Մատչելիության հղումներ

Իշխանությունները 2020 թվականին կկիրառեն անցումային արդարադատության գործիքակազմը


Armenia -- Government Session. 10Oct.,2019
Armenia -- Government Session. 10Oct.,2019

Այսօր գործադիրը հաստատեց դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը:

Ռազմավարական նպատկաներից մեկը, ըստ նախագծի հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումն է:

Ռազմավարության գործողությունների ծրագիրը ենթադրում է 2020 թվականին ձևավորել փաստահավաք հանձնաժողով, որը կզբաղվի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախատումների դեպքերի ուսումնասիրությամբ:

«Փաստահավաք հանձնաժողովը հավաքելու է մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում․ 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած ընտրական գործընթացներ, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, սեփականազրկումների այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ: Փաստահավաք հանձնաժողովի գործառույթները ներառելու են նաև դատական և իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը և այդ գործունեության գնահատականը տալը՝ անդրադառնալով նաև դրանց հիման վրա կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը», - ներկայացրեց Գրիգորյանը:

Հանձնաժողովը, ըստ ռազմավարության, լինելու անկախ և ինքնավար մարմին, կազմավորվելու է օրենքով, ունենալու է առավելագույնը 20 անդամ, գործելու է երկու տարի ժամկետով՝ ևս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ:

Ըստ փաստաթղթի, հանձնաժողովում ներգրավված են լինելու հեղինակություն վայելող անձինք: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են լինելու փաստահավաք գործունեության արդյունքում հավաքված տեղեկություններ:

«Հավաքված տեղեկությունների հիման վրա հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ», - նշեց փոխնախարար Գրիգորյանը:

Ռազմավարությամբ նախատեսվում են նաև սահմանադրական և ընտրական գործընթացների փոփոխություններ: Այդ նպատակով 2020 թվականի առաջին եռամսյակում կառավարությունը կստեղծի մասնագիտական հանձնաժողով, որը կներկայացնի սահմանադրական փոփոխություններ նախագիծը: Հանձնաժողովում պետք է ապահովվի նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացվածությունը:

Ռաֆիկ Գրիգորյան․ - «Սահմանադրությամբ առկա են մի շարք խնդրահարույց կարգավորումներ, որոնք, գտնում ենք, որ սահմանադրական հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձնի: Որպես օրինակ կարելի է մատնանշել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների լիարժեք բողոքարկման անհնարինությունը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության, խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը և այլն: Ընտրական օրենսդրության բարեփոխումների առաջնային նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական օրենսդրությամբ սահմանված համակարգի ինստիտուցիոնալ կայացումն է: Նախատեսվել են մի շարք գործողություններ, օրինակ՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում և այլն»:

Ռազմավարությամբ սահմանվում են բարեվարքության գնահատման չափանիշներ, որոնք պարտադիր են ոչ միայն դատավորների, այլև դատախազական ու քննչական մարմինների նկատմամբ:

Կոնկրետ գործողությունների շարքում է փորձաքննություն կատարող պետական բոլոր հաստատությունների միավորումը:

Այս կետին դեմ արտահայտվեց հատուկ քննաչկան ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը․ - «Հետագայում խնդիրներ կառաջանան կրկնակի և լրացուցիչ փորձաքննություններ կատարելու դեպքերում, հիմնականում կրկնակի փորձաքննությունների դեպքում»:

Նախագծի զեկուցող Արդարդատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հակադարձեց, ասելով, որ պատասխանատուն ստորագրող փորձագետն է , ոչ թե հաստատությունը:

Բացի այդ, Գրիգորյանի խոսքով, շատ դեպքերում կա մասնավորի առաջարկած այլընտրանքը․ - «Այսօր առավոտյան Փորձագիտական կենտրոնից հենց վիճակագրություն ուզեցինք, թե քանի տոկոս են կազմում կրկնակի փորձաքննությունների դեպքերը, և եթե չեմ սխալվում, մեկ տոկոսից ցածր տոկոս է կազմում: Այսինքն, մենք այն նպատակը, որ ուզում ենք դնել մեր առջև՝ կապված փորձագիտական ներուժը միավորելու և ավելի լավ հաստատություն ստանալու համար, կարծում եմ, կարելի է գնալ նաև այդ զիջումներին»:

Հիմնավորումները Սասուն Խաչատրյանին չբավարարեցին: Նա նկատեց, որ Հայաստանում օբյեկտիվ իրականությունն այլ է, և փորձագետը զերծ չէ հիմնարկի ղեկավարի ազդեցությունից․ - «Այդ փորձագիտական հիմնարկի ղեկավարը որոշակի ազդեցություն ունի փորձագետի վրա, և դա չկանխատեսել և հաշվի չառնել, կարծում եմ, իրատեսական չէ»:

Դատախազը, ոստիկապանապետի պաշտոնակատարը և Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև կառավարության մի շարք անդամներ ևս իրենց մտահոգությունները հայտնեցին ռազմավարության որոշ դրույթների հետ կապված:

Վարչապետը առաջարկեց ընդունել ռազմավարությունը, եթե տեքստի հետ կապված սկզբունքային հակասություններ չկան, և մտահոգություններին անդրադառնալ արդեն օրենսդրական մակարդակում:

XS
SM
MD
LG