Մատչելիության հղումներ

«Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ի կործանումը քննող միջազգային խումբը նոր վկաներ է փնտրում


Ուկրաինա - «Մալայզիական ավիաուղիներ»-ի կործանված «Բոինգ-777»-ի բեկորները, Գրաբովո, Դոնեցկի շրջան, 17-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - «Մալայզիական ավիաուղիներ»-ի կործանված «Բոինգ-777»-ի բեկորները, Գրաբովո, Դոնեցկի շրջան, 17-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի Դոնբասում «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ի կործանումը հետաքննող միջազգային քննչական խումբը երեկ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե նոր վկաներ է փնտրում, ովքեր կարող են մանրամասներ պատմել Դոնբասի անջատողականների հրամանատարական կազմի և ռուս պետական պաշտոնյաների հետ նրանց կապի մասին:

Միջազգային խումբը պարզել է, որ Ռուսաստանի պաշտոնյաների և ինքնահռչակված հանրապետությունների ղեկավարների միջև հարաբերություններն ավելի խորն են, և Ռուսաստանի աջակցությունն այդ միավորումներին ավելին է, քան պարզապես ֆինանսական աջակցությունը: Հենց այս նոր տեղեկությունների պատճառով «Բոինգ»-ի կործանման պատճառները հետաքննող խումբը նոր վկաներ է փնտրում:

Ի պաշտպանություն վարկածի, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության առաջնորդները կարող են հրահանգներ ստանալ Ռուսաստանից, միջազգային խումբը երեկ հրապարակել է գաղտնալսված հեռախոսազրույցներ: Հեռախոսազրույցներում հնչում են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Սուրկովի անունները:

Քննիչներն ասում են, թե այս գաղտնալսված խոսակցությունների բովանդակությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածվում է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության վարչական, ֆինանսական և ռազմական հարցերի վրա:

Ռուսաստանցի պաշտոնյաների և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարների միջև սերտ կապերը կասկածներ են հարուցում, որ «Բոինգ»-ը խոցած «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայումը տեղի է ունեցել ռուս պաշտոնյաների որոշակի մասնակցությամբ:

Հիշեցնենք, «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավը կործանվել է 2014 թվականի հուլիսին ռուս-ուկրաինական սահմանին, որտեղ այդ ժամանակ թեժ մարտեր էին ընթանում: 298 մարդ զոհվել է, այդ թվում՝ երեխաներ:

XS
SM
MD
LG