Մատչելիության հղումներ

Անօթևանության և տնակների հաշվառման աշխատանքային խումբը նիստ անցկացրեց Գյումրիում


Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն այսօր հերթական նիստն անցկացրեց Գյումրիում:

Անօթևանների խնդիրներով զբաղվող «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը Ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների բնակարանով ապահովելու այլընտրանքային տարբերակ առաջարկեց, մասնավորապես, որ անօթևան ընտանիքին ոչ թե բնակարանների գնման վկայագիր տրամադրվի, այլ պետությունը բնակարանը ձեռք բերի ու հատկացնի նրանց: Բնակարանների գնման վկայագրի տրամադրմանը Թումասյանը դեմ է, քանի որ ժամանակին այդ նույն ծրագրից օգտված անօթևան 100-ավոր ընտանիքներ կրկին հայտնվել են տնակում:

«Հարյուրավոր ընտանիքների տրվեցին ԲԳՎ֊ներ, բայց բնակարան չգնեցին, այլ կեղծ գործարքի մեջ մտան և դուրս հանեցին գումարը, վատնեցին և ոչ մի տուն չունեցան՝ հիմա մնացել են տնակներում», - պարզաբանեց Թումասյանը:

Անօթևանության խնդրի լուծման համար Քաղաքաշինության կոմիտեն էլ է տարբերակ առաջարկում, որ տեղում հող հատկացվի և հիպոթեքային վարկով ընտանիքն իր տունը կառուցի․ - «Վստահաբար կլինեն ընտանիքների թեկուզ փոքր խումբ, որոնք կստանան վարկ և մենք առաջարկում ենք աղետի գոտու համար որոշակի բացառություններ նախատեսել՝ ավելի արտոնյալ պայմաններ»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հաջորդ տարի մայրաքաղաքից դուրս հիպոտեկային շուկան ակտիվացնելու նպատակով մեկնարկող մեկ այլ ծրագրի մասին հայտարարեց․ - «Վարչապետի հետ խորհրդակցելուց հետո մենք մի ծրագիր ենք սկսում բոլոր քաղաքներում՝ փոքր քաղաքներում մեկական շենքեր՝ 4-5 հարկանի: Այդ տները շատ արագ պիտի կառուցվեն՝ մի տարվա ընթացքում է պլանավորված: Եթե ծրագիրը հաջողվեց՝ դա կունենա շարունակական ընթացք»:

Աղետի գոտում հաշվառվել է 7000-ից ավելի ժամանակավոր կացարան: Դրանց ապամոնտաժման մեխանիզմներն ու իրավական կարգավորումները դեռ չեն մշակվել։

Հիշեցնենք՝ կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց աղետի գոտում 453 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար: Դրանք գյուղական բնակավայրերի այն ընտանիքներն են, որոնք որպես շահառու ճանաչվել են տարիներ առաջ և նրանց նկատմամբ պետությունը պարտավորությունը չէր կատարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG