Մատչելիության հղումներ

«Երկրում հեղաշրջում է կանխվել, որի առանցքային դերակատարը պետք է լիներ Վանեցյանը»․ պատգամավոր


Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյան
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատված Արթուր Վանեցյանն իշխանության հետ խոսում է շանտաժի լեզվով: Եթե ունի տեղեկատվություն թող հրապարակի: Այսպես են իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն արձագանքում Նիկոլ Փաշինյանի լոսանջելեսյան ասուլիսին հաջորդած Վանեցյանի կոշտ պատասխանին:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքում է մասնավորապես Վանեցյանի այն մտքին, թե Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու», «Հրապարակ»-ին ասել էր Վանեցյանը:

«Հայաստանի Հանրապետությունում թե՛ կառավարությունը և թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն: Կարծում եմ, որ եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, ապա պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը», - նշեց Մակունցը:

Նույն խմբակցությունից պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը մեկուկես տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վանեցյան հայտարարության մեջ սպառնալիքի տարրեր է տեսնում և այն համարում է շանտաժ․ - «Պարոն Վանեցյանը ապացուցեց վարչապետի երեկվա ասածը, և կարծես թե շարունակաբար ուսադիրները աղբանոց նետելու փորձ է արվում: Ես կարծում եմ, որ պարոն Վանեցյանը արդեն երկրորդ անգամն է փորձ անում շանտաժի լեզվով խոսել իշխանությունների հետ, ինչը անընդունելի և անթույլատրելի է»:

Վարչապետն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությանն անդրադառնալով՝ ասել էր․ - «Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»:

Վանեցյանը իր հայտարարությունում հակադարձել է․ - «Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահ է, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հայտարաության հեղինակը Արթուր Վանեցյանը չէ․ - «Ես էլի խորապես համոզված եմ, որ Վանեցյանը չէր կարող այսպիսի ձևակերպումներով քաղաքական տեքստ շարադրել, և նորից կասկածի տակ եմ դնում այդ տեքստի՝ քաղաքական որոշ շրջանակների Փի-Ար-ով զբաղվող խմբի կողմից այն ի հայտ գալու իրողությունը: Սա խոսում է այն մասին, որ մեկուկես տարի առաջ հեղափոխություն հետո պատահական մարդիկ հայտնվել են հեղափոխության թիմում և ըստ էության ռումբ են դարձել հեղափոխության հենց ընդերքում և այսօր նրանք փաստորեն պաշտոնի բերմամբ իրենց կուտակած, իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը սպառնում են հանրայնացնել»:

Արման Բաբաջանյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի համեմատությունը խոսում է այն մասին, որ Վանեցյանի հեռացմամբ հեղաշրջում է կանխվել: Ըստ պատգամավորի, պատահական չէ պաշտոնանկությունից հետո Արթուր Վանեցյանի մոսկովյան այցը և Սերժ Սարգսյանի իշխանության առանցքային դեմքերից մեկի՝ Արա Սաղաթելյանի հետ հանդիպումը․ - «Այստեղ ավելի կարևոր է արձանագրել Նիկոլ Փաշինյանի պատասխանը այսօրվա հայտնի այդ հարցադրմանը և այն օրինակը, որ նա բերեց պուտչի վերաբերյալ: Ըստ էության, այլևս կարող ենք փաստել, որ երկրում իսկապես հեղաշրջում է կանխվել, և դրա կարևոր, առանցքային դերակատարը պիտի լիներ Վանեցյանը: Եվ եթե հետևում ենք Վանեցյանի պաշտոնանկությունից կամ պաշտոնից հեռացվելուց հետո նրա շփումների շրջանակը և նրա հայտնվելը Մոսկվայում, հայտնի նախկին իշխանավոր շրջանակներից մեկի կարկառուն ներկայացուցչի հետ , ինքնին վկայում է․․․ Նկատի ունեմ Արիկ Սաղաթելյանին, մարդ, ով առնվազն ուղղակի պատասխանատու է եղել նախկին իշխանության շատ կոնկրետ շրջանակի Փի-Ար տեխնոլորգիաների [համար] և նրա տեղեկատվական անվտանգությունն է ապահովել»:

Արթուր Վանեցյանը հորդորել է իրեն չկապել նախկինների հետ։ Հայտարարել, թե իր հրաժարականից հետո Փաշինյանը դեռ շարունակում է մարդիկ ուղարկել իր մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռի, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում է, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները:


Ընդամենը երկու ամիս առաջ Սահմանադրության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի առաջարկով գեներալ-մայորի կոչում ստացած Արթուր Վանեցյանը Փաշինյանին ռազմական գիտելիքներին էլ է անդրադարձել՝ մասնավորապես գրելով․ - «Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերեսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին»:

Այս առնչությամբ Բաբաջանյանն ասաց․ - «Նիկոլ Փաշինյանը պիտի վերադառնալուն պես ձեռնամուխ լինի անվտանգության համալիր միջոցառումներ ձեռնարկելու»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG