Մատչելիության հղումներ

Նավասարդյան. Համացանցի ազատության առումով կան ճիշտ գաղափարներ, բայց կոնկրետ գործողություն չի արվել


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան, արխիվ
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան, արխիվ

Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցի համաձայն, Հայաստանում ինտերնետն ազատ է: Փորձագետները Հայաստանին 100 հնարավորինից 76 միավոր են հատկացրել:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում նկատեց, որ օրինակ՝ այն, որ Հայաստանում առանց անձնագրի հնարավոր չէ հեռախոսի սիմ քարտի ձեռքբերում, կազմակերպության չափորոշիչներով ազդում է ազատության ցուցիչի վրա:

«ԱՄՆ-ն երկիր է, որ էլի շատ լուրջ է նայում ազգային անվտանգությանը, բայց այնտեղ կարողանում են կանխավճարային սիմ քարտեր առնել, հեռախոսն էլ հետը, որն ամրագրված չի ինչ-որ մարդուն»,- մանրամասնեց նա։

Երկրում համացանցի ազատությունը որոշելիս հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ՝ԶԼՄ-ների ազատությունից մինչև բնակչության համար ինտերնետի հասանելիություն: Մեդիափորձագետը նշեց, որ ցուցանիշների առումով անկում է արձանագրվել ոչ միայն ավտորիտար, այլ նաև ժողովրդավարական որոշ երկրներում, քանի որ օրինակ՝ ֆեյք լուրերի դեմ պայքարող կամ նմանօրինակ այլ նախաձեռնությունները միջազգային կազմակերպությունը որոշ դեպքերում ևս սահմանափակում է համարում:

«Բազմիցս ինչ-որ մարդիկ, նաև քաղաքական գործիչներ խոսում են նրա մասին, որ պետք է սահմանափակումներ մտցնել, որովհետև այսպես էլ հնարավոր չի, այս ինչ կյանք է, հայհոյում են, ֆեյքերի դեմ օրենք պետք է մտցնել, պայքարել, բայց ամեն մի նման օրենք, բնականաբար, թույլ է տալիս իրեն օգտագործել նաև այլ բաների համար, օրինակ՝ դա տեսականորեն դառնում է մեխանիզմ քաղաքական ճնշումների համար։ Հեռու գնալ պետք չի, ԱՊՀ ամբողջ տարածքը նմանատիպ օրենսդրություններով հեղեղված է, իրենք այդ օրենքները միշտ ստեղծում են բարի նպատակներով, բայց օգտագործում լրիվ ուրիշ նպատակներով»,- շեշտեց Սամվել Մարտիրոսյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նկատեց՝ սա համացանցի ազատության մասին զեկույց է, ինչն օբյեկտիվ է համարում, բայց նույն զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ ավանդական ԶԼՄ-ների ոլորտում մեծ առաջընթաց չի գրանցվել: Նավասարդյանը իշխանափոխությունից հետո վերջին մեկուկես տարվա ընթացքում ավելի դինամիկ փոփոխություններ էր ակնկալում։ Նրա կարծիքով, անհերքելի է, որ կա օրենսդրական նախաձեռնությունների կարիք։

«Կան ճիշտ գաղափարներ, նախաձեռնություններ, որոնք որոշակի ուշադրության արժանանում են, բայց կոնկրետ գործողություն այս մեկուկես տարվա ընթացքում չի արվել։ Չկա այնպիսի միջազգային փորձ, որը կարող ենք ուղղակի վերցնել ու մեխանիկորեն տեղափոխել մեզ մոտ»,- ասաց նա։

Բորիս Նավասարդյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս առումով կա գիտելիքի, պրակտիկայի վերլուծության փորձի պակաս, առանց որի դժվար է առաջ տանել օրենսդրական բարեփոխումները. «Բնականաբար, կան անորոշություններ և կասկածներ որոշում ընդունողների մոտ։ Եթե իրենք համոզված չեն, որ այդ քայլն անհրաժեշտ է, ձգում են և այդ քայլը չեն կատարում»,- հավելեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Զեկույցի գնահատականին ֆեսյբուքյան գրառմամբ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հայաստանը աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանն այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը», - գրել է Փաշինյանը, ով նաև հիշեցրել է, որ 2017 թվականին Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում էր:

XS
SM
MD
LG