Մատչելիության հղումներ

Փաշինյանը շարունակում է պնդել, որ ԼՂ-ն պետք է ներգրավվի բանակցային գործընթացում


Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է տեսակետը, որ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում:

Փաշինյանի այս հայտարարությունը հնչում է Ալիևի հետ հանդիպումից առաջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հորդորից անմիջապես հետո:

Վերջիններիս հայտարարության մեջ ասված է․ - «Զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:

«Այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է: Բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն: Այդ բանակցություններում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում: Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաև միջազգային հանրությունը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի, կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ»:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը շեշտել է․ - «Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի կառավարությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»:

Փաշինյանը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքրոշումները՝ բանակցային գործընթացին ընդառաջ․ - «Իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան, մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ այսօրվա համատեղ նիստը նպաստելու է ազգային օրակարգի ձևավորմանը․ - «Եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրև առաջնահերթ խնդիր Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչումը»:

Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության խորհուրդի համատեղ նիստն այսօր մեկնարկել է առավոտյան ժամը 10-ին։

Երեկ հայտարարվեց, որ Ստեփանակերտում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։ Գիշերն արդեն Փաշինյանը Ֆեյսբուքում տեղեկացրեց, որ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության խորհուրդները համատեղ նիստ են անցկացնելու:

Նիստին մասնակցելու հրավերներ են ստացել նաև Անվտանգության խորհրդի անդամ չհանդիսացող Հայաստանի նախագահն ու խորհրդարանի խոսնակը: Նախագահականից վստահեցրել են, թե հրավերը ստացվել է երեկ ուշ երեկոյան, և Արմեն Սարգսյանը չի մասնակցել այսօրվա հանդիպմանը՝ «տեխնիկական պատճառներով»:

Ազգային ժողովի նախագահը, խորհրդարանի լրատվականի փոխանցմամբ, մեկնել է Ղարաբաղ՝ մասնակցելու անվտանգության խորհրդի նիստին։

Հայաստանի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, օրակարգի հիմնական թեման Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ներկա իրավիճակի համատեղ գնահատումն ու համակարգված գործողությունների ուրվագծումն էր: Համատեղ նիստի շրջանակում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ:

Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության խորհուրդները առաջին անգամ են համատեղ նիստ անցկացնում Ստեփանակերտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG