Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առավոտյան վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանն «Ազատությանը» փոխանցեց՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։
Թե ի՞նչ խնդիր ունի Ռոբերտ Քոչարյանն, առայժմ հայտնի չէ, բժշկական կենտրոնից չեն հայտնում, ասում են՝ անձնական տեղեկություն է։ Այդուհանդերձ, օրեր առաջ Մարտի 1-ի գործով նիստին ընդառաջ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ իր հայրը լուրջ խնդիր չունի։
Սահմանադրական կարգի տապալման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն «Ազատությանը» փոխանցեց՝ երկրորդ նախագահը դեռևս բժշկական կենտրոնում է, իսկ թե կմասնակցի Քոչարյանը Մարտի 1-ի գործով հոկտեմբերի 15-ին նշանակված նիստին, թե ոչ, Ալումյանը չի հստակեցնում։
«Պարզվում է, որ հաջորդ նիստը ամսի 15-ին է նշանակվել, ու մենք կարծում էինք, որ էդքան շուտ չի դնի՝ նկատի ունենալով Սեյրան Օհանյանի արտասահման մեկնելը: Եթե ամսի 15-ին, չեմ կարող ասել, դա արդեն բժիշկները պիտի ասեն, ընդ որում, ինձ թվում է, ելնելով դինամիկայից, էս պահին երևի անգամ իրենք չկարողանան ասել», - նշեց Ալումյանը։
Այնուամենայնիվ, փաստաբանն ասում է՝ վիրահատությունը Քոչարյանի խափանման միջոց կալանքին խոչընդոտ չի հանդիսանա. «Մինչև այս պահը մեր մտքով անգամ չէր անցել»։
Փաստաբանական խումբը վիրահատության պատճառով երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու միտք առայժմ չունի։