Մատչելիության հղումներ

Առկա էր ողջամիտ կասկած, և Իվանյանը պետք է ինքնաբացարկ հայտներ․ ՔՈ կուսակցության անդամ


Յուրա Իվանյան, Արամայիս Գրիգորյան
Յուրա Իվանյան, Արամայիս Գրիգորյան

Եթե քննիչը տեղյակ է այնպիսի հանգամանքի մասին, որը կողմնակի չեզոք դիտորդի մոտ կասկած կառաջացներ նրա անաչառության մասին, ապա պետք է ինքնաբացարկ հայտներ, ասում է արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ իրականացված ծառայողական քննությանը: Ըստ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Իվանյանը որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի քրեական գործում:

«Կողմնակի չեզոք դիտորդի մոտ դա կասկած է առաջացրել, էդ կասկածից է սկսվել էս ամբողջ պատմությունը, էդ կասկածը էնքան ողջամիտ է եղել, որ հարկ են համարել բացել ծառայողական քննություն, եթե էդ կասկածը ողջամիտ չլիներ, էդ քննությունը բացված չէր լինի։ Եվ ողջամիտ կասկածի առկայության դեպքում պարոն Իվանյանը պետք է ինքնաբացարկ հայտներ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Նահապետյանը:

Դեռ օգոստոսի վերջին հայտնի դարձավ Իվանյանի և Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը հաստատած բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապի մասին։ Ինքը Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել էր, որ Իվանյանն իր ազգականներից է։ Բնապահպաններն ահազանգեցին՝ արդյո՞ք Իվանյանը կարող էր օբյեկտիվ լինել, երբ քննում էր շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, որտեղ պետք է գնահատեր նաև ազգականի գործողությունները: Յուրա Իվանյանը հայտարարել էր՝ հանքի շահագործման ռիսկերը կառավարելի են:

Իվանյանի անաչառության հարցը ծառայողական քննության առարկա էր դարձել, որի արդյունքի մասին Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը երեկ հայտարարեց. - «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հստակ նշվում են, թե էդ բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է բացարկ հայտնի, կամ ինքնաբացարկ: Այդ իրենց ազգակցական կապի աստիճանը նշված չէ, ուստի զուտ իրավական առումով մենք որևէ խնդիր չունենք, խախտում չկա էդտեղ»:

Մինչդեռ Ամուլսարի հարցը ուշադրության կենտրոնում պահող «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչն ասում է․ - «Մերձավոր ազգականը տարբեր ընկալում ունի օրենսդրական դաշտի տարբեր հատվածներում: Դա արդարացված չի, և Դատական օրենսգրքում նման փոփոխությունը արդարացված չի, որովհետև մեր մշակույթում, մեր ազգային մենթալիտետում հորեղբորորդին բավականին մոտ բարեկամ է նրա գործը անաչառ քննելու համար, և ես պնդում եմ, որ դա էնպիսի հանգամանք է, որի մասին տեղյակ լինելով՝ պարոն Իվանյանը պետք է ինքնաբացարկ ներկայացներ, և էս համատեքստում է, որ պետք է անցկացվեր ծառայողական քննությունը և հանգեին որոշակի եզրակացությունների»:

«Էդ մնացածները, որ արդեն ոչ մի շահագրգռություն չի բացահայտվել և այլն, դրանք հայեցողական գնահատականներ են, որոնք, հա, հիմա ինչքան ասում են, էդ կողմնակի չեզոք դիտորդները մեր քաղաքացիներին են, թող մտնեն Ֆեյսբուքում նայեն՝ մեր քաղաքացիներին դա համոզո՞ւմ է, թե՞ չէ», - շեշտեց Միքայել Նահապետյանը:

XS
SM
MD
LG