Սահմանադրական դատարանը, կասեցնելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին վերաբերող երկու դիմումների վարույթները և դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով, ակնկալում է խորհրդատվական կարծիք ստանալ եվրոպակական այս կառույցներից: Խոսքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի երկու առանձին դիմումների մասին է, որոնցով երկուսն էլ ՍԴ-ից խնդրում են պարզաբանել սահմանադրական կարգը բռնի տապալելու հոդվածի սահմանադրականությունը:
Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենց այս քայլը նշանակում է, որ իրենք չեն կողմնորոշվում՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը տապալելուն վերաբերող 300.1 հոդվածը համապատասխանո՞ւմ է Հայաստանի սահմանադրությանը, թե՞ ոչ։
Ալվինա Գյուլումյանը գործընկերների՝ Արման Դիլանյանի, Ֆելիքս Թոխյանի, Արայիկ Թունյանին, Աշոտ Խաչատրյանի, Հրանտ Նազարյան, Արևիկ Պետրոսյանի հետ միասին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ որպես զեկուցողներ ներառվել են Քոչարյանի գործին առնչվող դիմումի քննությանը։
«Դե իհարկե, դեռ վերջնական մենք չենք կողմնորոշվում: Մեզ պետք է ունենալ նաև այդ կազմակերպությունների կարծիքները: Իսկ ո՞վ է ասում, որ էս պահին որևէ դատարան կարող է կողմնորոշվել, մինչև բոլոր կողմ և դեմ հարցերը չպարզաբանի իր համար», - նշեց Գյուլումյանը:
Դիտարկմանը, թե այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնողներ կան, ՍԴ անդամն արձագանքեց․ - «Սահմանադրական դատարանը միշտ վեր է կանգնած եղել քաղաքական ենթատեքստերից, համենայն դեպս՝ իմ մասնակցությամբ գործերով»:
Դեռ հուլիսի 8-ին Բարձր դատարանը որոշում էր կայացրել վարույթ ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը և դատաքննության օր էր նշանակել օգոստոսի 20-ը։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։
Նույնաբովանդակ պահանջով ՍԴ դիմել էր նաև մեղադրյալ Քոչարյանը: Բարձր դատարանը այս դեպքում ևս վարույթ էր ընդունել դիմում՝ դատաքննության օր նշանակելով օգոստոսի 29-ը:
Քոչարյանը, բացի իրեն մեղսագրվող հոդվածի սահմանադրակությունը որոշելու հարցից, նաև խնդրում էր քննել իր խափանման միջոցի սահմանադրականության հարցը: Դատարանը այս հարցը ևս պետք է քննության առնի:
Հարցին, թե արդյոք նման որոշում կայացնելու համար առիթ դարձավ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ հանրության մի հատվածը չի վստահում նախորդ իշխանության օրոք նշանակված անդամներին և նրանց հեռացումն է պահանջում, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց․ - «Ինձ համար, անկեղծ ասած, էդ հանրության մի մասը․․․ Ցանկացած հարցում կարող են լինել տարբեր կարծիքներ, մյուս կարծիքի կրողները դեռևս հանրության մի մաս չեն: Հանրության առանձին անհատներ, հանրության առանձին անդամներ»:
2008-ի մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։ Մինչ այդ, Ռոբերտ Քոչարյնաի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ բարձր դատարանը ճիշտ որոշում է կայացրել՝ հաշվի առնելով ՍԴ-ի նկատմամբ ձևավորված վերաբերմունքը․ - «Իմ կարծիքով, էստեղ էդքան էլ իրավական բնույթի հարց չի, որքան քաղաքական: Որովհետև անընդհատ անվստահություն է սերմանվում էն մարմինների նկատմամբ, ում որոշումից է կախված գործի ընթացքը։ Օրինակ, երբ գործը գնում է դատարան, սկսում են վեթինգից խոսել։ Հիմա կարծես թե էդ ճնշումները էս դեպքում իրենց ազդեցությունն են տալիս։ Նման կարևորության գործով ունենալով այսպիսի իրավական գործիք, որպեսզի որևէ կասկած չմնա դատական ակտի իրավաչափությանը, ճիշտ է վարվել»:
Ըստ Հովհաննես Խուդոյանի, Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը պետք է սպասի վճռաբեկ բողոքների շուրջ գործողություններ իրականացնելուն՝ մինչև ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից պատասխան գա, ինչի հիման վրա էլ ՍԴ-ն քննություն անցկացնի, հետո որոշում կայացնի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։
Նույն կարծիքը հայտնեց նաև ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։
Քոչարյանի փաստաբանական թիմն օրերս վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախկին նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ:
Մեկ այլ վճռաբեկ բողոք վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելուն: