Մատչելիության հղումներ

Կառավարությունում մեկնարկել է պետական գերատեսչությունների 2020թ. բյուջետային հայտերի քննարկումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր մեկնարկել են պետական գերատեսչությունների 2020 թվականի բյուջետային հայտերի քննարկումները։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ քննարկումների արդյունքը պետք է լինի այն, որ 2020 թվականի պետական բյուջեն կլինի առավել արդյունավետ ու նպատակային, և դրա արդյունքները լինեն առավել կանխատեսելի:

Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Հաշվի առնելով նախորդ տարվա մեր փորձը և ընդհանրապես նախորդ տարիների այն փորձը, որը ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում՝ ընդհանուր առմամբ բյուջետային առումով պետք է արձանագրել, թե որն է մեր ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր ունենք. ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացումն է և կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը: Խոսքը վերաբերում է նրան, որ մենք այս և նախորդ տարի մի քանի անգամ ունեցել ենք իրավիճակներ, երբ պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու իմաստով: Այս տարի էլ մենք, ցավոք, ծախսային թերակատարման ռիսկի առաջ ենք կանգնած, բայց ուզում եմ ասել նաև, որ այս գործընթացը համարում եմ միանգամայն բնականոն: Ինչո՞ւ, որովհետև անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բյուջետային ծախսերի՝ բոլորիս հայտնի տրամաբանությունն էականորեն փոխվել է»:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը սկզբունքային խնդիր է համարում բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացումը, կոռուպցիայի և չարաշահումների բացառումը՝ շարունակելով. «Այս առումով մենք տեսնում ենք, որ պետք է ունենանք ինստիտուցիոնալ լուծումներ, որ գումարները ոչ միայն ծախսվեն և դառնան բյուջեի կատարողական, այլև ծախսվեն և դառնան իրականության մեջ արտահայտված, մեր քաղաքացիների կյանքի որակը, մեր երկրի տնտեսական աճի որակը և ընդհանարապես մեր երկրի տնտեսական մակարդակը փոխող քաղաքական և տնտեսական իրողություններ»:

Վարչապետի դիտարկմամբ, այդ ինստիտուցիոնալ լուծումների առումով նախատեսվում են կոնկրետ փոփոխություններ, մասնավորապես, գնումների համակարգում:

«Այն ոլորտներում, որտեղ ծախսերը կլինեն արդյունավետ, առաջանցիկ, գուցե այդ ոլորտների և ուղղությունների ֆինանսավորումը կփոխենք և կավելացնենք, որպեսզի, ինչպես արդեն ասացի, պետական բյուջեի միջոցների ծախսումը տնտեսական ազդեցության առումով ավելի արդյունավետ լինի», - ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Գործընթացի շրջանակում առաջինը քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումների հարցը և այդ համատեքստում համապատասխան գերատեսչությունների գնահատականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG