«Բուկ» զենիթահրթիռային համակարգը, որով խոցվել է «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթն իրականացնող «Բոինգ»-ը, Դոնբաս հասցնելուն ենթադրաբար մասնակցել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) գեներալ 50-ամյա Օլեգ Իվաննիկովը: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայում տեղակայած Bellingcat անկախ վերլուծական խմբի և ռուսական The Insider պարբերականի համատեղ հետաքննությունում:
Դրա հեղինակները հանգել են այն եզրակացության, որ հենց տվյալ անձն է եղել ավելի վաղ հրապարակված հեռախոսազրույցի մասնակիցներից մեկը, որում հիշատակվում էր «Բուկ»-ը:
Զրույցների ձայնագրությունները կցված են «Բոինգ»-ի կործանման միջազգային հետաքննության գործին:
Լրագրողների տվյալներով, Օլեգ Իվաննիկովը համակարգել է 2014 թվականին Լուգանսկում ռուսամետ անջատականների մարտական գործողությունները՝ այդ թվում նրա պատասխանատվության տակ էր ռազմական տեխնիկայի տեղափոխումը Ուկրաինայի արևելք:
Դոնբասում չորս տարի առաջ կործանված մալայզիական ինքնաթիռը, ըստ ավիաաղետը հետաքննող հոլանդացի դատախազների, խոցվել էր Ռուսաստանի զինված ուժերի զենիթահրթիռային 53-րդ բրիգադին պատկանող «Բուկ» համալիրից: Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, 298 մարդ է զոհվել: