Մատչելիության հղումներ

Ավագանու անդամը կասկածի տակ է առնում Գյումրիում գույքի օտարման գործընթացի օրինականությունը


Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ: 14-ը նոյեմբերի, 2019 թ․
Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ: 14-ը նոյեմբերի, 2019 թ․

Գյումրիի քաղաքապետարանը համայնքի ավագանուն առաջարկում է քաղաքապետարանի հաշվեկշռից հանել մեկ տասնյակից ավելի անշարժ գույք, քանի որ կա՛մ դրանք այլ սեփականատեր ունեն, կա՛մ էլ հասցեները կան, բայց գույքը չկա:

Օրինակ, վաղուց օտարված Մայիսյանի կաթսայատունը, «Հոկտեմբեր» կինոթատրոնը կամ Տրոլեյբուսային պարկի վարչական շենքը դեռ քաղաքապետարանի հաշվեկշռում են, այնինչ բոլորին է հայտնի, որ դրանք վաղուց այլ տերեր ունեն:

Պարզվում է՝ քաղաքապետարանում փնտրել ու արխիվում այդպես էլ չեն գտել օտարման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը:

Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը փաստաթողթերի տրցակ է ցույց տալիս, թե առայժմ ինչ գույք են կարողացել հայտնաբերել, որն այլևս քաղաքապետարանինը չէ:

«Հոկտեմբեր» կինոթատրոնը վաղուց օտարված է «Մոսկվա» կինոթատրոնին, սակայն մինչև օրս քաղաքապետարանի հաշվեկշռում է: Ընդամենը օրեր առաջ են կարողացել ձեռք բերել սեփականության վկայականը:

Ջիլավյանը շարունակում է, թե օտարելու փոխարեն այն կարող էր մնալ քաղաքապետարանի հաշվեկշռում ու միջոցառումների համար ոչ թե վարձակալության վճար տային, այլ կարողանային որպես համայնքային շենք օգտագործել․ - «Միշտ կինո «Հոկտեմբերի» հետ պայմանագիր ենք կնքել, փող ենք փոխանցել, որպեսզի մեր միջոցառումներն անենք այնտեղ»:

Արդյոք համանքապատական գույքը ետ բերելու մեխանիզմ կա՞: Լենա Ջիլավյանը մի օրինակ հիշեց՝ Երիտասարդական պալատի շենքը կարողացել են հետ գնել․ - «Պատկերացնում են, համայնքին պատկանող շենքը օտարել են, թե նվիրատվություն են արել, ես չգիտեմ: Բայց ամեն դեպքում ուրիշինն էր արդեն: Մենք հետ ենք առել 30 միլիոն դրամով: Եվ շենքի վերանորոգման համար բավականին գումար ենք ծախսել, ու դա դարձել է շատ գեղեցիկ Երիտասարդների պալատ»:

Մայիսյանի կաթսայատունը 280 մլն դրամով է օտարվել, գնորդն էլ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն էր: Մնացածը թե ինչ արժեքով են օտարվել, հայտնի չէ, քանի որ արխիվային փաստաթղթեր չկան:

Իսկ թե որքանո՞վ են դրանք օրինական ճանապարհով օտարվել կամ արդյո՞ք արժեքը ճիշտ է գնահատվել, այս հարցերի պատասխանը ըստ Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի, իրավապահները կարող են տալ:

Բարսեղյանը պատրաստվում է դիմել դատախազություն․ - «Հարկավոր է բացահայտել, եթե կա հանցագործություն, հանցագործին գույքային պատասխանատվության, չգիտեմ, քրեական կամ ինչ է հետևում սրանից, որպեսզի համայնքին հասցված վնասը փոխհատուցվի»:

Մեկ այլ հանցակազմի մասին էլ բարձրաձայնեց Բարսեղյանը․ - «Պիտի պարզվի, թե ինչու ես կեղծ փաստաթուղթ փոխանցել: Եթե դու դա օրինական ճանապարհով օտարել ես, ինչո՞ւ գույքացանկից չես հանել դա․․․ Այս պրոբլեմները պիտի կարգավորվեն, լուծվեն: Եվ ես չեմ համարում, որ այդ ցուցակները սպառիչ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG