Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Թուրքիայի ներխուժումը Սիրիա ապօրինի է, Հայաստանը դատապարտում է այն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, Երևան, 10-ը հոկտեմբերի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, Երևան, 10-ը հոկտեմբերի, 2019թ․

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողություններին:

«Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը, և մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Հիշեցնելով, որ Հայաստանը «Սիրիայում, Հալեպում իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը», Փաշինյանը հավելեց․ - «Եվ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ «իմաստ ունի, որ այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք և մտքեր փոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ»:

Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժումը դատապարտող հայտարարությամբ ավելի վաղ հանդես է եկել Հայաստանի արտգործնախարարությունը:

Թուրքիայի բանակը Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ է սկսել նախօրեին:

XS
SM
MD
LG