Մատչելիության հղումներ

Միանշանակ կողմ եմ Ամուլսարի հանքի շահագործմանը. Արամ Սարգսյան


«Չգիտեմ աշխարհում որևէ երկիր, որ ոտքի է կանգնել՝ առանց իր ունեցած բնական ռեսուրսները օգտագործելու», - «Ազատության» տաղավարում այսօր հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Ենթադրենք Ձեզ գումար է պետք: Դուք բակում ունեք կանգնած ամենավերջին մոդելի «Մերսեդես» ու հարևանից պարտք եք խնդրում: Չեն տա: Կասեն՝ մեքենադ վաճառի, առ», - հավելեց Սարգսյանը:

«Ազատություն»․ - Դուք ասել եք, որ ամեն օր չէ Հայաստանում 400 միլիոն դոլար ներդրող լինում, և դրանից չօգտվելը միանշանակ ծանր հետևանք է ունենալու: Սա ձեր կուսակցության հայտարարությունն է: Եթե սրան հակադրեմ, որ ամեն օր չէ, որ մենք Ջերմուկի պես ազգային հարստություն ենք ունենում, այդ հանգստյան գոտին այլևս այցելու չի ունենա, եթե վերածվի հանքարդյունաբերական շրջանի: Ի՞նչ պակաս հարստություն է, ներդրումն էլ արդեն արված է տարիներ շարունակ՝ հյուրանոցներ են կառուցվել և այլն:

Սարգսյան․ - 400 միլիոնի մասով: Ես ուզում եմ, որ մենք հստակ գնահատենք՝ մենք պատերազմական վիճակի մե՞ջ ենք, թե՞ ոչ: Իմ կարծիքով, միանշանակ մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք: Իմ կարծիքով, խնդիրները, որ կան Ղարաբաղի հիմնահարցի լուծման առումով, հայանպաստ դառնալու համար դեռ երկար ժամանակ էլ պատերազմական իրավիճակի մեջ ենք լինելու: Որ Ջերմուկով մենք բանակ ենք պահելու, պետություն, ես դա, կներեք, 88-ից եմ լսել: Ջերմուկով չենք պահել, այդ խնդիրը չենք լուծել: Կա երրորդ հանգամանքը: Նույն հայտարարության մեջ ասված է, որ էկոլոգիական ռիսկերը 21-րդ դարի պարագայում կառավարվում են: Այսօրվա հանք շահագործման նախագծերը ու այն նախագիծը, որ առաջարկվում է Ամուլսարի ենթատեքստում, հստակ արգումենտներ ունի: Նա այնքան է տարբերվում 60-ական թվականների հանք շահագործման նախագծերից, ինչքան, ասենք, պատվերով ժամանակին, երբ որ կոմուտատորով Մոսկվա էինք խոսում, այդ հեռախոսը՝ այսօրվա սմաթֆոնից:

«Ազատություն»․ - Այսինքն, համոզիչ է, որ քաղաքին, հանքային ջրերին, Սևանի ավազանին վտանգ չի սպառնում:Սարգսյան․ - Բազմաթիվ կազմակերպություններ՝ թե՛ էկոլոգիական կազմակերպություններ, թե՛ գիտական, այդ պատասխանը տվել են: Մասնագիտական հարց է, մասնագետներն այդ պատասխանը տվել են: Երկրորդ խնդիրը հետևյալն է, որ ինքը չի կարող ուղղակիորեն Ջերմուկի բնական ռեսուրսների վրա ազդել, որովհետև պայթեցման այն աշխատանքները, որոնք այդտեղ արվելու են, նման պայթեցման աշխատանքներ արդեն 74 թվականից արվում են Սոտքում, որը հենց Սևանի վրա նստած է, և Սևանի ջրի վրա որևէ ազդեցություն դա չի թողել: Ինչո՞ւ եմ ասում չի թողել: Որովհետև մենք ունենք Բնապահպանության նախարարություն, այսօր Շրջակա միջավայրի նախարարություն է: Այդ նախարարությունը պարտավոր է ամենշաբաթյա մշտադիտարկում անցկացնել ջրի, փոշու և այլնի, այդ ցուցանիշները ներկայացնել: Երբ որ ինքը չի ներկայացրել մինչև հիմա որևէ ցուցանիշ, որով այդ պայթեցումները ազդել են Սևանի վրա, հետևաբար չի կարող լինել, որ ազդեն Ջերմուկի ջրերի վրա: Այսօր կա փաստաթուղթ, որը ասում է, որ չի կարող ազդել, որ էդ պայթեցումները ու Ջերմուկի ջրերի խորությունները, որտեղից Ջերմուկի ջրերն են դուրս գալիս, իրարից շատ հեռու են, ընդհանուր ճաքեր չկան, ընդհանրապես հոսքի տեղ չկա: Երկրորդ, պոչահանքեր, որոնք արվում են, արվում են բացարձակ նոր տեխնոլոգիաներով, նոր մեթոդներով: Հայաստանում որևէ պոչահանք նման նախագիծ չի ունեցել, ինչպես այսօր առաջարկվում է: Ես ապրում եմ Արարատում: Իմ տունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչահանքին կպած է, որտեղ որևէ մեկուսացում արած չկա: Պետք չէ ոսկու արդյունահանումը ներկայացնել որպես աշխարհի վերջ:

Նիկոլ Փաշինյանից սպասում եմ կամային որոշում՝ ցանկացած որոշում, որը կամային է: Իր որոշումը ես կքննադատեմ, թե էդ որոշման կողմնակիցը կլինեմ՝ էդ իմ խնդիրն է:

«Ազատություն»․ - Այդպիսի մի կամային որոշման իրագործումը կարող է լինել այսպիսի ճանապարհով, որ հանրային կոնսենսուս չկա, ուստի ոստիկանական ուժերով պիտի ցուցարարներին հեռացնեն, հանքը շահագործեն:

Սարգսյան․ - Կամային որոշումը կարող է նաև այդպիսի հետևանքներ ունենալ: Ընդհանրապես ես չեմ հասկանում առայսօր հանք գնացող ճանապարհը ինչպես է փակվել:

«Ազատություն»․ - Եվ, կներեք, Փաշինյանի վարկանիշն էլ պարզ է ինչ կլինի այդ պահին․․․

Սարգսյան․ - Եթե մտածում ենք վարկանիշի մասին, ես այս բաները չպիտի ասեի: Եթե մենք մտածում ենք պետություն, պետականություն ունենալու մասին, ուրեմն ճանապարհներ փակելը դա քրեորեն պատժելի արարք է: Իսկ եթե համարում ենք, որ ճանապարհներ փակելը քրեորեն պատժելի արարք չէ, որովհետև Փաշինյանին կարելի էր, մեզ էլ է կարելի՝ այդտեղից արդեն պետությունը պրծնում է: Ես դա Փաշինյանի «Քայլ արա»-ի ժամանակ էլ եմ ասել, որը ոչ պոպուլյար է եղել, տակը ինչ ասես գրել են: Հիմա էլ եմ դա ասում: Կա գիծ, որը պիտի դնես՝ դու պետություն ես, թե պետություն չես: Եթե պետություն ես, քո օրենքում գրել ես, որ սա քրեորեն պատժելի արարք՝ միջպետական ճանապարհներ փակելը, արտադրողների արտադրական հնարավորությունները խոչընդոտելը, ինչին պետությունը թույլատրություն է տվել: Այսինքն՝ փակում ես ու ոչ մի բա՞ն: Այստեղ վերջանում է պետությունը:

«Ազատություն»․ - Հանրաքվեի մասին․ Փաշինյանն է չէ՞ հրապարակից ագորա հռչակել, ասել է՝ տեղական կամարտահայտության ինստիտուտը զարգացնելու ենք և այլն: Հիմա ի՞նչ վատ է, որ ջերմուկցին ինքը որոշի՝ ուզո՞ւմ է հանքի տակ ապրել, թե ոչ:

Սարգսյան․ - Հայաստանցին՝ Հայաստանի բոլոր ավաններով, գյուղերով, այս կառավարությանը քվե է տվել, որ այդ կառավարությունը ծրագիր ներկայացնի: Այդ ծրագիրը կարող է ինչ֊որ տեղ ջերմուկցու սրտով չլինի կամ արարատցու սրտով չլինի, բայց դա Հայաստանինը լինի, ներառյալ՝ Ղարաբաղինը: Ու այստեղ ջերմուկցու հանրաքվեով չի միայն: Հանրաքվեն արված է՝ խորհրդարանական ընտրություններով: Ինքը տիրապետում է ազգային անվտանգությունից սկսած մինչև տեղական ինքնակառավարություններից եկող ամբողջական ինֆորմացիային: Ինքը այդ ամբողջ ինֆորմացիան պիտի ծանրութեթև անի ու ասի՝ գիտեք ինչ, ես ծանրութեթև եմ արել ու ճիշտը սա է, որովհետև սա ապագայում ապահովում է այս ու ես գնում եմ այս քայլին: Կամ ասի՝ ես ծանրութեթև եմ արել ու համարում եմ, որ նախկինում ինչ արված է, սխալ է արված, ես իմ վրա եմ վերցնում այն պատասխանատվությունը, որ դատարանում դատվենք էլ, որ մի միլիարդ վնաս տան, որ ձեր աշխատավարձերը կիջնի էսքան, որ չեք կարող բարձր թոշակների, կրթական վճարների և այլնի խնդիրը բարձրացնել, որովհետև ունենք էս խնդիրը, որովհետև պարտվել ենք, պիտի գումարներ մուծենք, բայց դա ավելի ճիշտ է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG