Հետախուզում է հայտարարվել Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։ Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) հայտնում են, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ նախկին գլխավոր դատախազը մեղադրյալ է ներգրավվել Մարտ 1-ի գործով։
Կոստանյանը Մոսկվայում է և երկուշաբթի ՀՔԾ-ն առաջարկել էր նրան 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար:
«Ազատության» հետ հեռախոսազրույցում Կոստանյանն ասել էր՝ ժամանակին քննիչին հայտնել է, որ Մոսկվայում աշխատում է, դասընթաց է վարում, և կվերադառնա այն ավարտելուց հետո: Նախկին գլխավոր դատախազը իրեն տրված ժամանակահատվածը ողջամիտ չէր համարել ու հստակ չէր պատասխանել հարցին, թե արդյո՞ք դեկտեմբերին, դասերն ավարտելուց հետո վերադառնալու է Հայաստան, թե՞ ոչ։
«Ֆիզիկապես 48 ժամում կարող էր ոտքով էլ հասներ այստեղ, դա իր պրոբլեմն է», - ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանը Կոստանյանի և հայաստանցի մյուս հետախուզվող նախկին պաշտոնյաների վարույթն իրականացնող մարմին չներկայանալը փախուստ է որակում ու հայտարարում՝ իրենց քայլերով նախկին պաշտոնյաներն ապացուցում են, որ մասնակցել են հանցագործությանը։
«Իրենք պետք է գիտակցեն, որ անընդհատ փախուստի մեջ խնդիր չի լուծվում, ընդհակառակը՝ խնդիրը լուծվում է վերադառնալով Հայաստանի Հանրապետություն: Ի՞նչ է պետք է Հրանուշ Հակոբյանը դիմեր «Արի տուն» ծրագրով, որ գային, պետք է գան», - նշեց Քոչարյանը:
Բացի Կոստանյանից, այժմ Ռուսաստանի Դաշնությունում ևս 3 հայաստանցի հետախուզվող պաշտոնյա կա, որոնցից երկուսը անցնում են 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Նա Ռուսաստանի քաղաքացիություն ունի և ռուսաստանյան կողմը այդ հիմքով դեռ անցած տարի մերժել է նրան արտահանձնելու դիմումը:
Հատուկ քննչական ծառայությունից դեռևս չեն պարզաբանում, թե ինչ հոդվածներով է մեղադրյալ ներգրավվել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Կոստանյանի անունը Մարտի 1-ի գործով շրջանառվեց սեպտեմբերի 25-ին, երբ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց՝ այդ գործով մեղադրյալ է ներգրավվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար:
Ըստ մեղադրանքի, 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ և նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նպատակ են ունեցել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը։
Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ավտոմատներ են բաժանել չգիտեմ ում և այլն, այսինքն՝ խնդիրը դրված էր, որպեսզի մեր կասկածները ուղղված բանակի մասնակցությանը հնարավորինս հեռացնեին և, ըստ էության, կեղծիքների շնորհիվ և կեղծիքների, պարզվում է, ճարտարապետը եղել է նախագահականում նստած պարոն Գևորգ Կոստանյանը:
«Ազատությանն» այսօր չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Գևորգ Կոստանյանից. մեր զանգերն անպատասխան մնացին։