Մատչելիության հղումներ

«Ամուլսարի վերաբերյալ եզրահանգում չկա». անցկացվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ


Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 6-ը սեպտեմբերի, 2019թ.
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 6-ը սեպտեմբերի, 2019թ.

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մոտ երեք ժամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Ամուլսարի ոսկու հանքի հարցը քննարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի մի քանի բնակիչների, հետո էլ «Լիդիան ինթերնեյշնլ»-ի և «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենների հետ:

«Լիդիան Արմենիա»-ից «Ազատությանը» փոխանցեցին, որը հանդիպումը չեն մեկնաբանում: Չմեկնաբանելու որոշում են կայացրել նաև Ամուլսարից 10 կմ հեռու գտնվող Ջերմուկի ներկայացուցիչները: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց հանդիպման մասնակից Նազելի Վարդանյանը: Նրա խոսքով՝ նախ Փաշինյանն է իրենց փոխանցել վերջին նորությունները, հետո իրենք են վարչապետին ներկայացրել իրենց մտահոգությունները: Բովանդակային մանրամասներ ասաց՝ կփոխանցեն միայն վաղը, կառավարության հրապարակային հայտարարությանը ծանոթանալուց հետո նոր միայն:

Վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունները այնքան էլ խոսուն չեն. մասնավորապես ասվում է, որ անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին: Նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին որոշում կա, թե ոչ, հնարավոր չեղավ պարզել նաև այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստի ավարտին:

Վերջին շրջանում լրագրողների հետ շփումը սահմանափակած Փաշինյանն այս անգամ էլ հարցերի պատասխանել չցանկացավ: Լրագրողների հետ խոսեց միայն Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու վստահեցրեց, որ երեք ժամ շարունակ քննարկել են միայն Ամուլսարի հարցը՝ առանց վերջնական եզրակացության գալու:

«Սրություն չկա, շատ ավելի, էսպես ասած, համերաշխ, եթե էդ բառը տեղին է, անցել, լսել ենք կարծիքները և քննարկվել է [Ամուլսարի հարցը]», - նշեց Սիմոնյանը։

Լրագրողիների հարցին, թե ի՞նչ եզրահանգման են եկել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եզրահանգում չկա, որ եզրահանգում լինի, հանրությունը այդ եզրահանգման մասին կիմանա, և այդ բացության մասը մշտապես ապահովվում է»։

«Ազատության» հարցին՝ վարչապետը դիրքորոշում ներկայացրե՞լ է, թե՞ հիմնականում լսել է պատգամավորների կարծիքները, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Վարչապետը խոսեց, որից հետո տեղի ունեցան հարցերի գրանցում, պատգամավորները հարցեր ուղղեցին, վարչապետը պատասխանեց, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնպես ներկա էր, նույնպես պատասխանեց հարցերին»։

«Վարչապետի դիրքորոշումը հայտնի է, ինչ վերաբերում է խոսքին, խոսքն այն մասին էր, թե այսօրվա դրությամբ ինչ իրավիճակ է տիրում, այսինքն՝ ունենք էս եզրակացությունը, էս կարծիքը ունենք։ Նորման այն է, որ պետք է լինի նենց, որ Հայաստանի Հանրապետությունը վնաս չկրի թե՛ բնապահպանական առումով, թե՛ մնացած բոլոր առումներով։ Մեր համար որևիցե խնդիր չկա թե՛ Ամուլսարը աշխատացնելու, թե՛ Ամուլսարը չաշխատացնելու, եթե դա կապված է Հայաստանի Հանրապետության շահի հետ», - ասաց Սիմոնյանը։

Օրերս կառավարությունում «Էլարդ»-ի 8 փորձագետների, «Լիդիան»-ի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության պատասխանատու գերատեսչութունների և խորհրդարանական «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ տեսակոնֆերանս, որն ավարտվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր ՇՄԱԳ-ի կարիք կա։

Չնայած որոշման համար որպես վերջնաժամկետ սահմանվել էր սեպտեմբերի 4-ը, նոր ՇՄԱԳ անցկացնելու վերջնական որոշում դեռ չկա։

XS
SM
MD
LG