Մատչելիության հղումներ

Ջանջուղազյան․ Ամուլսարը չշահագործվելու դեպքում «բյուջեի մակրոկանխատեսումներից շեղման ռիսկ» չկա


ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան

«Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում ըստ առանձին վերցրած ընկերությունների, եկամուտների կանխատեսումը կատարվում է՝ հիմք ընդունելով ընդունելով վիճակագրությունը և մակրոցուցանիշները», - ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ամուլսարի հանքը չշահագործումը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ շարունակելով․ - «Հետևաբար առանձին վերցրած որևէ կազմակերպության ազդեցության վերաբերյալ դատողությունը տեղին չէ: Իսկ թե ինչ չափով կարող է ազդեցություն ունենալ, նույն այն չափով, ինչ չափով որ կունենար դրական ազդեցություն աշխատելու դեպքում, և նույն չափով պակաս կլինի այդ ազդեցությունը չաշխատելու դեպքում»:

Նախարարը հավելեց, որ իրենք նաև կարծում են, որ հանքը չշահագործվելու դեպքում չկա «բյուջեի մակրոկանխատեսումներից շեղման ռիսկ»:

Հարցին, թե ինչպիսին է իր կարծիքը Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելու վերաբերյալ, նախարարը պատասխանեց, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանով. - «Ընդհանրապես որևէ տնտեսավարող սուբյեկտի աշխատել կամ չաշխատելը ունի՞ ազդեցություն: Իհարկե, չի կարող չունենալ ազդեցություն թե՛ աշխատելը, թե՛ չաշխատելը: Աշխատելու դեպքում ամեն դրական տեղաշարժը իր հետևից դրական սպասումներ է ձևավորում, հետևաբար նաև պոտենցիալը աճեցնում է, և հակառակը, չաշխատելու դեպքում՝ բացասական սպասումներ, հետևաբար նաև ուղղակի ազդեցությունը չի այստեղ միայն կարևոր, այլ նաև անուղղակի, ոչ անմիջական ազդեցությունները»:

Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ արտահայտվողները հիմնականում շեշետադրում են տնտեսական հնարավոր ռիսկերի հարցը:

Արտախորհրդարանական «Հանրապետություն» կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ մասնավորապես կարդում ենք․ - «Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք ոչ միայն կողմ ենք նրա շահագործմանը, այլև գտնում ենք, որ վաղուց ժամանակն է Չարենցավանում՝ սև, իսկ Սյունիքում՝ գունավոր մետաղների մետաղաձուլական գործարաններ ունենալու»:

«Հանրապետություն»-ը համարում է, որ պետությունը պետք է հանքարդյունաբերող ընկերությունների պայմանագրային պարտավորությունների մեջ ավելացնի կետ՝ պարտադրելով իրենց ստացած արդյունքի 40 տոկոսը, առաջնայնության սկզբունքով, վաճառել Հայաստանի ներսում գործող ներկա և ապագայում ձևավորվելիք արտադրական ընկերություններին․ - «Դա վստահաբար հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավվել և բարձր տեխնոլոգիական արտադրանք ու լավ վճարվող աշխատատեղեր ստեղծել»։

Իսկ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է․ - «Ամեն օր չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ 400 միլիոն դոլարի ներդրում են անում ու դրանից չօգտվելը միանշանակ ծանր հետևանք է ունենալու»:

Այսօր այս թեմայով ֆեսբուքյան գրառում էր կատարել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ սա այն հարցը չէ, որը պետք է դրվի հանրաքվեի:

Թունյանը մեկ անգամ չէ, որ կողմ է արտահայտվել հանքի շահագործմանը և, ինչպես գրառման մեջ է ասել, չի վախենում ոչ պոպուլյար հայտարարություններ անելուց:

Իշխանական պատգամավորը մասնավորապես գրել է․ - «Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետև կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։ Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։ Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հանքի շահագործման դրական կողմերի մասին խոսել էր նաև Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ում խոսքով, մինչև հանքի շահագործումը «Լիդիան Արմենիա»-ն պատրաստվում է 130 միլիոն դոլարի ներդրում անել։

Ընկերությունն արդեն իսկ 350 միլիոն դոլար է ներդրել։

Նաև արդեն հաշվել են, որ եթե Ամուլսարը գործի, «Լիդիան Արմենիա» ընկերությունը կընդգրկվի 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ վճարելով տարեկան 45-50 միլիոն դոլարի հարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG