Մատչելիության հղումներ

«Սաստեքս»-ը աշխատակիցների հետ նոր պայմանագրեր կկնքի. Շինարարության գծով տնօրենը հանդիպեց բանվորների հետ


«Սաստեքս» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան, Գյումրի, 31-ը մայիսի, 2019թ.
«Սաստեքս» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան, Գյումրի, 31-ը մայիսի, 2019թ.

Աշխատանքային կոմբինեզոններ արտադրող «Սաստեքս» ընկերության աշխատակիցները անցած շաբաթվա վերջին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր առավոտյան աշխատանքի էին գնացել, սակայն գործարանի դռները նրանց առջև չէին բացվել:

«Սաստեքս»-ի գերին ենք, որ ասում եմ, ինչի՞ չեք հավատում», - ասաց աշխատակիցներից մեկը։

Աշխատակիցները մի քանի ժամ սպասեցին՝ հասկանալու, թե գործատուն ինչ հիմնավորմամբ իրենց թույլ չտվեց աշխատել: Ավելի ուշ տնօրինությունից միայն շինարարության գծով տնօրեն Ներսես Տասչյանը բանվորների հետ հանդիպեց՝ ասելով, որ աշխատանքային նոր պայմանագրեր են կնքվելու:

«Ես ուզում եմ պայմանագիրը ստորագրի ամեն մարդ․ իմանա ինչի համար է գալիս այստեղ, ինչքան պիտի ստանա, ամեն 10 օրը մեկ իմանա ինչքան պետք է ստանա», - նշեց Տասչյանը։

Անհասկանալի ցածր աշխատավարձի ու աշխատանքային անմարդկային պայմանների մասին բարձրաձայնած աշխատակիցները կարծում են՝ «փափուկ բարձ են դնում իրենց գլխի տակ»: Վստահ են, որ նոր պայմանագիրը գործարար Քրիստիան Գելեջին կրկին հօգուտ իրեն կկնքի:

«Նոր պայմանագրով պիտի հինգշաբթի օրը գանք, թե ինչ պայմանագիր է, ինչ կետեր է, դա էլ արդեն հարց է», - ասացին նրանք։

Աշխատակիցները հարց տվեցին՝ եթե իրենց նախորդ պայմանագրի մեկ տարվա ժամկետը չի լրացել, ինչպե՞ս են նորը կնքում:

«Եթե երկրորդ պայմանագիր պետք է կնքվի, իսկ առաջի՞նը ինչ պետք է անենք», - նշեց աշխատակիցներից մեկը։

Անցած տարեվերջին բացված ընկերության պայմանագրերում կար մի բանաձև, որով և կատարվելու էր գործավարձով աշխատավարձի հաշվարկը: Թե ի՞նչ բանաձև է և ինչպե՞ս է այն կազմվել, աշխատակիցներից և ոչ մեկը տեղյակ չէր: Բողոքողները պնդում են, որ իրենց համար այդ անհասկանալի բանաձևի պատճառով է, որ իրենք նույնիսկ նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը չեն ստանում:

Ավելի ուշ աշխատակիցները Շիրակի մարզպետին ներկայացրեցին այն խնդիրները, որոնց բախվել են մի քանի ամիս աշխատելով:

Մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօր կայանալու էր հանդիպում գործատուի հետ, սակայն անհասկանալի պատճառով այն նախ հետաձգվել է, հետո էլ զանգել ասել էին, որ հանդիպման չեն կարող գալ: Այս հանգամանքը մտահոգել էր մարզպետին:

«Անկեղծ` շատ կուզենամ նաև տնտեսվարողին տեսնել, հասկանալ մոտեցումը, որովհետև սա խուսափողական մոտեցում է. էսօր կգանք, չենք գա։ Էդ մեզ համար էլ հասկանալի չի և էդ նշանակում է, որ խնդիրը շատ ավելի խորն է», - նշեց մարզպետը։

Աշխատակիցները կրկին հայտարարեցին, որ իրենց այսօր ևս լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու համար սպառացել են, թե աշխատանքից կազատեն:

«Ասեց՝ «վաղը չգաք գործի, ազատված եք աշխատանքից հենց կոնկրետ հարցազրույց տալու համար», - ասացին աշխատակիցները։

Տիգրան Պետրոսյանը «Սաստեքս»-ի աշխատակիցներին հորդորեց չվախենալ, այլևս անցել են այդ ժամանակները: Որոշվեց ստեղծել խումբ, որը Աշխատանքի տեսչության, իրավապաշտպան հասարարական կազմակերպությունների հետ համատեղ կաշխատի, որպեսզի գործատուն չփորձի աշխատակիցների իրավունքները ոտնահարել:

«Շուտով նաև ձեզ կմոտենա Աշխատանքային տեսչության խումբը՝ ձեզ շարունակական իրավախորհրդատվություն իրականացնելու, ձեր աշխատանքային պայմանների հետ կապված և այս պայմաններում ձեր իրավունքների և պարտականությունների և տարբեր այլ մոտեցումների հետ կապված», - ասաց Պետրոսյանը։

Մարզպետը խոստացավ, որ բոլոր խողովակներով կփորձի հարցը բարձրաձայնել կառավարությունում, քանի որ ներդրումային փաթեթը կնքվել է հենց գործադիրի հետ:

«Սաստեքս»-ի սեփականատեր Քրիստիան Գելեջին անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը, նրա գործարանում աշխատողներն ասում են՝ նույնիսկ Հայաստանում չէ:

Ի դեպ, նույն գործարարը կարի արտադրամաս ունի նաև Ամասիայում, որ մի քանի տարի առաջ է բացվել: Այստեղ ևս պարբերաբար աշխատակիցները դժգոհում են ցածր աշխատավարձից: Որոշ աշխատողներ նույնիսկ պնդում են՝ եղել են ամիսներ, որ 5-10 կամ 15 հազար դրամ աշխատավարձ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG