Մատչելիության հղումներ

ԱԺ պատգամավոր․ Քոչարյանը տարրական հնարք է կիրառում՝ ցույց տալու, թե ենթարկվում է քաղաքական հետապնդման


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով, ընդդիմադիր հավակնությունների մասին հայտարարող Ռոբերտ Քոչարյանը քաղաքական տարրական հնարք է կիրառում՝ ցույց տալու համար, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

«Իրա նպատակը էն ա, որ չհայտնվի բանտում: Կամ եթե հայտնվում ա բանտում, ժողովրդին ասի, կամ միջազգային հանրությանը, որ էս ամեն ինչը քաղաքական հետապնդման արդյունք է: Հետո իրա նպատակը շատ պարզ, հասկանալի ա: Որովհետև հակառակ դեպքում ինքը որպես քաղաքական գործոն կարար հինգ տարի առաջ էլ դրսևորվեր, յոթ, ութ, ինը տարի առաջ: Ինչ անենք Սերժ Սարգսյանը իրա ընկերն էր և ընկերն է: Հետևաբար ինքը քաղաքական ամբիցիաներ չունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղազարյանը:

Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան

Իր անվան հետ կապվող «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահը երեկ հայտարարել է, որ լինելու է այս իշխանության հակառակորդը: Ի դեպ, Քոչարյանը անպատասխան կամ, ինչպես ինքն է ձևակերպել՝ «բաց» է թողել հարցը՝ կցանկանա՞ր կրկին գալ իշխանության․ - «Մոտեցումների տեսանկյունից ասօր ձևավորվում է «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափը: Հիմա էդ կոնսենսուսը արդյունքում ինչ կարգի միավորման գործընթացների կենթարկվի, ես չգիտեմ: Ես հաստատ լինելու եմ այս դաշտում, բայց գործընթացները ցույց կտան, թե ինչ դերակատարություն կունենամ ընդդիմադիր դաշտում»:

Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ մի քանի տարի հետո ժողովուրդը որոշակիորեն փոխի իր վերաբերմունքը այսօրվա իշխանության հանդեպ, բայց այլընտրանք, համոզված է, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին չի համարի․ - «Ինքը շատ լավ գիտի, որ ժողովուրդը իրա հետևից չի գնա, ինքը շատ լավ գիտի, որ ինքը երբեք չի սիրել ժողովրդին, ինքը շատ լավ գիտի, որ ինքը ժողովրդին օգտագործել ա հատկապես իր շրջապատի հարստացման համար: Ժողովրդի հիշողությունը կարճ չի, և դա անհնարին կլինի»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք կարո՞ղ են Քոչարյանի շուրջ համախմբվել նախկին իշխանության օրոք հարստացած գործարարները, Աղազարյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ Սամվել Ալեքսանյանը հիմա շատ լավ վիճակում է գտնվում: Ավելի լավ չի՞ ինքը աշխատի, ստեղծի, հարկերը վճարի, արարի, քան թե լինի ինչ-որ մեկի լակեյը: Էն ժամանակ էդ իրավիճակն էր: Պրեզիդենտը գագաթն էր, իրանից մի մակարդակ ներքև բոլորը իրա լակեյներն էին, նրանից ներքևները ունեին իրենց լակեյները, ու էդպես մինչև գյուղապետեր, մինչև թաղապետեր»:

Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյան

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը անհնար է համարում, որ Քոչարյանին հաջողվի դառնալ ընդդիմադիր քաղաքական գործոն․ - «Ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում: Կարծում եմ, որ այն մարգինալ ուժերը, ովքեր որ մերժվել են մեկ տարի առաջ, «փաթեթով» են մերժվել նրանք, իրենց վերակենդանացումը կարող են և կապել Ռոբերտ Քոչարյանի հետ: Այն իսկապես քաղաքական ուժերը, ովքեր հասկանում են նոր Հայաստանի խաղի կանոնները, երբ այլևս ընտրությունները պիտի տեղի ունենան բացառապես այն պայմանների մեջ, որը այլևս ամրագրված է գործող իշխանության կողմից, կարծում եմ, որ ինքնասպանության չեն գնա և իրենց քաղաքական գերեզմանը չեն փորի Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությամբ»:

Բաբաջանյանը բացառում է, որ «Լուսավոր Հայաստանը» Քոչարյանի հետ կհամագործակցի:
Նրա կողքին, կարծում է, կարող են կանգնել բոլոր այն ուժերը, ովքեր երբևէ չեն խորշել պատասխանատվություն կիսել թե՛ նրա, թե՛ Սերժ Սարգսյանի հետ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Դաշնակցությունն ու ՕԵԿ-ը․ - «Այն քաղաքական ուժերը, ովքեր չունեն մեծ հաշվով գաղափարախոսություն, չունեն հավատամք, չունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ քաղաքական նպատակադրում, ինչու չէ, ես կարծում եմ, որ նրանք հենց Ռոբերտ Քոչարյանի ամենահարմար սպասարկողները կլինեն, նրա նպատակների և քաղաքական հավակնությունների»:

Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պնդեց, որ իրենց օրակարգում Քոչարյանին միավորվելու հարց չկա․ - «Լուսավոր Հայաստանի» իմ շատ հարգելի գործընկերոջը՝ պարոն Բաբաջանյանին հորդորում եմ չտոչորվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անելիքների հետ կապված կանխատեսումներով: Մեր օրակարգում նման հարց չի եղել և չկա այս պահին ևս»:

Հարցին, թե արդյոք բացառո՞ւմ է, որ ապագայում էլ չի լինի, Տոնոյանն արձագանքեց․ - «Ես երբևէ կանխատեսումներով չեմ զբաղվում, առավել ևս՝ քաղաքական կանխատեսումներով: Վերահաստատում եմ ևս մեկ անգամ այն, ինչ ունենք՝ մեր օրակարգում Ռոբերտ Քոչարյանի հետ միավորման որևէ հարց չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG