Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսն այսօր տապալվեց


Դահլիճ մտավ մանկական ուռուցքաբանության գծով Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանն ու ասաց, որ տեսախցիկների առջև ցանկանում է հարցեր ուղղել Արսեն Թորոսյանին:

Թորոսյանը հորդորեց Թամամյանին առանձին ասուլիս հրավիրել, իսկ երբ վերջինս շարունակեց պնդել, դադարեցրեց ասուլիսն ու հեռանալիս պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:

Մասնավորապես հայտարարեց, թե Թամամյանը «այլ շահեր» է հետապնդում՝ չմանրամասնելով․ - «Ես ոչ մի խնդիր չունեմ իրա հետ: Ինքը երևի ունի խնդիր իմ հետ, քանի որ ինչ-որ այլ շահեր ա հետապնդում: Չեմ ասի ում մասին է խոսքը: Թող ինքը ասի, եթե ուզում ա»:

Ասուլիսը կազմակերպվել էր հենց Արյունաբանական կենտրոնում, որտեղ աշխատում է Գևորգ Թամամյանը: Նախարարի հեռանալուց հետո Թամամյանի ճեպազրույցի ընթացքում դահլիճում մնացին հիվանդանոցի մոտ մեկ տասնյակ բժիշկներ: Դահլիճում էր նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Գևորգ Թամամյանը, որպես մանկական ուռուցքաբան և արյունաբան, նաև այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Թամամյանը հրապարակեց նախարարին ուղղված 12 հարց՝ ավելացնելով, որ նաև դրանք են պատճառ հանդիսացել, որ ինքը հեռացել է նախարարության խորհրդականի պաշտոնից․ - «Ինչպե՞ս էիք Ձեզ զգում, երբ ապրիլ ամսին Ուռուցքաբանական ազգային կենտրոնին հորդորել էիք հերթագրել քաղցկեղով հիվանդներին: Այդ մասին երեկ հայտարարեց նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Տանանյանը: Տեղյա՞կ եք, որ այդ ամիսների ընթացքում, որ հորդորել էիք հիվանդներին հերթագրել, քաղցկեղը տարածվելու ունակություն ունի, և խլում էիք տարբեր մարդկանց ապրելու վերջին շանսը: Պետպատվերի բաշխումն անելիս տարվա սկզբին, ինչպե՞ս եղավ, որ Ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն МРТ և КТ ծառայություններ, կրկնապատկեցիք: Ինչո՞ւ մասնավոր կենտրոնին մի միլիարդով ավելացրեցիք պետպատվերը՝ մոտավորապես սարքելով 2,7 միլիարդ: Մինչդեռ ամբողջ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը մի միլիարդի չի հասնում»:

Երբ Թամամյանն ավարտեց իր խոսքը, ասուլիսի սրահ մտավ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը: Լրագրողների հարցերին Դանիելյանը չպատասխանեց, բայց ասաց, որ ինքն էլ մտահոգություններ ունի:

Ի դեպ, նույն Արյունաբանական կենտրոնում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, երբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այժմ արդեն տնօրեն Սամվել Դանիելյանը պետք է ստանձներ հիվանդանոցի ղեկավարի պաշտոնը:

Արսեն Թորոսյանն ասուլիսի սրահը լքելիս Գևորգ Թամամյանին հիշեցրեց՝ ձեր հորդորով այստեղից հեռացավ նախկին տնօրենը:

Թամամյանը չհերքեց դա․ - «Կարծում եմ, նա հպարտ պետք է լիներ, որ կարողացավ այդ հորդորի հետևանքով հեռացնել նաև նախկին կոռումպացված տնօրենին»:

Գևորգ Թամամյանը պարբերաբար հղումներ էր կատարում նախարարի կողմից երեկ պաշտոնանկ արված Ուռուցքաբանական կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին: Կենտրոնը, ի դեպ, վերջերս է անցել նախարարության ենթակայության տակ:

Ասուլիսից հեռանալիս նախարարն ասաց, թե ամենաշատ բողոքներն այդ կենտրոնից են ստացել, բացի դա, Թորոսյանի խոսքով, Տանանյանը խոչընդոտել է միջազգային ներդրումներին: Թամամյանը հերքեց այդ պնումները:

Օրվա երկրորդ կեսին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թորոսյանն ասաց, իր նշած խոչընդոտն իրանցի ներդրողների հետ հարթվել է, որովհետև տեղեկություններ ունի, որ 50 տոկոս բաժնեմասը վերադարձվել է իրական սեփականատիրոջն ու քրեական հետապնդումը դադարեցվել է:

Արսեն Թորոյանն իր ուղիղ եթերում նշեց, որ իր կինը կենտրոն չունի, այլ բժշկական կենտրոններից մեկում ուղղակի տնօրեն է: Ընդգծեց, որ 2,7 մլրդ դրամ չի փոխանցվել կնոջ ղեկավարած կենտրոնին․ - «Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն մի քանի հարյուր միլիոն դրամ է, և տարբեր բժշկական կենտրոնների 5-10 մլն դրամի շրջանակներում պետպատվեր է հատկացվել՝ կապված հիվանդների հաճախելիությունից»:

Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե այս ամենի հետևում կանգնած է Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․ - «Այդ թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպված են Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի կողմից: Արմեն Մուրադյանի կողմից, ով իր պաշտոնը ժառանգություն էր ստացել կամ նվեր էր ստացել նախկին իշխանություններից ու շատ սարսափած է, որ կարող է կորցնել այս իշխանությունների ժամանակ: Այս ամեն ինչը սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ, երբ որ մենք ուզեցանք Երևանի պետական բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել՝ այդտեղից հանելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին և նշանակելով նոր մարդկանց»:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հոգաբարձուների խորհուրդի կազմը կառավարությունն է ձևավորում, և եթե դժգոհություններ կան, պետք է դիմել կառավարությանը:

Նա հիշեցրեց, որ վարչապետը նախորդ ամիս ասել է, որ ԵՊԲՀ-ն հայաստանյան միակ բուհն է, որը տեղավորվում է կրթական համակարգի մասին ունեցած իր պատկերացումներում:

Իսկ Թորոսյանի հայտարարությունը, թե իր դեմ սկսված արշավի հետևում Արմեն Մուրադյանն է կանգնած, Շուշան Դանիելյանը հերյուրանք որակեց․ - «Կարծում եմ, Առողջապահության նախարարը պետք դեռ երկար ճանապարհ անցնի, որ տարիներով սպիտակ խալաթ հագած բժշկի պաշտոնը որոշի՝ ժառանգությո՞ւն էր, թե՞ այդ պաշտոնը պարոն Մուրադյանը իրոք վաստակել էր իր անցած ճանապարհով»:

Հարցին, թե արդյոք ինքն անձամբ կամ ԵՊԲՀ-ն սատարում են Գևորգ Թամամյանին, Շուշան Դանիելյանն արձագանքեց․ - «Գևորգ Թամամյանը հայտնի բժիշկ է, և որպես անձ, որպես մարդ, այո, Գևորգ Թամամյանի կողքին եմ, սատարում եմ նրան»:

Ի դեպ, նախարարն իր խոսքում ասում էր, թե ԵՊԲՀ ռեկտորը հայտնի ընտանիքի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի:

Շուշան Դանիելյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Մուրադյանը նախկին նախագահ, այժմ մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դստեր հարսանիքի քավորն է:

«Այո, դա մե՞ղք է», - արձագանքեց Դանիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG