Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ Տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում


2020 թվականի պետբյուջեի նախագծով պլանավորված են 1 տրիլիոն 602 միլիարդ եկամուտներ: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում եկող տարվա պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

Արձանագրելով, որ 2018-ի բյուջետային եկամուտների համեմատ «ունենք 27,4 տոկոս աճ», վարչապետը շարունակեց․ - «Սա շատ կարևոր է: Ինչո՞ւ 2018 թվականի համեմատ, որովհետև հեղափոխության համատեքստում ինքս բյուջեի աճի կոնկրետ ցուցանիշներ, խնդիրներ եմ դրել, իհարկե, դրանք տասներորդականներով ամբողջական չեն համընկնում, բայց նաև այս տարվա փորձը հաշվի առնելով, հույս ունեմ, որ փաստացի կատարման առումով մենք շատ ավելի լուրջ ցուցանիշներ կարձանագրենք: Ծախսերի առումով ճշգրիտ արդեն համընկնում է այն պատկերացումներին, որոնց մասին ես խոսել եմ հեղափոխությունից առաջ և հեղափոխության ընթացքում: Ծախսերի աճը կազմել է 29,9 տոկոս, այսինքն՝ 30 տոկոսանոց աճ ունենք բյուջեում»:

«Շատ կարևոր է արձանագրել, թե 2018 թվականի համեմատությամբ մարդկային կապիտալում ներդրումների ինչպիսի աճ ունենք: Անկեղծ ասած, այս թվերը տպավորիչ ասելով, շատ մեղմ կգնահատենք, որովհետև առողջապահության ոլորտում 2018 թվականի համեմատ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում ունենք 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում ունենք 21 տոկոս աճ», - ասաց Փաշինյանը:

«Վերջերս շատ քննարկումներ են տեղի ունենում պաշտպանական ծախսերի հետ կապված: Ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի համեմատ 2020 թվականին պլանավորել ենք բյուջետային հատկացումների 25,3 տոկոս ավելացում: Ռազմական ծախսերի հետ կապված ուզում եմ արձանագրել, որ մենք ունենք օրենսդրական որոշակի կարգավորում, և ռազմական ծախսերը մեր կարգավորումներով չպետք է գերազանցեն համախառն ներքին արդյունքի 4 տոկոսը և մենք պետք է մնանք այս շրջանակներում», - նշեց վարչապետը՝ շարունակելով․ - «Բայց նաև շատ կարևոր է արձանագրել, որ ռազմական ծախսերի ոլորտում 2020-ին ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու: Նախկինում ես այդ թեմայի վերաբերյալ հայտարարություններ արել եմ և հույս ունեմ, որ նաև վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները, շոշափելի արդյունքները կմեծացնենք և այդ արդյունքները կուղղվեն նաև Հայաստանի պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը»:

«Շատ կարևոր է արձանագրել, որ մենք նաև որոշակի տնտեսական ակտիվություն և սոցիալական վիճակի փոփոխություն ենք ակնկալում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում: Դուք գիտեք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն իրենց ամբողջ ծավալով: Սոցիալական մասով կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Այսինքն՝ դա նոմինալ չի լինելու աշխատավարձերի բարձրացում, այլ քանի որ մենք Հարկային օրենսգրքում եկամտահարկի համահարթ դրույքաչափ ենք սահմանել, ըստ էության, մոտավորապես 200 հազար քաղաքացիների աշխատավարձը, փաստացի տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով», - հայտարարեց կառավարության ղեկավարը:

«Բացի այդ, մենք կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով: 2020թ. հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ: Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան: Մենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25.500 դրամ, գործող 18.000 դրամի փոխարեն: Ծնելիության աճի խթամանն ուղղված ծրագրեր կիրականացվեն, արդեն ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, դա բնականաբար, կշարունակվի նաև 2020թ.-ին, այսինքն 10 տոկոս ավելացումը կշարունակի ուժի մեջ մնալ: Ունենք ուժային կառույցների աշխատողների միջին աշխատավարձի 10 տոկոս բարձրացում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձի բարձրացում՝ 30 տոկոսով, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերի բարձրացում՝ 20.000 դրամով», - ասաց վարչապետը:

«Գիտեք, որ մենք նաև աղետի գոտու վերաբերյալ մեր քաղաքականությունը որոշակիորեն փոխեցինք, և 2020թ. 3 մլրդ դրամ ենք հատկացրել, որպեսզի լուծենք աղետի գոտու այն բնակիչների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Եվ մենք հիմա մի քանի մոդելներ ենք քննարկում, և այդ մոդելների մի մասն այս տարի արդեն կփորձարկվի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանուր առմամբ, կրկին ուզում եմ ընդգծել, որ բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշների հետ կապված դուք կտեսնեք որոշակի պահպանողական մոտեցում, որոնք մեր քաղաքական և տնտեսական ամբիցիաների ֆոնին հնարավոր է իրականում մի փոքր ավելի ցածր են: Այս տարի ընդունված միջնաժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել ենք, որ մեր քաղաքական խնդիրն է՝ անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին, և այդ մոդելն, ըստ էության, արձանագրված է 2020-2022թթ. ժամանակահատվածում: Մենք հույս ունենք այդ հատվածում հասնել, համապատասխանաբար, 7, 8 և 9 տոկոս տնտեսական աճերի», - ասաց վարչապետը:

«Անկեղծ ասած, սա ես համարում եմ իրատեսական, նաև հաշվի առնելով այն տրամադրությունները, որ մենք ունենք այսօր մեր տնտեսության մեջ: Եթե անկեղծ ասեմ, ես համարում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունը կարելի է հիմա տեսնել արդեն նաև անզեն աչքով», - հայտարարեց պետության ղեկավարը:

Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանում հսկայական ներդրումներ են կատարվում: «Իհարկե, մեր ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ մենք նախատեսել ենք: Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ չնայած մենք որոշակիորեն կապիտալ ծախսերը թերակատարում ենք, նախորդ տարվա համեմատ արդեն իսկ ունենք էական և շոշափելի փաստացի կապիտալ ծախսերի ծավալի որոշակի աճ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Թույլ տվեք ասել, որ հիմա ես Հայաստանի տնտեսության զարգացման և ապագայի վերաբերյալ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, լավատես եմ և վստահ եմ առավել քան երբևէ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և բոլորիս խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն այդ թափը չկոտրվի, այլև հընթացս արագանա և մենք հասնենք այնպիսի ցուցանիշների, որ Հայաստանում սոցիալ տնտեսական Հայաստանում սոցիալտնտեսական բարեփոխումները, սոցիալտնտեսական փոփոխություններն ընթանան ավելի արագ, ավելի արդյունավետ և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար լինեն ավելի տեսանելի», - հայտարարեց կառավարության ղեկավարը:

Նա նաև հայտնեց, որ անցած տարի «բյուջեի նախագծում 4.5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ էր դրված, բայց փաստացի մենք ապահովեցինք 5.2 տոկոս»:

«2019 թվականի առաջին 10 ամսվա տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Գրեթե ակնհայտ է, որ մենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու, բայց եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ Ֆինանսների նախարարությունն այս տարի գնահատում է 6.3 տոկոս տնտեսական աճի հնարավոր ցուցանիշ, չնայած Կենտրոնական բանկը 6.9 տոկոս է գնահատում: Այսինքն՝ 7 պլյուս-մինուս 0.1 տոկոս»: «Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև միջազգային կազմակերպությունների գնահատականների վրա. Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, բոլորն առանց բացառության վերագնահատել են Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները և բոլորն էլ բարձրացման միտումով: Նախկինում իրենց արված կանխատեսումները փոփոխել են պլյուսով, այսինքն միջնաժամկետում ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում Հայաստանի համար, քան նախկինում կանխատեսել էին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG