է սահմանված, թե որ դեպքում երկրի նախագահը կարող է ցրվել խորհրդարանը, դրանք, ըստ էության, վերաբերում են խորհրդարանի պարտականությունների չկատարմանը: Ադրբեջանի փորձագետների կարծիքով ինքնալուծարվելու որոշումը պարզապես արհեստականորեն կհամապատասխանեցվի այդ նորմերից որևէ մեկին:

Գծագրված սցենարը իրականացնելու դեպքում, իսկ դրանում Ադրբեջանում կասկածներ չկան, Ադրբեջանում առաջին անգամ խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ կանցկացվեն: Որոշումն ընդունվելուց հետո ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, դա կարող է ընկնել հունվարի վերջ, փետրվարի սկիզբ ժամանակահատվածում:
Ընդհանրապես նկատելի է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նոր խորհրդարան ունենալուց բացի, վերջին շրջանում նաև կադրային զգալի փոփոխությունների է դիմել՝ մինչ այս փոխվեցին ուժային կառույցների ղեկավարները, վարչապետն ու փոխվարչապետը, իսկ այսօր Իլհամ Ալիևի հրամանագրով փոփոխություններ են տեղի ունեցել նրա աշխատակազմում: Մասնավորապես աշխատանքից ազատվել են նախագահի աշխատակազմի հնաբնակներից մեկը՝ քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

XS
SM
MD
LG