Մատչելիության հղումներ

Յոթ տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք մեզ. Նիկոլ Փաշինյան


Կառավարությունն այս տարի 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, ինչն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բավական բարձր ցուցանիշ է ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլև եվրոպական տարածքում։

«Իհարկե, հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է և 7 տոկոս տնտեսական աճը այն ցուցանիշը չէ, որից մենք պետք է շատ երջանիկ զգանք մեզ։ Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են և կարող են դառնալ իրականություն», - ասաց Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը Սասունիկ համայնքում էր, որտեղ անցկացվեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը։ Մարզի գործարարների, ներդրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց՝ ներկայիս կառավարությունը բոլոր գործարարներին համարում է իր թիվ մեկ դաշնակիցն ու իրենց մեծագույն խնդիրն է համարում, որ գործարարներն իրենց պաշտպանված զգան։ Գործադիրի ղեկավարը վստահեցնում է՝ Հայաստանում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր և իշխանամետ գործարարների։

«Յուրաքանչյուր գործարար, ով Հայաստանի Հանրապետությունում քարը քարի վրա է դնում, աշխատատեղ է ստեղծում և գործում է օրենսդրական դաշտում, հարկ է վճարում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ամուր, պինդ կանգնի այդ գործարարի թիկունքին՝ անկախ նրա քաղաքական հայացքներից, անկախ համակրանքներից և հակակրանքներից։ Սա է տնտեսական հեղափոխության անկյունաքարային գաղափարներից մեկը», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ակնարկեց, որ ցանկացած քաղաքացի ազատ է՝ զբաղվելու այն գործով, ինչով ցանկանում է՝ սահմանափակումներ չկան, եթե ամեն ինչ օրենքի դաշտում է։

«Տասնյակ դեպքեր են եղել, երբ որ մարդը եկել է, ասել է՝ «ես սոխ եմ ներկրել, ինձ թույլ չեն տալիս ներկրել հանրապետություն», էսօր Հայաստանի Հանրապետությունում էդպիսի խնդիր չկա։ Սոխ, բենզին, ինչ օրինական է, իհարկե, որովհետև դեպքեր կան, որ մենք շատ խիստ ենք վերաբերվում, մենք խիստ ենք վերաբերվում այն դեպքերին, երբ գնում են այլ տեղերից էժան կոնյակ են ներկրում, հետո Հայաստանում ձևակերպում են, թե իբր խաղող են ներկրել, կոնյակ են ստացել և դրանից ինչ-որ արտահանում են», - ընդգծեց վարչապետը։

Գործարար դաշտում ներդրումներ ներգրավելուն, կապեր ձևավորելուն ու գործարարների խնդիրները վերհանելուն ուղղված համաժողովին 30 գործարար ներկայացրեց Արագածոտնի մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները։ Արագածոտնը 8-րդ մարզն է, որտեղ անցկացվում է համաժողովը։

«Մենք կարողացել են ստեղծել մի հարթակ, որտեղ գործարարը գալիս և լսում է կառավարության անդամների պատասխանները իր հուզող հարցերի համար, մի կողմից, մյուս կողմից՝ անձը, ով կարողանում է բիզնես միտք հղացնել, այդ միտքը կարողանում է կիսել հանրության հետ և գտնել դրա համար ներդրող, պոտենցիալ ֆինանսական ներդրում կատարող», - ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Իսկ թե համաժողովներից հետո որքա՞ն ներդրումային ծրագրեր են սկսվել կամ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է այդ մասով, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը դժվարանում է պատասխանել։ Ասում է՝ թվերի մասին հստակ կխոսի, երբ բոլոր մարզերում անցկացվի համաժողովը։ Բայց վստահեցնում է՝ ներդրումներ կան, այլ հարց է, որ դեռ որոշակի օրենսդրական խնդիրներ են առաջանում։

«Մեզ մոտ շատ լուրջ տնտեսական խնդիր է՝ գյուղատնտեսական հողի նշանակությունը փոխել Հայաստանի Հանրապետության համար էսօր, որ՞ն է կարևոր՝ պահո՞ւմ ենք գյուղատնտեսական հողը, թե՞ ուղղակի մի քանի տարի թույլ ենք տալիս, որ էդ հողերի կարգավիճակը փոխվի ու էդտեղ կատարվեն շինարարություններ և այլն։ Սա մի փոքր նաև ընդհանուր հայտարարի գալու խնդիր է», - նշեց Պապիկյանը։

XS
SM
MD
LG